Վրաստանում աղբահանության համակարգն այսօր նունքան զարգացած է, որքան 200 տարի առաջ" />

Վրաստան: 3 հասարակ բան, որ մեզ թունավորում է

Վրաստանում աղբահանության համակարգն այսօր նունքան զարգացած է, որքան 200 տարի առաջ

1. Թբիլիսիի օդը

Օդը, որը շնչում են Թբիլիսիի բնակիչներն, օր օրի աղտոտվում է, քանի որ քաղաքում ավելանում է ավտոմեքենաների քանակը: Մայրաքաղաքում է կենտրոնացած երկրի բնակչության մեկ երրորդ մասը և ամբողջ տրանսպորտային միջոցների 40%-ը՝ կեսից մի քիչ պակաս: Մեքենաների տեխնիկական վիճակը միայն ավելի է բարդացնում այս ամենը (դրանց մեծ մասը Եվրոպայից ու ԱՄՆ բերված երկրորդական շուկայի մեքենաներ են), այն առաջվա պես չի վերահսկվում, իսկ բենզինի որակը դեռ աճելու շատ տեղ ունի:

Ինչի՞ է դա բերում

Օրինակ, շնչուղիների հիվանդությունների, իմունային համակարգի ընդհանուր թուլության: Այդ օդն անընհատ շնչելիս օրգանիզմում վնասակար նյութեր են կուտակվում, դրանք դուրս չեն բերվում ու կարող են ամենացավալի հետևանքների հանգեցնել:

Ինչպե՞ս պայքարել 


Ամենաարդյունավետ միջոցը հեծանիվ քշելը կլիներ: Բայց Վրաստանի շրջակա միջավայրի նախարարությունում սթափ են նայում այդ հարցին և ակցենտը դնում են վառելիքի որակի վրա. դա դեռևս միակ բանն է, որ նրանք կարողանում են վերահսկել երկրում, որը 10 տարի առաջ շտապեց հրաժարվել մեքենաների տեխզննումից:

Անցյալ տարի Վրաստանում բենզինի ու դիզելային վառելիքի որակի նորմերը մոտեցրել են եվրոպականին, իսկ 2 տարի հետո նախատեսվում է այն համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին: ճիշտ է՝ դա դեռ չի նշանակում, որ այդ նորմերը պահպանվելու են: 2016թ. բնապահպանները պատրաստվում են նշել այն բենզալցակայանները, որոնք կհամապատասխանեն այդ նորմերին: Որպեսզի գոնե իմանանք՝ ինչ վառելիք ենք օգտագործում:

2. Աղբը

Վրաստանի շատ բնակավայրերում կենցաղային աղբի հետ հետևյալ կերպ են վարվում. աղբամանը տնից դուրս են հանում, հասնում են, ասենք, մինչև ձորակն ու նետում աղբը: Հաճախ ձորակի փոխարեն գետի ափ է լինում: Դա, այսպես կոչված, չարտոնված, ապօրինի աղբավայրերն են: Որպեսզի աղետի հետևանքները պատկերացնեք, նշենք, թե Վրաստանում քանի արտոնագրված աղբավայր կա. բոլոր քաղաքները, գյուղերն ու ավանները միասին՝ 63: Դրանցից միայն երկուսը՝ Թբիլիսիինն ու Գարդաբանիինն են միջազգային չափանիշներին համապատասխանում:

Վրաստանում մինչ այժմ թափոնների վերամշակման պետական վերահսկողության մեխանիզմներ չկան, չկա օրենսդրություն, որը թույլ կտա անվտանգ ու արդյունավետ ազատվել աղբից: Այս ուղղությունն ընդհանուր առմամբ Վրաստանում զարգացած է այնքան, որքան 200 տարի առաջ:

Ինչի՞ է դա բերում

Ձորակներում թափվող աղբը սովորաբար այրում են: Այսինքն՝ այստեղ, այս ինքնաշեն աղբավայրից մի քանի մետր հեռավորությամբ ապրող բնակչությունը պարբերաբար թունավոր ծուխ է շնչում: Աղբը թունավորում է ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիներին՝ տնային և վայրի: Աղբավայրերում խոզեր ու կովեր են արածում, իսկ գյուղական համայքներում աղբը քչփորում են աղվեսներն ու բորենիները:
Ավելացնենք նաև, որ վտանգավոր թափոնները, օրինակ, օգտագործված տնտեսող լամպերը կամ ջարդված ջերմաչափերը (երկուսն էլ սնդիկ են պարունակում) նետվում են այստեղ, հետևաբար նաև՝ այրվում են ու շնչելիս մտնում օրգանիզմ: Կամ աղբավայրում արածող կովի կաթն է թունավորում մարդկանց:

Ինչպե՞ս պայքարել

Անհրաժեշտ են ժամանակակից սանիտարական աղբավայրեր բոլոր շրջաններում, աղբահանության բարեկարգ համակարգ: Անհրաժեշտ է նաև թափոնների տեսակավորում կամ գոնե բաժանում՝ վտանգավորի և անվտանգի, և անխնա տուգանքներ՝ չնախատեսված վայրում աղբ նետելու համար:

Բայց որպեսզի այս, կարծես, տարրական միջոցները ներդրվեն ու սկսեն աշխատել, նվազագույնը մի քանի տարի է պետք. որքան էլ տարօրինակ հնչի, պետությունը դեռ օրենսդրության մշակման փուլում է գտնվում: Ճիշտ է՝ զուգահեռ քննարկվում է նաև Արևմտյան Վրաստանում նոր աղբավայրի կառուցման հարցը: Բեկումնային չէ, բայց էլի բան է:

3. Ջուրը

Վերցնենք, օրինակ, վրացական Քվեմո Քարթլի մարզի Բոլնիսի շրջանը: Այտեղ կլիման բարեխառն է, հողերը՝ բերրի, նաև, ի տարբերություն այլ վրացական շրջանների, այստեղ լավ զարգացած է ոռոգման համակարգը: Այդ պատճառով էլ տեղի բնակիչները մի տարվա մեջ երեք անգամ են բերք են ստանում և համարյա ողջ Վրաստանն ապահովում են բանջարեղենով ու կանաչեղենով:

Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե այս շրջանի բանջարեղենում ու կանաչեղենում ծանր մետաղների պարունակությունն այդքան բարձր չլիներ: Դա այն բանի հետևանք է, որ տեղի արդյունաբերական օբյեկտները (չեմպիոնն այս հարցում Բոլնիսի լեռնահարստացուցիչ կոմբինատն է) աղտոտում են տեղի գետերը՝ Կազրետելան ու Մաշավերան: Մի քանի տարի առաջ գերմանացի ու վրացի մասնագետները համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ Բոլնիսի շրջանի գյուղատնտեսական հողերի մեկ հեկտարում պղնձի պարունակությունը նվազագույնը 12,5 կգ է, ցինկինը՝ 3,5 կգ, կադմիումինը՝ 17 գ: Այս ցուցանիշները տասնյակ անգամ գերազանցում են ընդունված նորմերը: Բայց բանջարեղենը, միրգն ու կանաչին նախկինի պես վաճառասեղաններին են: 

Ինչի՞ է դա բերում

Օնկոլոգիական հիվանդությունների աճին: Դրանք հաճախակի են դարձել նշված ռեգիոնի բնակիչների շրջանում, բայց այլ տեղերում նույնպես ավելի ու ավելի հաճախ են հանդիպում: Շատ բժիշկների կարծիքով՝ Բոլնիսի շրջակայքը բնապահպանական կարևոր դեր ունի Վրաստանում լյարդի քաղցկեղով հիվանդների թվի աճի հարցում:

Ինչպե՞ս պայքարել

Անհրաժեշտ են ժամանակակից մաքրող կայաններ, արդյունաբերական օբյեկտների աշխատանքի մանրամասն վերլուծություն, նոր տեխնոլոգիաների ներդրում: Ջրի մեխանիկական մաքրումից զատ (որը նույնպես Վրաստանում շատ հազվադեպ է արվում), բիոմաքրման համակարգեր են պետք: Եվ, կարծես, պետք է նաև գիտակցել, որ մեր թույլտվությամբ թունավորվող ջուրը մենք տալիս ենք մեր երեխաներին, որ խմեն:


Կարդալ ավելին JAMnews-ում