Տարօրինակ ավանդույթների մասին Վրաստանում" />

Վրացական սգո արարողությունները երեկ և այսօր

Տարօրինակ ավանդույթների մասին Վրաստանում

Հոգեհացի արարողություն

Վրաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, տարբեր ծեսեր կան, որոնք ուղեկցում են մահն ու հուղարկավորությունը։ Դրանք առաջացել և ձևավորվել են տարբեր ժամանակներում և շրջաններում։

JAMnews-ի հեղինակ Լևան Սեբիսկվերաձեն կպատմի տարբեր ավանդույթների և դրանց առանձնահատկությունների մասին։

Հայտնի իտալացի միսիոներ Արկանջելո Լամբերտին 17-րդ դարում հետևյալ կերպ է նկարագրել վրացական (ավելի ճիշտ՝ մեգրելական) հոգեհացի սեղանը

«Հուղարկավորությունից հետո բոլորը վերադառնում են հանգուցյալի տուն, որտեղ նրանց ընթրիք է սպասվում։ Սեղանի մոտ ամենապատվավոր տեղը հոգևորականինն է, որը ննջեցյալի հուղարկավորման արարողությունն է կատարել։ Ուտելիքն առատ է, բայց պասային, ընդ որում դրա մի մասը հյուրերն իրենց հետ են բերում։

Գինին շատ է լինում։ Սակայն ոչ ոք դրան ձեռք չի տալիս մինչև որ ընթրիքին ներկա հոգևորականը ձեռքը չառնի գինու բաժակը, սգո աղոթք չասի հանգուցյալի հիշատակին և բաժակից մի փոքր գինի գետնին չթափի։

Ընթրիքի ժամանակ սա 5-6 անգամ կրկնվում է, ընդ որում, ննջեցյալին արդեն չեն հիշատակում, և հոգեհացի մասնակիցները ժամանակը բավականին ուրախ են անցկացնում։ Ընթրիքի ավարտը հոգեհանգստի ծեսի ավարտ է նշանակում»։

Գրվածի մեծ մասն այսօր էլ է անփոփոխ մնացել։ Սակայն կան ծեսեր, որոնք չեն հասել մեր օրեր։

Եղերամայրերի ֆենոմենն ու «տավի կացին»

Մոտ 20 տարի առաջ Արևմտյան Վրաստանում՝ գլխավորապես Սամեգրելոյի շրջանում, եղերամայրեր վարձելու սովորույթ կար։ Սովորաբար դրանք միջին տարիքի և նույնիսկ տարեց կանայք էին, որոնք կարող էին հմտորեն խորը վիշտ ձևացնել։ Նրանց մասին լեգենդները թարմ են նաև այսօր։

Նրանցից «ամենահայտնիները» եղունգները հատուկ երկարացնում էին և որպես սգո նշան իրենց դեմքն արյան աստիճանի ճանկռում՝ դա ուղեկցելով անզուսպ և անվերջ հեկեկոցներով։ Նման եղերամայրերի ծառայությունները բավականին թանկ արժեին։

Մահն Ադրբեջանում․ գները, ծեսերը, կանոնները

Կեր, աղոթիր, խմիր․ Զատկի ավանդույթները Վրաստանում

Ե՞րբ և ինչպե՞ս է Վրաստանում սկսել անհետանալ շշալցված գինու մշակույթը

Ի տարբերություն եղերամայրերի՝ մեզ է հասել «տավի կացի» ոչ ֆորմալ պաշտոնը, որը ողջ սգո փուլում մենեջերի պես մի բան է՝ ներառյալ հոգեհանգստի, թաղման, հոգեհացի արարողությունների։ Սովորաբար դա հեղինակավոր ազգական է կամ հարևան, որը հեշտությամբ կարգավորում է ինչ-որ տեխնիկական և կազմակերպչական հարցեր։

Ավանդաբար հոգեհանգստի արարողությունը կատարվում էր կամ ննջեցյալի տանը, կամ գյուղերի և փոքր քաղաքների կենտրոնական վայրերում։ Վերջին տասնամյակներին հոգեհացի սեղաններ են գցում սգո սրահներում և ռեստորաններում։

Թաղման արարողությունը Սայինգիլոյի շրջանում

Սակայն «տավի կացիի» դերն ու գործառույթները չեն անհետացել։ Այսօր հենց այդպիսի մեկն է (երբեմն նույնիսկ՝ առանց ննջեցյալի ընտանիքի հետ համաձայնեցնելու) որոշում, թե որտեղ պետք է լինի գերեզմանը, ինչ դագաղ պատվիրել, ով պետք է զբաղվի հանգանակությամբ՝ որպես օգնություն ընտանիքին, որին դժբախություն է պատահել, որտեղ գցել հոգեհացի սեղանը և այլն։

Վրաստանում սովորաբար միամյա սուգ է պահվում։ Նշվում է նաև «քառասունքը», երբ թաղումից 40 օր անց ընտանիքը ևս մեկ անգամ հոգեհաց է տալիս՝ ավելի համեստ, քան թաղման հոգեհացը, և այս բոլոր հարցերը կարգավորում է այդ նույն «տավի կացին»։

«Հոգեհացի գինու» համախտանիշ

Չնայած այն բանին, որ վրացիները հպարտանում են գինեգործության հնությամբ և գինու օգտագործման մշակույթով, երկրում շատ է նաև անորակ գինին, որը պատրաստվում է տեխնոլոգիայի խախտումներով, «ջրի-շաքարի» օգտագործմամբ, որ քանակը շատ լինի։ Այն ի հայտ է եկել խորհրդային տարիներին «պլանային տնտեսվարման» ընթացքում։

Այդ վատ և վնասակար «ավանդույթն» օգտագործվում է հարսանեկան և հոգեհացի արարողությունների ժամանակ, երբ հյուրերը շատ են։ Կեղծված գինին նույնիսկ նոր անվանում է ստացել՝ «քելեխի գինի», ինչը նշանակում է, որ այն կեղծ է, էժանագին, և դրան դժվար էլ է գինի կոչել։

Հաճախ բազմամարդ արարողության կազմակերպիչները որոշում էին հենց գինու փողը խնայել, և արդյունքում ողջ հավաքույթը կորցնում էր իմաստը։ Գինուց հասկացող մարդկանց համար նման հավաքույթները, որոնց նպատակը մարդկանց հարբեցնելն է, ծանր պարտականություն էր դառնում։

Հոգեհացի արարողության թամադան սովորաբար հետևում է գինու օգտագործման կանոններին, որոնք ընդունված են Վրաստանում, և սահմանափակ քանակությամբ կենացներ է ասում։ Նախկինում կենացների քանակը պետք է կենտ լիներ՝ երեք (հազվադեպ՝ յոթ)։ Սովորաբար կենացները նվիրված էին լինում հիշողություններին, հանգուցյալի հիշատակին և միաժամանակ կյանքի շարունկության հետ խորհրդանշական կապ էին ենթադրում։

Վրացական հոգեհանգիստ․ թատերականություն և մրցակցություն

Վրացական սգո ծեսերը գրեթե միշտ բարձր մակարդակով են անցկացվում և գրեթե միշտ «թատերականացված են»։ Հարսները մրցում են միմյանց հետ, թե ով ավելի վշտալից և գեղարվեստականորեն կսգա հանգուցյալ սկեսրոջը (նույնիսկ այն դեպքում, երբ կյանքի օրոք նրան չէին սիրում), ունևոր ազգականներն ընդգծում են վշտի մեջ գտնվող ընտանիքի հանդեպ մտերմությունը նվիրաբերվող գումարի չափով՝ որքան այն մեծ է, իբր այնքան ուժեղ են ազգակցական կապերը։

Կադր «Իմերեթական էսքիզներ» ֆիլմից

Բոլորն, ովքեր ինչ-որ կապ ունեն սգացող ընտանիքի հետ, անգամ եթե հանգուցյալին անձամբ չեն ճանաչում, աշխատում են ցավակցել։ Նախկինում, երբ տեղաշարժվելու միակ միջոցը ձին էր, դա դժվար էր․ միշտ չէ, որ ստացվում էր ժամանակին հասնել ինչ-որ բարձրադիր գյուղ կամ մի շրջանից մյուսը մեկնել, և անգամ հարևան գյուղերի միջև կապն էր խախտվում տարբեր պատճառներով։ Այսօր դա անելը շատ ավելի հեշտ է։

Այդ նկատառումներով լեռներում (օրինակ Սվանեթիի շրջանում) սգո արարողությունները մի քանի օր էին տևում, որպեսզի ազգականները կարողանային հասնել թաղմանը։ Ցավոք, այսօր էլ որոշ գյուղեր և բնակավայրեր հեշտ չէ հասնելը։

Հոգեհանգստի արարողություն Սվանեթիում։ Լուսանկարը՝ Վիտորիո Սելայի

Հենց այդ է պատճառը, որ Վրաստանի որոշ շրջաններում ավանդույթ կա հեռվից եկած հյուրերին ընդունել, նրանց համար հատուկ գցված սեղանների մոտ ուղեկցել, և դրանով զբաղվում էին հատուկ «տավի կացի» անձինք։

Բնական է, որ, ըստ վրացական ավանդույթների, այդ հյուրերին ոչ միայն կերակրում էին, այլ նաև գինի հյուրասիրում, և ընդունողները նույնպես ընկերակցում էին նրանց՝ «հեռավոր» հյուրերին հյուրընկալելու օրենքների համաձայն։ Արդյունքում՝ Իմերեթիի, Սամեգրելոյի, Աչարայի, Գուրիայի շրջաններում բազմիցս դեպքեր էին լինում, երբ թաղման ժամանակ սթափ մարդ չէր մնում։

Այնպես էլ էր լինում, որ լեռնային գյուղերում, որտեղ գերեզմանոց հասնելը դժվար է, խմածները շեղվում էին ճանապարհից, և նույնիսկ վայր գցում ննջեցյալով դագաղն այնպիսի մի կիրճում, որտեղից կենդանի մարդուն են դժվար դուրս բերում, էլ չենք խոսում մարմնի ու դագաղի մասին։

Այսօր Վրաստանում սգո ավանդույթները կարծես «ստանդարտի են բերվել» և այնպես են կազմակերպվում, ինչպես ընդունված է Քարթլիի և Կախեթիի շրջաններում սգո սեղանները գցվում են միայն այն բանից հետո, երբ ննջեցյալը հողին է հանձնվել, թաղման մասնակիցներն էլ լքել են գերեզմանոցը։ Այնտեղ մնում են միայն գերեզմանափորները, որոնց ուտելիք և գինի են հյուրասիրում հանգուցյալի ազգականները։

Յուրաքանչյուր գերեզմանափոր, հատկապես խոշոր քաղաքներում մեկ շաբաթում բազմաթիվ հանգուցյալների է հուղարկավորում, և, հետևաբար, նույքան անգամ ընթրում է բերված ուտելիքով և գինով։ Եվ այդպես շարունակվում է երկար տարիներ։ Այդ պատճառով էլ Վրաստանում սթափ կենսակերպ վարող գերեզմանափորի հանդիպել գրեթե անհնար է։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում