Վաժա Գապրանդաշվիլիին ներում է շնորհել Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը" />

Վրացի բժիշկը, որը Հարավային Օսիայում դատապարտվել է «սահմանի ապօրինի հատման» համար, ազատ է արձակվել

Վաժա Գապրանդաշվիլիին ներում է շնորհել Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը

Վրացի բժիշկ Վաժա Գապրինդաշվիլին, որը Հարավային Օսիայում ձերբակալվել է «պետական սահմանի ապօրինի հատման» մեղադրանքով և դատապարտվել 9-ամսյա ազատազրկման, ազատ է արձակվել դեկտեմբերի 28-ին։

Ըստ հարավօսական «Օսինֆորմ» տեղեկատվական գործակալության տեղությունների՝ բժշկին ներում է շնորհել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։

«Քննության ընթացքում Գապրինդաշվիլին համագործակցել է իրավապահ մարմինների հետ, անվերապահորեն պահպանել կալանքի տակ մնալու ռեժիմը։

Հետաքննության ընթացքում 1989-1992, 2004 և 2008 թվականներին ռազմական հանցագործություն կատարածների հետ հնարավոր կապ ունեցող անձանց բացահայտման նպատակով ձերբակալվածին ցուցադրվել են փաստագրական տեսանյութեր, որոնք արձանագրում են հարավօսական բնակչության նկատմամբ ցեղասպանության փաստն, այդ թվում՝ Զարիի և Էրեդվիի ողբերգությունների վերաբերյալ։ Կազմակերպվել են նրա այցերը նշված իրադարձությունների զոհերի մահվան վայրեր։

Գապրինդաշվիլին հետաքրքրություն է արտահայտել ներկայացված նյութերի նկատմամբ։ Ցխինվալում ճանաչողական շրջագայության ժամանակ նա ցուցաբերել է բարյացակամություն, առաջարկված հյուրասիրությունից չի հրաժարվել, գովել է օսական խոհանոցը։

Դատական նիստի ընթացքում ներողություն է խնդրել «իր գործողությունների հետևանքով պատճառված անհարմարությունների համար», օս ժողովրդին շնորհակալություն հայտնել «հարմարավետ պահպանման» համար», – գրում է «Օսինֆորմը»։

Վրացի բժիշկ Վաժա Գապրինդաշվիլին, որը Հարավային Օսիայում ձերբակալվել է «պետական սահմանի ապօրինի հատման» մեղադրանքով և դատապարտվել իննամսյա ազատազրկման, ազատ է արձակվել դեկտեմբերի 28-ին։ Լուսանկարը՝ սոցցանցից

Ազատ արձակվելուց հետո իր առաջին հայտարարությունում Վաժա Գապրինդաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ կառավարությանը, խորհրդարանին, ՆԳՆ-ին և Պետանվտանգության ծառայությանն իրեն ազատ արձակելու նպատակով գործադրված ջանքերի համար, ինչպես նաև իր ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր իրեն ակտիվորեն աջակցում էին։

Նա ասել է, որ «իրեն լավ է զգում» և խոստացել էավելի ուշ պատմել Ցխինվալիում իր ձերբակալման և այնտեղ գտնվելու մանրամասները։

Գապրինդաշվիլիին ազատ արձակվելու կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ բժշկի ազատ արձակումը վրացական իշխանությունների աշխատանքի արդյունքն է։

Վրաստանի օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաժա Գապրինդաշվիլին ձերբակալվել է վրաց-օսական հակամարտության գոտում նոյեմբերի 9-ին։ Ցխինվալում պնդում են, որ նա «խախտել է պետական սահմանն ու անցել օսական կողմ»։

Կալանքից հետո Գապրինդաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել։ Վրացական իշխանությունների և լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Ցխինվալի բանտում գտնվելու ընթացքում, նա հայտարարել է, որ հակամարտության գոտում պետական սահման չկա, և ինքը ոչ մի հանցանք չի գործել։

Ցխինվալը Գապրինդաշվիլիի գործողությունները սադրանք և լավ պլանավորված ակցիա է անվանել։ Օսական իշխանությունները նաև աուդիոձայնագրություն են տարածել, որը, նրանց կարծիքով, խոսում է այն մասին, որ Վաժա Գապրինդաշվիլին համագործակցում է Վրաստանի հատուկ ծառայությունների հետ։

Հստակ տեղեկություններ այն մասին, թե ինչպես և ինչու է Վաժա Գապրինդաշվիլին Ցխինվալում հայտնվել, մինչև հիմա չկան։

Նոյեմբերի 9-ից հետո Գապրինդաշվիլին գտնվում էր Ցխինվալի մեկուսարանում։ Դեկտեմբերի 20-ին Ցխինվալի դատարանը նրան մեկ տարվա և ինը ամսվա ազատազրկման էր դատապարտել։

Միջազգային հանրությունն ակտիվորեն համագործակցել է վրացական իշխանությունների հետ բժշկին ազատ արձակելու գործում։

Թբիլիսիում մշտապես բողոքի ակցիաներ էին անցկացվում ի աջակցություն Գապրինդաշվիլիի՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով։ Ակտիվիստների կարծիքով՝ վրացական իշխանությունները բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկել բժշկին բանտից ազատ արձակելու համար։

____________________________________________________________________________________________

2008թ-ի օգոստոս: Պատերազմ Հարավային Օսիայի շուրջ: Ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ

____________________________________________________________________________________________

Վրաց-օսական հակամարտության գոտուց պարբերաբար տեղեկություններ են ստացվում ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացիների ձերբակալման մասին «պետական սահմանի խախտման» համար։

2008 թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ վրաց-ռուսական պատերազմից հետո ռուս զինվորականները զբաղեցրել են հակամարտութան գոտին ողջ դրա երկայնքով։ Վարչական սահմանի երկայնքով սկսել են պաստառներ փակցնել «պետական սահման» և «Հարավային Օսիա» գրառումներով։ Սահմանը տեղ-տեղ նշված է փշալարով։

Ռուսական և օսական կողմերն այդ գործընթացն անվանում են «բորդերացում»։ Նրանց ներկայացուցիչների խոսքով՝ սահմանն անցկացնելիս նրանք ղեկավարվում են հին, խորհրդային տարիների նախապատերազմական քարտեզներով։

Ախալգորիի շրջանում նրանք սահմանն այնպես են անցկացնում, որ բոլոր բնակավայրերը հարավօսական կողմում հայտնվեն։

Վրացական կողմն այս գործընթացն անվանում է «սողացող օկուպացիա» և հայտարարում, որ ռուսական կողմն ամեն անգամ վրացական նոր տարածքներ է գրավում։

Փշալարը վրացական գյուղերում հաճախ այնպես է անցկացվում, որ դրանք երկու մասի են բաժանվում։ Արդյունքում տասնյակ ընտանիքներ զրկվում են հողակտորներից, չեն կարողանում հարազատների գերեզմաններ այցելել՝ մնալով փշալարի մյուս կողմում։

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում