Զուրաբ Ջիշկարիանին բացատրել է, թե ինչու է աբխազական դրոշով շապիկ կրում" />

Վրացի գրող. վրեժի ծարավը խանգարում է մեզ աբխազների մեջ մարդ տեսնելg

Զուրաբ Ջիշկարիանին բացատրել է, թե ինչու է աբխազական դրոշով շապիկ կրում

Վրացի գրող Զուրաբ Ջիշկարիանին, որը վերջերս քննադատության է արժանացել, որ հանրային միջոցառման է եկել աբխազական դրոշով շապիկով, հարցազրույց է տվել Տաբուլա առցանց պարբերականին: Նա պատմել է իր շարժառիթների մասին և կիսվել վրաց-աբխազական հակամարտության վերաբերյալ իր հայացքներով:

«Ես խաղաղությունը նախընտրում եմ պատերազմից, ինքս ողջ կյանքս պատերազմի մեջ եմ եղել», – ասել է Ջիշկարիանին: Նրա խոսքով՝ վրացիներն ու աբխազները փակուղում են, և եթե երկու կողմերն էլ ինչ-որ բան չզիջեն, նրանց համար դժվար կլինի այդ փակուղուց դուրս գալ:

«Նրանք (աբխազները) փակվել են, պտտվում են Ռուսաստանի շուրջ, արտաքին աշխարհ դուրս գալու ելք չունեն: Նրանց միակ ելքը կարող է լինել Վրաստանի ուղղությամբ: Մեզ մոտ երկար տարիներ նույն քաղաքականությունն է վարվում. կամ մենք ուզում ենք մտնել այնտեղ և աբխազներին պատերազմով վերադարձնել, ինչը սխալ է, կամ, ինչպես պնդում է այլ հատվածը, մենք պետք է այնտեղ խաղաղ մտնենք: Սակայն թե ինչպես, պատասխան չունի: Ես կարծում եմ, որ մենք պետք է վերցնենք գնդակն ու խաղանք ոչ թե Ռուսատսանի դաշտում, այլ մեր: Ես հավատում եմ, որ, վերջին հաշվով, ժողովրդի, ազատ մարդկանց կամքն ավելի շատ բան է նշանակում, քան մեծ պետությունների կամքն», – ասել է Ջիշկարիանին:

Ըստ նրա՝ եկել է ժամանակը, որ վրացիները տեսնեն, որ «աբխազները գոյություն ունեն»: Իսկ դա նշանակում է, որ երկու կողմերն էլ պետք է մոռանան դիմակայության, զոհերի մասին և անցում կատարեն հարաբերությունների նոր փուլ:

«Ինչ-որ պահի մենք պետք է հարգենք բոլոր նրանց հիշատակն, ովքեր կռվել են և այս, և մյուս կողմից: Նրանք պայքարել են, միգուցե, ոչ ճիշտ գաղափարների համար: Սակայն նրանք դրանց հավատացել են: Այդ պատճառով էլ մենք պետք է մոռանանք մեր զոհերի մասին, նրանք՝ իրենց: Մոռանալ չի նշանակում աղբամանը նետել: Դա նշանակում է, որ մենք պետք է ասենք. դա տեղի է ունեցել, և մենք պետք է առաջ շարժվենք: Գիտեմ, որ ամենադժվարն արյունը մոռանալն է, որն այն ժամանակ թափվել է: Սակայն «արյուն արյան դիմաց» սկզբունքով այս խնդիրը երբեք չի լուծվի: Մեզ կուրացնում է վրեժի ծարավը և թույլ չի տալիս աբխազների մեջ մարդ տեսնել: Այո, ես ողջունում եմ այն կողմի իմ ծանոթներին և բարեկամներին և նույնը սպասում եմ նրանցից», – ասել է Ջիշկարիանին:

Հունիսի 27-ին արված լուսանկարում, որում պատկերված է Ջիշկարիանին որպես Իլյայի համալսարանի գրական մրցույթի հաղթողներից մեկը, նրա հագին աբխազական դրոշով շապիկ է: Վրաստանի հանրության մի մասը դա վրդովմունքով դիմավորեց: Ջիշկարիանին միանգամից բացատրեց, որ շապիկն աբխազ ընկերների նվերն է, և նա հաճախ է այն կրում, իսկ Աբխազիայում ապրող իր ընկերները Վրաստանի դրոշով շապիկներ են կրում: Սակայն դա չհամոզեց քննադատներին: Սոցցանցերի օգտատերերը գրում էին.

«Շուտով մենք երևի կճանաչենք Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան որպես առանձին պետություններ»:

«Իլյայի համալսարանի՝ լիբերալիզմի գլխավոր ինկուբատորի  դասախոսներն ամեն ինչում ռուսական պրոպագանդա են տեսնում: Սակայն իրենք են հենց պարգևատրում մի «գրողի», որն ի նշան համերաշխության ռուսական անջատողական Աբխազիայի շապիկ է կրում»:

«Աբխազները մեզ ատում են, և չասեք, թե այդպես չէ: Այսօրվա դրությամբ բարեկամության նրանց պարզած ձեռքը մեծ հիմարություն եմ համարում նրանց հիմնարար ատելության ֆոնին»:

«Ձեր կողմից անխղճություն է մեղադրել այն մարդկանց, ում դուր չի եկել ձեր շապիկը, այն բանի համար, թե նրանք աբխազների արյան ծարավ են: Միակ սցենարը, թե ինչպես եմ ես պատկերացնում Աբխազիայի վերադարձը, խաղաղն է: Միայն նրանց հետ միասին եմ ես ինձ պատկերացնում կյանքն Աբխազիայում, և ցանկացած այլ տարբերակ անարդար եմ համարում: Սակայն այդ դրոշն անջատողական Աբխազիայի խորհրդանիշն է»:

Սակայն գտնվեցին նաև այնպիսի օգտատերեր, որոնք աջակցություն հայտնեցին գրողին:

«Հենց այդ պատճառով է, որ հնարավոր չէ իմաստավորել և ավարտել այս պատերազմը, շրջել էջը. ոչ ոք չի ցանկանում կոնֆլիկտին մյուս ռակուրսից նայել, այլ հեռանկար տեսնել, այլ կարծիք լսել, որը հիմնված չէ ազգայնականության վրա: Պատերազմը դեռ չի ավարտվել, և թերևս դեռ շատ ժամանակ կպահանջվի փոխադարձ ատելությունը մոռանալու համար»:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում