Գիորգի Օրկոդաշվիլին մեկ տարի սովորել է ամերիկյան դպրոցում: Նա պատմում է ԱՄՆ դասավանդման մեթոդների, առօրյա կանոնների և մտածողության մասին" />

Վրացի դպրոցական. «Ամերիկյան դպրոցներում սովորեցնում են ազատ մտածել»

Գիորգի Օրկոդաշվիլին մեկ տարի սովորել է ամերիկյան դպրոցում: Նա պատմում է ԱՄՆ դասավանդման մեթոդների, առօրյա կանոնների և մտածողության մասին

Հազարավոր բարձր դասարանցիների և դիմորդների համար սկսվել է քննական տենդի ժամանակաշրջանը: JAMnews-ը զրուցել է Գիորգի Օրկոդաշվիլիի՝ բարձր դասարանի վրացի աշակերտի հետ, որն արդեն մեկ տարի է՝ սովորում է ամերիկյան դպրոցում: Գիորգին պատմում է Ամերիկայում իր կյանքի մասին, կիսվում է այդ փորձով և վերլուծում, թե ինչով է տարբերվում ամերիկյան դպրոցը վրացականից: Կարծում ենք, որ նրա պատմությունը հետաքրքիր կլինի բոլոր դիմորդներին և բարձր դասարանի աշակերտներին:

________________________

Թե ինչպես ես որոշեցի սովորել ԱՄՆ-ում

Ես սովորում էի Թելավիի առաջին հանրակրթական դպրոցում: Առարկաներից ամենաշատն ինձ դուր էր գալիս աշխարհագրությունը. շատ եմ սիրում ճամփորդել, և այդ առարկան ինձ հնարավորություն էր տալիս պատկերացում կազմել տարբեր երկրների և մշակույթների մասին:

Ես անգլերեն սկսել եմ սովորել 6 տարեկանից: Ինձ ժամանակին ասել էին, որ անգլերենի իմացությունն ընդհանուր առմամբ նպաստում է առաջադիմելուն: Ես սովորում էի կրտսեր դասարաններում, երբ ազգականներից մեկն ԱՄՆ մեկնեց սովորելու: Այն ժամանակ ես իմ առջև նպատակ դրեցի՝ մի օր Ամերիկա մեկնել սովորելու: Մանկությունից ևս մեկ դրվագ  հիշեցի. ամերիկյան ինչ-որ ֆիլմում դպրոցի պարգևատրման տեսարան կար. ամեն ինչ տոնական էր, բոլորը միևնույն համազգեստով էին, որն, ինչպես հետո իմացա, կոչվում է Cap & Gown: Մինչև այդ ֆիլմը ես նման համազգեստ երբեք և ոչ մի տեղ չէի տեսել: Հիշում եմ, թե ինչպես էի երազում այդպիսի համազգեստ հագնել: Հենց այդ պահից ես սիրահարվեցի այդ երկրին:

Այնուհետև 2008թ-ին ռուս-վրացական պատերազմը տեղի ունեցավ: Ես փոքր էի, սակայն ամենուրեք լսում էի ԱՄՆ՝ որպես Վրաստանի դաշնակցի մասին հիշատակումներ, բոլորը հուսյն այդ երկրի հետ էին կապում:

Աստիճանաբար ԱՄն մեկնելու ցանկությունն իսկական երազանքի վերածվեց: Երբ մեծացա, ցանկությունը միայն ուժեղացավ, քանի որ ԱՄՆ, այնտեղի կրթական համակարգի մասին ավելի շատ բան իմացա, և այդ ամենը ցանկանում էի ինձ վրա զգալ: Հատկապես գրավիչ և աներևակայելի էր թվում այն, որ աշակերտները, պարզվում է, իրենք կարող են ընտրել առարկաներն՝ ըստ սեփական նախընտրությունների: Դա հենց այն էր, ինչ ինձ համար թերի էր վրացական դպրոցում:

Քննությունների հանձնումը

Գիորգին՝ ընկերների հետ

Մի անգամ ծանոթներիցս մեկից իմացա FLEX ծրագրի գոյության մասին: Այն թույլ է տալիս վրացական դպրոցների աշակերտներին մի ամբողջ տարի ուսանել ԱՄՆ-ում: Առաջին փորձս ձեռնարկեցի 9-րդ դասարանում: Վախենում էի: Առանձնահատուկ հույսեր չէի փայփայում, սակայն այնուամենայնիվ որոշեցի փորձել: Արդյունքում պարզվեց, որ հաղթահարել եմ բոլոր երեք փուլերը: Բայց, միևնույն է, մերժում եմ ստացել: Դժվար չէ համակերպվել սեփական պարտության հետ, սակայն միանգամից որոշեցի, որ ևս մեկ անգամ կփորձեմ: Սակայն երկրորդ փորձս էլ չհաջողվեց. կրկին հաղթահարեցի 3 փուլ, սակայն 5-ամսյա սպասումից հետո (վերջնական պատասխանը հենց 5 ամիս անց է գալիս) ինձ կրկին մերժեցին:

Ես թերևս ամենամեծ դատարկությունը զգացող մարդն էի աշխարհում: Մերժում ստանալու առաջին մեկ շաբաթն իմ կյանքի ամենաբարդ շաբաթն էր երևի: Ըստ ծրագրի կանոնների՝ ես ևս մեկ՝ երրորդ և վերջին փորձն ունեի: Տաք գլխով որոշեցի վերջ դնել այդ ամենին, սակայն երբ սրտնեղությունս անցավ, միտքս փոխեցի՝ հասկանալով, որ հետագայում ողջ կյանքս պետք է ափսոսեմ չօգտագործած հնարավորության համար: Մեկ տարի անց կրկին անցա 3 փուլերը և 5-ամսյա նյարդային սպասման մեջ հայտնվեցի:

Եվ ահա մարտի 14-ի առավոտյան արձակուրդ էր, ես ուշ արթնացա, ընկերոջիցս մի նամակ տեսա, որում նա հաղորդում էր, որ պատասխանները սկսել են գալ: Մոտ 20 րոպե անց ինձ զանգահարեցին և ասացին, որ կարող եմ մեկ տարով ԱՄՆ մեկնել սովորելու: Եվ ինձ համակեց աննկարագրելի մի զգացողություն:

Ամերիկյան դպրոցի մասին

Շնորհանդես Վրաստանի մասին

Բոլոր ամերիկյան դպրոցները տարբերվում են միմյանցից, քանի որ ներդպրոցական գործերին երկրի կառավարության կամ նահանգի միջամտությունը նվազագույն է: Դպրոցներին և ուսուցիչներին առավելագույն ազատություն է տրամադրվել ուսումնական պրոցեսը կազմելու գործում: Նրանք են հենց որոշում, թե ինչ դիսցիպլիններ ներառել, ինչպիսին է լինելու ուսումնական տարին, ինչ ձևաչափով ընդունել քննությունները և այլն:

Ազատությունը շատ կարևոր բառ է Ամերիկայում: Ընտրության ազատություն ունեն ոչ միայն ուսուցիչները: 9-րդ դասարանից աշակերտենրն իրենք են ընտրում այն առարկաները, որոնք ցանկանում են ուսումնասիրել: Բացի այդ, Ամերիկայում բոլորովին այլ ուսումնական առարկաներ կան, դրանք շատ պրակտիկ են: Ես, օրինակ, ուսումնասիրել եմ անհատական ֆինանսների մենեջմենթ, ինչպես նաև հաղորդակցում. սովորում էի, թե ինչպես նամակներ կազմել, օգտվել էլեկտրոնային փոստից, ինչպես քեզ պահել հարցազրույցների ժամանակ, ինչպես ինքնակենսագրականներ կազմել, մոտիվոցիոն նամակներ գրել, ակտիվ լսող լինել և այլն: Ես ընտրեցի նաև մի առարկա, որում ուսումնասիրվում էր ԱՄՆ Սահմանադրությունն ու մարդու իրավունքները:

Վերջին մեկ տարում ես կարևոր եզրակացություն եմ արել ամերիկյան ուսումնական համակարգի մասին. նշանակություն չունի, թե ինչ առարկա կընտրի աշակերտը: Ցանկացած առարկա ընտրելիս նա, միևնույն է, որոշակի գիտելիքներ կստանա: Դասապրոցեսն այնպես է կառւցած, որ աշակերտը հմտություններ է ձեռք բերում ապագայում ցանկացած առարկա ուսումնասիրելու համար, և դա հեշտացնում է մասնագիտություն ձեռք բերելու գործընթացը:

Օրինակ, լեզվի և գրականության դասերին մենք ոչ միայն ինչ-որ ստեղծագործություններ էինք անցնում, այլ նաև սովորում ճիշտ գրել, փաստարկված ներկայացնել կարծիքդ, ստեղծագործ միտք ունենալ, կարդացածից եզրակացություններ անել, փաստերը գնահատել, դրանք վերաիմաստավորել և վերլուծել:

Մաթեմատիկայի դասերին անմիջականորեն հանրահաշվից և երկրաչափությունից բացի մենք ուսումնասիրում էինք խնդրի լուծման ուղիները, լուծման որոնումն ու վերլուծությունը: Եվ բոլոր մնացած առարկաների դեպքում նույնն էր, և դա այն գլխավոր բանն է, որով ամերիկյան դպրոցը տարբերվում է վրացականից: Ամերիկյան դպրոցի գլխավոր նպատակը կարևոր կենսական հմտություններ սովորեցնելն է, նպաստել ազատ անձի ձևավորմանը, որն ունի սեփական կարծիք և ունակ է այն հստակ արտահայտելու:

Արժե առանձին պատմել նաև դասերի ձևաչափի մասին: Դասերից ոչ մեկը ձանձրալի չէր. մշտական խաղեր, ակտիվություն և շատ հետաքրքիր առաջադրանքներ, որոնց հետևանքով դասերը ձանձրալի չէին:

Ամերիկյան կյանքի կանոնների մասին

Գիորգիի ամերիկյան ընտանիքը

Ամերիկան չորրորդ երկիրն է, որտեղ բախտ եմ ունեցել լինել: Սակայն այնքան երկար, որքան ԱՄՆ-ում, ես ոչ մի տեղ չեմ մնացել: FLEX ծրագիրը թույլ է տալիս մեկ տարի ապրել ամերիկյան ընտնիքում և դառնալ ամերիկյան մշակույթի և կենցաղի մի մաս:

Ծրագրի սկզբում ես ժամանակավորապես ապրում էի մի ամերիկյան ընտանիքում, որը ես շատ սիրեցի: Այն 5 հոգուց էր բաղկացած՝ ծնողները և 13, 10 և 5 տարեկան երեք երեխաները: Չնայած որ և՛ հայրը, և՛ մայրը շատ զբաղված մարդիկ են և ողջ օրն աշխատում են, ընտանիքը նրանց համար առաջնային է: Ընտանիքի բոլոր անդամների մասնակցությամբ ընթրիքը պարտադիր ամենօրյա ավանդույթ է: Հաճախ ընթրիքը բոլոր վեցս միասին էինք պատրաստում՝ զուգահեռ միմյանց հետ կիսելով օրվա իրադարձություններով: Ընթրիքից հետո համատեղ զվարճանք էր. կամ ֆիլմ էինք նայում, կամ հեծանիվ քշում, կամ պարզապես զբոսնում, կամ էլ սեղանի թենիս խաղում: Շաբաթ-կիրակի պիկնիկներ էին, փառատոններ, կամ տարբեր հետաքրքիր վայրեր էինք մեկնում:

Շաբաթվա ընթացքում բոլորը շատ ծանրաբեռնված են: Ես ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ դպրոցում: Սակայն դպրոցից բացի էլ շատ գործ կա. ստաժյորների ծրագրում էի ընդգրկվել և որոշ ժամանակ, բայց կարճ, կրտսեր դպրոցում ուսուցչի օգնական աշխատեցի; գրադարանում որպես կամավոր էի աշխատում, ինչպես նաև՝ անտուն կենդանիների ապաստանում:

Գրանտային մրցույթ շահեցի, որի շրջանակում դպրոցներում էկո-ակումբներ ենք բացելու: Գումար եմ վաստակում նաև մեքենաներ լվանալով, գազոններ հավասարեցնելով, աղբ հավաքելով, բույսեր տնկելով, շների եմ զբոսանքի տանում: Այդ վաստակն ու կրթաթոշակս գրպանի փողս են: Ինձ հետաքրքրում է բացարձակապես ամեն ինչ, և ես ձգտում եմ հնարավորինս առավելագույն տեղեկություն ստանալ, ինչ-որ փորձ ձեռք բերել: Ամենաշատն իմ անկախությանը նպաստում է հեծանիվս: Ես ամենուր հեծանիվով եմ գնում, ինձ շատ է դուր գալիս ամերիկյան կյանքի այս կողմը:

Մասնագիտության ընտրության և ապագայի մասին

Ամերիկայում անցկացրած մեկ տարին թերևս մեծ դեր կխաղա ապագաս կանխորոշելու գործում: Գիտելիքներից և փորձից բացի Ամերիկայում ես սովորել եմ անկախ լինել: Սովորել եմ սեփական փողերի մենեջմենթ, որոշումներ կայացնել, հաղթահարել բարդ իրավիճակներ: Տարին կարևոր էր նաև նրանով, որ պետք էր մտածել ապագա մասնագիտության մասին, պետք էր ի վերջո ընտրել, թե ինչ եմ սովորելու համալսարանում:

Պլանավորում եմ շուտով Վրաստան վերադառնալ, բակալավրի աստիճան ստանալ: Ուզում եմ ընդունվել Իլյայի անվան համալսարան՝ քաղաքական գիտությունների ֆակուլտետ: Իսկ մագիստրատուրան ու դոկտորանտուրան կնախընտրեի Ամերիկայում անցնել: Որոշել եմ քաղաքականության ոլորտում կրթություն ստանալ:

Ամերիկա եմ ուզում մեկնել միայն սովորելու համար: Մտածում եմ, որ Վրաստանում կապրեմ, քանի որ հավատում եմ, որ լավ երկրները ստեղծում են հենց այդ երկրների քաղաքացիները: Ես ուզում եմ լինել նրանցից մեկն, ով իր ներդրումը կունենա երկրի կյանքում: Վրաստանն ապագայում ես պատկերացնում եմ որպես հանդուրժող, իրավական և մաքուր պետություն:


Կարդալ ավելին JAMnews-ում