Վաժա Գապրինդաշվիլին ապրում և աշխատում է Թբիլիսիում։ Ենթադրաբար, նա վրաց-օսական հակամարտության գոտում է հայտնվել հիվանդին օգնություն ցուցաբերելու համար " />

Վրացի բժիշկը Հարավային Օսիայում դատապարտվել է երկամսյա կալանքի

Վաժա Գապրինդաշվիլին ապրում և աշխատում է Թբիլիսիում։ Ենթադրաբար, նա վրաց-օսական հակամարտության գոտում է հայտնվել հիվանդին օգնություն ցուցաբերելու համար

Թբիլիսիի հայտնի բժիշկներից մեկը՝ Վաժա Գապրինդաշվիլին, որը ռուս զինծառայողների կողմից ձերբակալվել է վրաց-օսական հակամարտության գոտում, նոյեմբերի 15-ին դատապարտվել է երկամսյա նախնական կալանքի Ցխինվալի մեկուսարանում՝ մի տարածքում, որը վերահսկվում է օսական իշխանությունների կողմից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա տարածաշրջան էր եկել՝ հիվանդին օգնություն ցուցաբերելու։ Սակայն նրան մեղադրել են հակամարտության գոտու շփման գիծն ապօրինի հատելու համար, որը վրացական կողմը վարչական սահման է անվանում, իսկ հարավօսական կողմը՝ պետական սահման։

Ի՞նչ է տեղի ունենում վրաց-օսական հակամարտության գոտու գյուղերում։ Հակիրճ՝ «Միջազգային համաներման» հաշվետվության մասին՝ լուսանկարներով

Վաժա Գապրինդաշվիլին հայտնի բժիշկ է։ Նա Վրաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների ասոցիացիայի նախագահն է, «Մեդի քլաբ» հիվանդանոցի առաջատար մասնագետը։

_____________

Վաժա Գապրինդաշվիլիի ձերբակալման մասին տեղեկությունը հրապարակվել է նոյեմբերի 13-ին։ Ավելի ուշ պարզվել է, որ նա ձերբակալվել է դրանից չորս օր առաջ՝ նոյեմբերի 9-ին։

Վաժա Գապրինդաշվիլիի կինը՝ Թամիլա Լապանաշվիլին JAMnews-ի հետ զրույցում ասել է, որ ամուսինը տնից դուրս է եկել նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ հաղորդելով, որ պետք է հիվանդի այցելի։ Սակայն արդեն 15.30 զանգահարել է և տնեցիներին ասել, որ ձերբակալվել է ռուս զինվորականների կողմից։

«Չգիտեմ, թե ինչպես և ինչու է նա այնտեղ հայտնվել։ Մենք շոկի մեջ էինք նրա զանգից», – ասել է Թամիլա Լապանաշվիլին։

Դպրոցականները՝ պատերազմում։ Ինչպե՞ս են հակամարտություններն ուսումնասիրում Կովկասի դպրոցներում

Նրա խոսքով՝ «իր ամուսինը կարող էր օկուպացված տարածքում հայտնվել միայն մասնագիտական պարտավորությունների կատարման համար»։

«Ոչ մի այլ բան չեմ կարող ենթադրել, տեղացիներից ոչ մեկի հետ կապ չունենք», – ասում է նա։

Թամիլա Լապանաշվիլին մի դետալ է հիշել․ մի քանի օր առաջ վրացական հեռուստաալիքները հաղորդել են Ախալգորիի բնակիչ Թամար Գիգաուրիի մասին, որը լուրջ վնասվածքներ է ստացել յոթ մետր խորությամբ ջրհորն ընկնելու հետևանքով։

Ընտանիքը ցանկացել է նրան բուժման տեղափոխել Թբիլիսի, սակայն Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանություններն ու ռուս զինվորականները թույլ չեն տվել նրան հատել վարչական սահմանը։

«Մենք ընտանիքում քննարկել ենք այդ լուրը։ Հիշում եմ, որ նա բարձրաձայն խղճաց նրան, նշեց, որ դժբախտ կինը, հավանաբար, վիրահատության կարիք ունի, թերևս բազում կոտրվածքներ է ստացել։ Սակայն հակամարտության գոտի մեկնելու մասին նա ոչինչ չի խոսել», – պատմում է Թամիլա Լապանաշվիլին։

Թամար Գիգաուրին Ախալգորիի շրջանի Իկոտի գյուղի դպրոցի մանկավարժ է։ Նրա ընտանիքը մինչև հիմա ապարդյուն փորձում է տեղի իշխանությունների թույլտվությունը ստանալ նրան թբիլիսյան կլինիկաներից մեկը տեղափոխելու համար։

Պաշտոնապես բժիշկ Վաժա Գապրինդաշվիլիի ձերբակալման մասին քիչ բան է հայտնի։

Վրացական կողմը գրեթե տեղեկություններ չունի նրա ձերբակալման հանգամանքների մասին։

Հարավային Օսիայի անվտանգության կոմիտեն հայտարարում է, որ Գապրինդաշվիլին ձերբակալվել է Օրչոսանի և Ահմաջի գյուղերի մերձակայքում։ Օրչոսանին Գորիից 43 կմ հեռավորության վրա է։ Այդ բնակավայրը Թբիլիսին չի վերահսկում, այնտեղ ռուսական ռազմաբազան է գտնվում։

Գապրինդաշվիլիի ընտանիքն, իմանալով նրա ձերբակալման մասին, նույն օրը՝ նոյեմբերի 9-ին այս մասին իրազեկել է իրավապահ մարմիններին։ Սակայն վրացի բժշկի կալանքի մասին տեղեկությունը հրապարակվել է միայն չորս օր անց, այն էլ՝ ոչ թե վրացական, այլ հարավօսական լրատվամիջոցներում։

Նոյեմբերի 15-ին Հարավային Օսիայի անվտանգության կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվել է, որ «հարավօսական դատարանը Վաժա Գապրինդաշվիլիին դատապարտել է երկամսյա նախնական կալանքի պետական սահմանի ապօրինի հատման համար»։

Հայտնի է, որ Գապրինդաշվիլիի հետ միասին հակամարտության գոտում նոյեմբերի 9-11-ը ձերբակալվել է Վրաստանի ևս երեք քաղաքացի։ Ախալգորիի դատարանը նրանց վարչական պատժի է ենթարկել, նրանք վճարել են դրամական տուգանքներն ու արդեն ազատության մեջ են։

Վրաստանի իշխանությունների արձագանքը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալվածին ազատ արձակելու համար «թեժ գիծ» է գործարկել։

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետական նախարարի աշխատակազմը Գապրինդաշվիլիի հարցով առաջին հայտարարությունն արել է միայն նոյեմբերի 14-ին։ Սակայն վրացական իշխանությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ Գապրինդաշվիլիի գործով լռությունը չի նշանակում, որ իշխանություններն առաջին օրերին անգործության էին մատնված․

«Պետնախարարը նույն օրը գործի մանրամասների մասին իրազեկել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչին․․․ Արտաքին գործերի նախարարությունը Ժնևի բանակցությունների ընթացքում դիմել է բանակցային գործընթացի համանախագահներին․․․ Մենք օգտագործում ենք նրան ազատելու բոլոր հնարավորությունները», – նոյեմբերի 14-ին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարարի վարչակազմի ներկայացուցիչ Զվիադ Զվիադաձեն։

Գապրինդաշվիլիի ընտանիքը դիմել է նաև Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի օգնությանը։

Կարմիր Խաչը միակ միջազգային կազմակերպությունն է, որին հարավօսական իշխանությունները թույլ են տվել աշխատել Ցխինվալում։

Թբիլիսիի բժիշկներն՝ ի աջակցություն Գապրինդաշվիլիի

Թբիլիսիի բժշկական համալսարանի մոտ վրացի բժիշկներն ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Վաժա Գապրինդաշվիլիի։

«Ցխինվալում աշխատող բժիշկների մեծ մասը կրթություն է ստացել Թբիլիսիում։ Դիմում ենք նրանց՝ մեր գործընկերներին, և խնդրում համերաշխություն արտահայտել, մարդասիրություն ցուցաբերել և իրենց իշխանություններից պահանջել ազատ արձակել ձերբակալված բժշկին», – կոչ է արել ակցիային մասնակցած բժիշկներից մեկը։

____________________________________________

Վրաց-օսական հակամարտության գոտուց պարբերաբար լուրեր են ստացվում ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացիներին ձերբակալելու մասին «պետական սահմանի խախտման համար»։

2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո ռուս զինվորականները զբաղեցրել են հակամարտության գոտին դրա ողջ շառավղով։ Վարչական սահմանի երկայնքով սկսել են «Պետական սահման» և «Հարավային Օսիա» գրառումներով պաստառներ տեղադրել։ Սահմանը տեղ-տեղ փշալարերով է տարանջատված։

Ռուսական և օսական կողմերն այդ գործընթացն անվանում են «բորդերացում»։ Նրանց ներկայացուցիչների խոսքով՝ սահմանը նշելիս նրանք ղեկավարվում են խորհրդային փուլի հին, նախապատերազմյան քարտեզներով։ Ախալգորիի շրջանում նրանք սահմանն այնպես են անցկացնում, որ բոլոր բնակավայրերը հարավօսական կողմում հայտնվեն։

Վրացական կողմն այդ գործընթացն անվանում է «սողացող օկուպացիա» և հայտարարում, որ ռուսական կողմն ամեն անգամ վրացական հողերի նոր հատվածներ է զավթում։

Փշալարը վրացական գյուղերում հաճախ այնպես է անցկացվում, որ դրանք երկու մասի է բաժանում։ Արդյունքում՝ տասնյակ ընտանիքներ զրկվում են հողատարածքներից, չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն՝ մնալով փշալարի մյուս կողմում։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում