Ուկրաինայի գլխավոր դատախազը երաշխավորել է Գիա Ծերծվաձեի ազատ արձակումը բանտից" />

Վրացի նախկին հատուկջոկատայինը կարող է ազատ արձակվել արդեն վաղը

Ուկրաինայի գլխավոր դատախազը երաշխավորել է Գիա Ծերծվաձեի ազատ արձակումը բանտից

Վրացի նախկին հատուկջոկատային Գիա Ծերծվաձեն հինգշաբթի ազատ կարձակվի բանտից: Այդ մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիվի Թարգամաձեն: Նրա խոսքով, այդպիսի երաշխիքներ է իրեն տվել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:

Գիվի Թարգամաձեն նշել է, որ Լուցենկոն «Վրացական լեգիոնից» (Հակաահաբեկչական գործողության գոտում վրացի կամավորներին միավորող կազմակերպություն) սպասում է այն բանի գրավոր հաստատմանը, որ Գիա Ծերծվաձեն իրոք հակաահաբեկչական գործողության մասնակից է, որը հիմք կհանդիսանա Ծերծվաձեին նախնական կալանքից ազատելու համար: Թարգամաձեն Ֆեյսբուքում հրապարակել է Յուրի Լուցենկոյի հետ իր նամակագրության սքրինշոթերը:

Փոխգնդապետ Ծերծվաձեի հարցով չորեքշաբթի երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, որը կոչ է արել քաղաքական գործիչներին զերծ մնալ այդ թեմայի շահարկումներից:

«Վրաստանը չի հանձնում իր քաղաքացիներին, և դա հստակ ամրագրված է մեր օրենսդրությունում, այդ դիրքորոշումն աբողջությամբ կիսում է վարչապետը», – հայտարարել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ծերծվաձեի գործով ընդդիմությունը խստորեն քննադատում է իշխանություններին և մեղադրում նրանց անգործության համար: Խորհրդարանական փոքրամասնությունը պահանջել է, որ խորհրդարան գան ՆԳ, ԱԳ և արդարադատության նախարարները: Կառավարությունում արդեն հայտարարում են, որ Ծերծվաձեի անձնական տվյալները հուսալիորեն պաշտպանված են և հասանելի չեն ռուս ուժայինների համար: Արդարադատության նախարարի խոսքով, պետությունն արդեն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Ծերծվաձեի շահերը պաշտպանելու ուղղությամբ:

«Դրա համար պետք չեն ոմանց կոչերը, որոնք բարձր բղավում են… Անձամբ իմ և իրավապահ բլոկի անունից խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այս թեմայի շուրջ իրարանցումից», – հայտարարել է Թեա Ցուլուկիանին:

Ծերծվաձեի ձերբակալման հետ կապված բողոքի ակցիաներ անցկացվեցին Թբիլիսիում և Կիևում: «Չհանձնել Ծերծվաձեին Ռուսաստանին». այսպիսի կարգախոսով բողոքի ակցիա անցկացվեց Թբիլիսիի ՆԳՆ շենքի մոտ, որի ընթացքում դիմակայություն տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանության միջև:

Կիևում Վրաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել վրացական սփյուռքի և Հակաահաբեկչական գործողության մարտիկները: Նրանք դիվանագիտական ներկայացուցչությունից պահանջում էին պաշտպանել Վրաստանի քաղաքացու շահերը:

Վրաստանի հատուկ ծառայության նախկին փոխգնդապետ Գեորգի Ծերծվաձեն ձերբակալվել է մի քանի օր առաջ Կիևի  «Ժուլյանի» օդանավակայանում Ռուսաստանի պահանջով: Ծերծվաձեին, որն Աբխազիայի և 2008թ-ի ռուս-վրացական պատերազմի վետերան է, մեղադրում են 2003թ-ին գործած սպանության համար: Սակայն նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել միայն 2016թ-ին: Նրա փաստաբանի և ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել Ծերծվաձեի անձնական տվյալները:


Կարդալ ավելին JAMnews-ում