Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը երկընտրանքի առաջ է կանգնեցրել Վրաստանի իշխող կուսակցությանը " />

«Վրացական երազանքի» երուսաղեմյան երկընտրանքը

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը երկընտրանքի առաջ է կանգնեցրել Վրաստանի իշխող կուսակցությանը

«Վրաստանը դիրքորոշում կհայտնի՝ ելնելով իր ազգային շահերից, բնականաբար հաշվի առնելով միջազգային կոնյուկտուրան և տարածաշրջանում առկա սպառնալիքները»:

Սա առայժմ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի միակ հայտարարությունն է Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո:

Թրամփի որոշումը տարաձայնություններ է առաջացրել Վրաստանի իշխող կուսակցության շարքերում: Թե ինչ դիրքորոշում պետք է զբաղեցնի Վրաստանը՝ քննարկում են նաև փորձագետները:

«Վրացական երազանքի» պատգամավոր Շոթա Շալելաշվիլին Facebook-ի իր էջում բաց նամակով դիմել է Վրաստանի վարչապետին՝ առաջարկելով Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Վարչապետը քննադատել է ազգությամբ հրեա պատգամավորի նամակը՝ այն անվանելով անընդունելի: Որոշ ժամանակ անց Շալելաշվիլիին կանչել են Պետական անվտանգության ծառայությունից:

Պետանվտանգության ծառայությունում նա անցկացրել է մի քանի ժամ: Դուրս գալով այնտեղից՝ նա լրագրողներին հայտարարել է, որ այնտեղ էր անձնական գործով, որը որևէ կապ չունի վարչապետին ուղղված բաց նամակի հետ:

Հանդիպելով վարչապետի բացասական արձագանքին՝ խորհրդարանական մեծամասնությունն ակնհայտորեն շփոթության մեջ է հայտնվել: Այն պատգամավորները, որոնք շտապել էին «հավանել» Շալելաշվիլիի ֆեյսբուքյան գրառումը, արագորեն հետ են սեղմել «հավանելու» կոճակը:

Պատգամավորների շփոթմունքը երևում է նաև հեռուստաալիքներին տված մեկնաբանություններում: Փաստն այն է, որ Թրամփի գործողությունները Վրաստանի իշխանություններին ծանր մտորումների մեջ են գցել:

«Սա այն հարցերից, չէ, որոնց լուծումը շտապողականություն է պահանջում»,- հայտարարել է խորհրդարանում «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

Ուշ երեկոյան Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Վրաստանը պաշտպանում է միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված երկխոսության արդյունքում ձեռք բերված համաձայնագրերի վրա: Դա հաշվի առնելով՝ մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը և կշարունակենք խորհրդակցությունները գործընկերների հետ»:

Վրաստանի իշխանություններին շտապել խորհուրդ չեն տալիս նաև փորձագետները: Վրաստանի նախկին արտգործնախարար Իրակլի Մենագարիշվիլին հայտարարել է, որ «ԱՄՆ-ը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, բայց, չնայած դրան, չպետք է մոռանալ, որ մյուս գործընկերները՝ Եվրամիությունը և Թուրքիան, այլ դիրքորոշում ունեն այդ հարցում»:

«Ես կիսով չափ հրեա են,- ասում է քաղաքագետ Գիա Խուխաշվիլին: Զգացմունքները թելադրում են, որ Երուսաղեմի մայրաքաղաքի կարգավիճակը պետք է ճանաչվի, բայց հաշվի առնելով պետական շահերը՝ ես չէի շտապի աջակցություն հայտնել ԱՄՆ-ի որոշմանը»:

«Թրամփի որոշումը մեծացնում է ռիսկերը Մերձավոր Արևելքում: Վրաստանը չպետք է լինի Թրամփի որոշմանն աջակցություն հայտնող թվով երկրորդ երկիրը: Մենք առանց այդ էլ թիրախ ենք բարդ տարածաշրջանում»— հայտարարել է Խուխաշվիլին «Էխո Կավկազա»-ի հետ զրույցում:


Կարդալ ավելին JAMnews-ում