Տասը տարի անց այստեղ շարունակում են գտնել չպայթած զինամթերք" />

Վրաստան. օգոստոսյան պատերազմի մահացու ժառանգությունը

Տասը տարի անց այստեղ շարունակում են գտնել չպայթած զինամթերք

Halo Trust-ի աշխատակիցներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում 2008թ-ի մարտական գործողությունների նախկին գոտում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews. Ձևերա, Վրաստան

Ռուսական ռազմաբազաներն ու Հարավային Օսիայի տարածքի գյուղերն այստեղից երևում են, ինչպես ափի մեջ: Գորիի մունիցիպալիտետի Մերեթի գյուղը 2008թ-ի օգոստոսին հայտնվել էր ռուս-վրացական պատերազմի էպիկենտրոնում և ինտենսիվ ռմբակոծության ենթարկվել այնպես, ինչպես հարևան գյուղերը:

Այդ ժամանակներից 10 տարի է անցել, սակայն պատերազմի հետքերն այդ գյուղերում դեռևս աչք են ծակում: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ տան պատերին և դարպասներին կարելի է փամփուշտների, բեկորների և հրդեհների հետքեր նկատել:

Հիմա այստեղ հանգիստ է: Լռությունը խախտում է միայն թռչունների ծլվլոցը, տրակտորների հռնդյունն ու դաշտում աշխատող գյուղացիների ձայները: Գարունն այստեղ ամենաակտիվ շրջանն է:

Գյուղատնտեսությունն այս շրջանի բնակչության համար եկամտի գրեթե միակ աղբյուրն է: Տեղացիներից շատերն ապրում են այգեգործության և բանջարեղենի մշակման հաշվին:

Մերեթիի բնակիչ Իվանե Բայիաձեն ուշադիր զննում է իր այգու խնձորենիները: «Անցյալ տարի խնձորի գինը լավն էր, մենք գոհ ենք: Մարդկանց մոտ հույս և աշխատելու ցանկություն հայտնվեց, այս տարի բոլորը դուրս են եկել աշխատանքի», – ասում է Իվանեն:

Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ այստեղ ոչ ոք հող չէր մշակում, քանի որ դա կյանքի համար վտանգավոր էր. պարբերաբար պատերազմից մնացած զինամթերք էր պայթում:

Վախ տարածող կասետային զինամթերքը խաղաղ բնակիչների համար ամենավտանգավորն է

2008թ-ի պատերազմում ինչպես Ռուսաստանն, այնպես էլ Վրաստանը կասետային ռումբեր էին կիրառում, որոնք առանձնակի ծանր վնաս էին հասցնում: Այդ մասին մանրամասն հաշվետվություն է ներկայացրել Human Rights Watch միջազգային կազմակերպությունը, որի համաձայն՝ կասետային ռումբերի մնացորդները թափված են մնացել մարտական գործողությունների գոտու բնակելի տարածքներում, այդ թվում՝ տների և դպրոցների բակերում, դաշտերում, ֆերմաներում և ճանապարհների մոտ:

Չնայած Human Right Watch-ի հավաքած ապացույցներին և ականազերծմամբ զբաղվող կազմակերպությունների հաշվետվություններին՝ Ռուսաստանը մինչև հիմա հերքում է կասետային զինամթերքի կիրառման փաստը: Վրաստանը խոստովանել է դրանց օգտագործումը, սակայն հայտարարել է, որ կիրառել է դրանք միայն ռուս զինվորականների դեմ:

Մարտական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում զոհերի (ընդհանուր 228 մարդ) պատճառը հիմնականում եղել է այդ տեսակի ռումբերի և արկերի կիրառումը:

Զոհեր եղել են նաև պատերազմից հետո. մարտական գործողությունների ավարտից հետո զինամթերքի պայթյունների հետևանքով շրջանում 6 մարդ է զոհվել, 19-ը վիրավորվել է:

Կասետային ռումբերը կազմված են կոնտեյներներից, որոնք բացվում են օդում և մեծ տարածության վրա տարածում են մեծ քանակությամբ մանր զինամթերք կամ ռումբ: Զինամթերքի այս տեսակն առանձնապես վտանգավոր է խաղաղ բնակչության համար, այդ թվում՝ մարտական գործողությունների ավարտից հետո: 2008թ-ին Դուբլինում 108 երկիր կասետային զինամթերքի օգտագործման, պահեստավորման և փոխանցման արգելման մասին համաձայնագիր է ստորագրել: Սակայն ստորագրածների թվում չկա ոչ Ռուսաստանը, ոչ Վրաստանը: Ոչ Վրաստանը, ոչ Ռուսաստանը չեն ստորագրել նաև Օտտավայի կոնվենցիան, որն արգելում են հակահետևակային ականների օգտագործումը:

Հիմա այդ տարածքը մաքրված է կասետային զինամթերքից, սակայն մնացել են հետքեր՝ վիրավոր մարդիկ, ավերված տներ, որոնք շատ ընտանիքներ դեռևս չեն կարողացել վերականգնել, հոգեբանական վնասվածքներ. տեղացիները պատմում են, որ մինչև հիմա «լսում են» պայթյունների ձայները:

Զուրաբ Զարիձեն ապրում է Մերեթի գյուղում: Նա խնձորի մեծ այգի ունի, որով գումար է վաստակում: Այն, որ Զուրաբն այսօր կենդանի է, զուտ պատահականություն է: Երեք տարի առաջ նա աշխատում էր այգում, երբ պայթյուն տեղի ունեցավ: Հարվածային ալիքը նրան տրակտորից դուրս էր նետել մի քանի մետր հեռավորության վրա: Մարմնում 13 բեկոր էր մնացել, բժիշկները որոշել էին, որ դրանք հանելը չափազանց ռիսկային է:

Այդ պայթյունից հետո տարբեր երկրներում ականազերծմամբ զբաղվող բրիտանական  Halo Trust կազմակերպության մասնագետները Զարիձեի հողամասից և հարակից տարածքից 837 տարբեր տեսակի զինամթերք դուրս բերեցին:

 

Խաղաղ կյանքի իրավունք

Թանդիաշվիլիների ընտանիքի՝ Ախալդաբա գյուղի տան վրա մինչև հիմա երևում են պատերազմի հետքերը. պատերից տեղ-տեղ թափվել է ծեփամածիկը, երկրորդ հարկի պատուհանների ապակիները կոտրված են: Գյուղը ռմբակոծվել է օգոստոսյան պատերազմի ժամանակ, տան վրա S8 տիպի հրթիռ է ընկել: Նույնիսկ հիմա՝ 10 տարի անց, Քեթևան և Նիկոլոզ Թանդիաշվիլիները հնարավորություն չունեն վերանորոգել տունը:

Քեթևանը հիշում է, թե ինչպես տունը քիչ էր մնացել, որ օդ բարձրանար:

«Գյուղը ռմբակոծում էին, հարևաների տներն այրվում էին: Ռումբերից մեկը պայթեց հենց մեր դարպասների մոտ: Եվս մեկն ընտավ տան վրա: Երբ մենք ներս մտանք, տեսանք, որ առաստաղը փլվել է, իսկ հատակին փոս էր հայտնվել»:

Սակրավորները նրանց ասել են, որ հրթիռը կարող էր պայթել ցանկացած պահի: Այն վնասազերելու համար ստիպված են եղել 2 մ խորությամբ փոս փորել և մի քանի օր աշխատել:

Բրոցլեթի գյուղի բնակիչ, 4 երեխաների հայր Քարթլոս Սուրամելիին հանդիպեցինք, երբ նա էտում էր մոշի ճյուղերը: Այն հողամասից, որտեղ այսօր ընտանիքն աճեցնում է լոլիկ, խնձոր և սալոր, 2008թ-ին սակրավորները կասետային զինամթերքի 160 մնացորդ և 11 պայթյունավտանգ մասեր են դուրս բերել:

Քարթլոսը վիրավորվել էր, նրա մարմնում 16 բեկոր կա:

Քարթլոս Սուրամելին հրաշքով է փրկվել ռմբակոծումից, նրա հողակտորում կասետային ռումբերի 160 մաս են գտել: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, Բրոցլեթի, Վրաստան

Կասետային ռումբերի մնացորդներից հակամարտության գոտու վնասազերծման գլխավոր աշխատանքը կատարել է Halo Trust-ը: Աշխատանքի մեծ ծավալի պատճառով 2008թ-ին կազմակերպությունը 150 տեղացիների է աշխատանքի ընդունել, սովորեցրել է նրանց և անհրաժեշտ սարքավորումներ տրամադրել:

Նրանց թվում էր նաև Մեգվրեկիսի գյուղի բնակիչ Գեորգի Մայիսուրաձեն, որը զինամթերքից մաքրել է սկզբում իր հողամասն, այնուհետև՝ հայրենի գյուղի հողերը:

«Դա շատ դժվար աշխատանք էր: Երբ ստանում էինք հատուկ սարքի ազդանշանը, նշում էինք այդ վայրն ու այդտեղ փորում հողը: Հետո հայտնաբերված ռումբը պայթեցնում էինք տրոտիլով: Ես անձամբ հսկայական քանակությամբ ռումբեր եմ գտել: Մենք զննել ենք յուրաքանչյուր միլիմետրը: Դրանից հետո մեզ մոտ ոչինչ չի պայթել», – պատմում է Գեորգին:

Ինչպես և նրա համագյուղացիները, նրա ապրուստի միջոցը հիմա գյուղատնտեսությունն է: Պատերազմից հետո արդեն նա ընտանիք է ստեղծել և երկու տղա է մեծացնում:

«Մենք շատ բարդ ժամանակներ ենք վերապրել, մինչև կարողացել ենք սեփական հողում խաղաղ աշխատելու հնարավորություն ստանալ: Հույս ունեմ, որ այլևս երբեք ստիպված չեմ լինի արկեր փնտրել», – ասում է նա:

Գեորգի Մայիսուրաձեն մասնակցել է հայրենի գյուղի ականազերծման գործին: Այժմ նա գյուղատնտեսությամբ է զբաղվում արկերից և ականներից մաքրված հողում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews: Մեգվրեկիսի, Վրաստան

Halo Trust-ը բրիտանական կազմակերպություն է, որն աշխատում է աշխարհի 19 երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, տարածքներն է մաքրում հակամարտությունների ժամանակներից մնացած արկերից և զինամթերքից: Վրաստանում կազմակերպությունն աշխատում է 1997թ-ից: Այդ ընթացքում Վրաստանում Halo Trust-ն ականազերծել է 135 մլն քառակուսի մետր տարածք: Այդ թվում՝ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Օմալո և Շենակո լեռնային գյուղերում, ինչպես նաև նախկին խորհրդային ռազմաբազա ներում, որոնք գտնվում էին Ախալքալաքի, Մծխեթայի, Թելավիի, Սագարեջոյում, Չողնարիում և Դավիթ Գարեջի նախկին պոլիգոնում: Վրաստանում ականազերծման աշխատանքները տարբեր ժամանակ ֆինանսավորել են Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Գերմանիան: 2010թ-ից Վրաստանում կազմակերպության գործունեությունը ֆինանսավորում է Ճապոնիան: Ընդհանուր առմամբ Վրաստանում ականազերծման համար 40 մլն 882 հազար դոլար է ծախսվել: Դրանից 25 մլն 759 հազարն՝ Աբխազիայում:

Աշխատանք դեռ շատ կա

Լիախվի գետի ափին գտնվող Ձևերա գյուղի մոտ սպիտակ զրահապատ էքսկավատորը հողի մեծ շերտ է ընտրում: Ճանապարհի մոտ մի քանի մետր երկարությամբ տարածք շերտերի է բաժանված սպիտակ ներկված  քարերով: Սակրավորները մետաղի դետեկտորների օգնությամբ այստեղ չպայթած զինամթերք են փնտրում:

Հողից Halo Trust-ի աշխատակիցների հանած զինամթերքը 2008թ-ի մարտական գործողությունների նախկին գոտում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews: Գորի, Վրաստան:

Հողի յուրաքանչյուր քառակուսի մետրը մանրակրկիտ ուսումնասիրվում է մինչև 15սմ խորություն: Մեր աչքի առջև ականանետի ական գտան: Այն տանում են անվտանգ վայր և պայթեցնում:

Դա կասետային ռումբ չէ. այդ վայրում պատերազմի ժամանակ ռուսական ավիացիան ռմբակոծել է զինամթերքով բեռնված վրացական բեռնատարը: Արդյունքում՝ զինամթերքի մնացորդները տարածվել են մեծ տարածության վրա: Հիմա Halo Trust-ն է փնտրում դրանք:

Սակրավորները Ձևերայում արդեն 20 ականանետային ական և 16 իներտ (ոչ մարտական վիճակում) զինամթերք են գտել: Այստեղ, ըստ ամենայնի, ևս երկու շաբաթ ստիպված կլինեն աշխատել:

Սակրավորների մյուս խումբն աշխատում է Դվանի գյուղում:

Halo Trust-ի աշխատակիցներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում 2008թ-ի մարտական գործողությունների նախկին գոտում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews: Ձևերա, Վրաստան:

Halo Trust-ն աշխատում է Շիդա Քարթլի շրջանում 2008թ-ից՝ այն պահից, երբ ավարտվել է պատերազմի ակտիվ շրջանը:

Ընդհանուր առմամբ 18 գյուղում 34 մլն քառակուսի մետր տարածք է ականազերծվել: Հայտնաբերվել է 3789 չպայթած զինամթերք, որոնցից 1759-ը՝ կասետային:

Սակայն դա դեռ ամենը չէ. ինչպես ասում է Վրաստանում Halo Trust ծրագրի մենեջեր Իրակլի Չիտանավան, վտանգավոր տեղեր դեռ շատ կան:

«Շիդա Քարթլի շրջանում մի քանի վայր է մնում, որտեղ պատերազմից հետո դեռ կարող են զինամթերքի մնացորդներ պահպանվել: Դա, օրինակ, Զեմո Նիկոզի գյուղն է, որտեղ  վարչական սահմանին ական են գտել: Այդ պատճառով էլ այդ վայրն անպայման պետք է մաքրել: Ուսումնական արկեր են հայտնաբերվել Կարելիի շրջանի Դիրբի գյուղում՝ նախկին պոլիգոնի տարածքում: Ամենաբարդ իրավիճակը Չոնտո գյուղում է, որի վրա 2008թ-ին  ռուսական ինքնաթիռ է ընկել: Այնտեղ 24 ավիառումբ է հայտնաբերվել: Սակայն այնտեղ հասնելու համար պետք է հատել այսպես կոչված սահմանը»,ասում է Չիտանավան:

Մարտի 16-ին Halo Trust-ը սկսել է Դվանի գյուղի տեխնիկական հետազոտման աշխատանքները, որտեղ մի քանի տարի առաջ երեխայի ձեռքում զինամթերք էր պայթել, և նա զրկվել էր մատներից: Այնտեղ դեռևս ոչինչ չեն գտել: Սակայն, Չիտանավայի խոսքով, վերջնականապես համոզվելու համար շրջանում դեռ մոտ 20 հազար քառակուսի մետր տարածք է պետք ստուգել:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում