«Ինչո՞ւ են ինձ՝ Աջարիայի վրացուս, թաթար անվանում», - Վրաստանի մուսուլմանները հարցեր ունեն լրագրողներին" />

Վրացական լրատվամիջոցները մուսուլմանների մասին քիչ են խոսում և հաճախ՝ բացասական տեսանկյունից. հետազոտության արդյունքներ

«Ինչո՞ւ են ինձ՝ Աջարիայի վրացուս, թաթար անվանում», - Վրաստանի մուսուլմանները հարցեր ունեն լրագրողներին

Պանկիսիի երիտասարդությունը: Լուսանկարը՝ Նաթելա Գրիգալաշվիլիի

Ինչպե՞ս են Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի լրատվամիջոցները լուսաբանում մուսուլմանական համայնքների կյանքը: Այս հարցի պատասխանը տալիս է հետազոտությունը, որն այս 4 երկրներում անցկացրել է Մեդիայի զարգացման միջազգային հիմնադրամը:

Հետևյալ մանրամասներն են պարզվել:

Ռուսական լրատվամիջոցները մուսուլմանական համայնքը հիշատակելիս ավելի շատ ուշադրություն են հատկացրել Մերձավոր Արևելքի հակամարտություններին և ահաբեկչությանը:

Վրացական լրատվամիջոցները (հետազոտվել են հիմնականում առցանց պարբերականները) հաճախ այդ համատեքստում անդրադարձել են մարդու իրավունքների թեմային:

Ադրբեջանական լրատվամիջոցները հիմնական ուշադրությունը սևեռել են կրոնական թեմաների վրա:

Թուրքականները՝ միջազգային հարաբերությունների հարցերի վրա:

Վրաստանում հետազոտությունն անցկացվել է 2017թ-ի ապրիլ-մարտին երեք շրջանններում, որոնք խիտ բնակեցված են մուսուլմանական համայնքով՝ Քվեմո Քարթլիում, Աչարա շրջանի բարձրադիր գյուղերում և Պանկիսիի կիրճում: Վրաստանում հետազոտության թեման մասնագիտացված էր և հնչում էր այսպես. «Մուսուլման երիտասարդության խնդիրներն ու տեղեկատվության ուսումնասիրումը»: Հարցվել է 18-29 տարեկան 1206 մարդ:

Հարցվածները նշել են տեղեկատվության իրենց աղբյուրները, մուսուլմանական թեմայով տեղական մեդիայի աշխատանքն են գնահատել, ինչպես նաև պատասխանել, թե արդյոք լրագրողները հաղորդում են երիտասարդ մուսուլմանների խնդիրների մասին:

Վրացական լրատվամիջոցները մուսուլմանների մասին խոսում են ոչ բավարար չափով և հաճախ՝ բացասական տեսանկյունից, կարծում են հարցվածները:

Հարցվածների միայն 33,3 տոկոսն է նշել, որ վրացական լրատվամիջոցները դրական են լուսաբանում Վրաստանի մուսուլմանական համայնքի կյանքն, ավանդույթներն ու խնդիրները: Միաժամանակ շատերը նշել են, որ այդպիսի հրապարակումներն ակնհայտ բավարար չեն:

Այնուամենայնիվ, հարցազրույցի ժամանակ մարդիկ հատկապես բողոքել են նրանից, որ հաճախ մուսուլմանները նույնականացվում են ահաբեկիչների հետ: Հարցվածների մեծ մասը նշել է, որ անընդունելի է վրացական լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ հետևյալ տերմինների տարածումը՝ «թաթարներ», «մահմեդականներ», «մահմեդական մեսխեր», «թուրք մեսխեր»:

«Երբ Անդերս Բրեյվիկն ավելի քան 70 երիտասադի սպանեց, չէին հիշատակում, որ նա քրիստոնյա էր, կրակապաշտ, թե բուդդիստ: Իսկ եթե մուսուլմանն է ահաբեկչության մասնակից, ապա առաջին պլան է մղվում հենց նրա դավանանքը… Կոպիտ ասած, ողջ նեգատիվը մեզ վրա է ուղղվում», — հարցման ժամանակ հայտարարել է երիտասարդ հարցվածներից մեկը:

««Թաթար» բառի մեջ, իմ կարծիքով,  քամահրանք է հնչում: Ես Աջարիայի վրացի եմ, ինչո՞ւ են ինձ «թաթար» անվանում: Միայն այն պատճառով, որ այստեղ մի ժամանակ այդ զավթիչներն են եղե՞լ: Եկեք ուրեմն կախեթցիներին «լեկ» կամ «կիզիլբաշ» անվանենք. չէ՞ որ նրանք են ժամանակին այնտեղ տիրություն արել», — այսպես է Աչարայի երիտասարդ բնակիչներից մեկը գնահատում Աչարայի մուսուլմանների հանդեպ գործածվող «թաթարներ» բառը:

Մեդիամոնիթորինգը պարզել է, որ վրացական հեռուստաալիքները մուսուլմանների թեմային են անդրադառնում, երբ պաշտոնական անձինք շնորհավորում են համայնքը կրոնական տոների առթիվ: Սակայն հենց մուսուլմանական համայնքի ներկայացուցիչների կարծիքները վրացական հեռուստատեսությունում հազվադեպ են ներկայացված լինում:

«Վրացական լրատվամիջոցները մեզ հիշում են միայն, եթե ինչ-որ հանցագործություն է տեղի ունենում կամ մեր շրջան է ժամանում վարչապետը կամ նախագահը: Մնացած ժամանակ մեր խնդիրները ոչ ոքի չեն հետաքրքրում: Իսկ հաճախ մուսուլմանական թեմաների լուսաբանումն էթիկական խախտումներով է տեղի ունենում: Մեր մասին երբեմն պատմում են որպես օտարերկրացիների մասին: Զգում ենք, որ մեզ չեն ընկալում որպես Վրաստանի լիիրավ քաղաքացիների», — ասում է Ռուսթավիի 23-ամյա բնակիչ Գուլնարա Մամադովան:

Տեղեկատվության աղբյուրները

Հետազոտության համաձայն՝ Վրաստանում երիտասարդ մուսուլմանների համար տեղեկատվության հիմնական աղբյուրը վրացական հեռուստաալիքներն են, որոնցից առաջատարը «Ռուսթավի-2»-ն ու «Իմեդին» են:

Երկրորդ տեղում տարբեր շրջանների տարբեր պարբերականներն են: Աչարայի և Պանկիսիի շրջաններում դա ռուսական և թուրքական լրատվամիջոցներն են, Քվեմո Քարթլիում (խիտ բնակեցված է ադրբեջանցիներով)՝ ադրբեջանականը:

Մեդիայի զարգացման հիմնադրամի հետազոտությունը հետևյալ մեդիապլատֆորմների մոնիթորինգ է անցկացրել.

«Ռուսթավի-2», «Իմեդի» վրացալեզու հեռուստաալիքներ, Հանրային հեռարձակող, Աչարայի շրջանի հանրային հեռարձակող, IPN, PIA, «Նեթգազեթի», «Վրաստանն ու աշխարհը»;

Ռուսական ՆՏՎ, «Մոլորակ ՌՏՌ», «Առաջին ալիք», «Սպուտնիկ» լրատվամիջոցներ;

Ադրբեջանական Oxu.az և Big.az;

Թուրքական Cumhuriyet.com.tr и Milliyet.com.tr պարբերականներ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում