Զգո՛ւյշ: Այն, ինչ շահեկան է Ռուսաստանի համար, մեխանիկորեն վատ է Վրաստանի համար, կարծում են «Գազպրոմի» հետ նոր պայմանագրին դեմ արտահայտվողները " />

Վրաստան – «Գազպրոմ»․ Անորոշության տարի

Զգո՛ւյշ: Այն, ինչ շահեկան է Ռուսաստանի համար, մեխանիկորեն վատ է Վրաստանի համար, կարծում են «Գազպրոմի» հետ նոր պայմանագրին դեմ արտահայտվողները

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա գազի բալանսը, որտեղ նշված է, որ 2018թ-ին Վրաստանն այլևս ռուսական գազ չի գնելու:

Փաստաթղթում նշվում է, որ 2018թ-ին Վրաստանը կստանա ընդամենը 2.689մլրդ կուբամետր գազ: Դրա 99,65%-ն ադրբեջանական գազ կլինի (1,866 մլրդ կուբամետրը՝ «Սոկար» ընկերությունից, 813-ը՝ Շահդենիզ գազի հանքավայրից): Մնացած 9.41մլն կուբամետրը կարդյունահանվի Վրաստանում:

Չնայած, որ Գազպրոմից կախվածությունից ազատվելը Վրաստանի հայտարարագրած նպատակներից մեկն է, և, առաջին հայացքից, այդ նորությանը պետք է հետևի դրական արձագանք, սակայն հակառակը տեղի ունեցավ. կրկին քննարկում սկսվեց այն մասին, թե ինչ է գրված պայմանագրում, որը Վրաստանը ստորագրել է Գազպրոմի հետ անցյալ տարի:

2017թ-ի սկզբին Վրաստանը Գազպրոմի հետ նոր պայմանագիր է ձևակերպել 2 տարի ժամկետով: Պայմանագրում գլխավորն այն էր, որ փոխվել էր բնական գազի տարանցման դիմաց վճարի սխեման: Եթե նախկինում երկար տարիներ շարունակ Վրաստանը ստանում էր իր տարածքով Հայաստան տեղափոխվող գազի 10%-ը, նոր պայմանագրով Վրաստանը Ռուսաստանից ստանալու էր ոչ թե գազ, այլ տարանցման դիմաց վճար:

Փորձագետներն ու իշխանության ընդդիմադիրներն ամենասկզբից այդ պայմանագիրը գնահատել են որպես տնտեսապես վնասաբեր: Իսկ իշխանությունների գլխավոր փաստարկներից մեկն այն էր, որ Վրաստանը չի կարող առանց ռուսական գազի մնալ, քանի որ Ադրբեջանը չի կարող ամբողջությամբ բավարարել Վրաստանի պահանջարկը:

2018թ-ի՝ էկոնոմիկայի նախարարի ստորագրած բալանսում բոլորովին այլ պատկեր է. պարզվում է, որ Ադրբեջանը կարող է ամբողջությամբ բավարարել Վրաստանի գազային պահանջարկը:

Պայմանագրի ստորագրումից մեկ տարի է անցել, սակայն դրա պայմանները մինչև հիմա գաղտնի են: Այդ թվում, հայտնի չէ նաև, թե որքան է վճարում ռուսական կողմը Վրաստանի տարածքով գազի տարանցման դիմաց: «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ, տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն ասում է, որ նոր պայմանագրի պատճառով երկիրը կորցրել է նվազագունը 80մլն լարի (մոտ 32 մլն դոլար):

«Իրականում Վրաստանը պարզապես գումար չունի ռուսական գազ գնելու համար, քանի որ Գազպրոմի կողմից տարանցման համար վճարվող գումարը հազիվ է հերիքում այն հայկական սահմանին հասցնելու ծասերը հոգալու համար», – ասում է Գոցիրիձեն:

Վնասների մասին է խոսում նաև փորձագետ Գիա Խուխաշվիլին: «Իրականությունն այն է, որ Գազպրոմի հետ նոր պայմանագրի պատճառով մենք վնասներ ենք կրել: Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող գազի 10%-ն ավելի շատ էր, քան այն գումարը, որը մենք ստանում ենք Ռուսաստանից տարանցման դիմաց», – ասում է նա:

Խուխաշվիլիի խոսքով՝ «իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե Վրաստանը դադարել է գազ գնել Ռուսաստանից և այլևս քաղաքականորեն նրանից կախված չէ, սուտ է»:

Վրաստանը Գազպրոմից գազ չի գնում արդեն 10 տարի՝ 2007թ-ից, և ստանում էինք Հայաստանին մատակարարվող գազի 10%-ը տարանցման համար, պարզաբանում է Խուխաշվիլին:

«Ազգային շարժումը» դատարան է դիմել՝ պահանջելով հանրայնացնել Գազպրոմի հետ գործարքի պայմանները: Թբիլիսիի քաղաքային դատարանը վարույթ է ընդունել հայցը, և չի բացառվում, որ դատարան կանչվեն Գազպրոմի ներկայացուցիչները:

«Մենք պետք է ստանանք այն հարցի պատասխանը, թե ինչու է գործարքը գաղտնի, և ինչն է խանգարում դրա հրապարակմանն», – ասում է Ռոման Գոցիրիձեն:

2007թ-ից Ադրբեջանը Վրաստանին փաստացի միակ գազ մատակարարողն է: Ռուսական գազը Հայաստան արտահանվող գազի ընդամենը 10% էր կազմում, դա «Գազպրոմի» վճարն էր Վրաստանին տարանցման դիմաց:

2017թ-ից «Գազպրոմի» հետ պայմանագրում ինչ-որ բան փոխվեց: Այսուհետ ռուսական կողմը Վրաստանին տարանցման ծառայությունների համար վճարելու է ոչ թե հումքով, այլ փողով: Դա Ռուսաստանի պայմանն էր: Երկար տարիներ դիմադրելուց հետո Վրաստանը ստիպված էր համաձայնել:

Ինչո՞ւ, հարցադրում է անում Թբիլիսին:

Վրաստանի ճանապարհը դեպի էներգետիկ անկախություն սկսվեց 2006թ-ի  ցուրտ ձմռանը:

Նոյեմբերի 22-ի գիշերը լեռներում՝ Վլադիկավկազից 30կմ հեռավորության վրա, երկու պայթյուն շարքից հանեց երկու գազատար: Հենց այդ գազատարներով էր Ռուսաստանից Վրաստան գալիս կապույտ վառելիքը:

Այդ նույն օրը Կարաչաևո-Չերկեսիայում խափանվեց էլեկտրամատակարարման գիծը. Վրաստան դադարեց մտնել ռուսակսան էլեկտրաէներգիան: Թբիլիսիի մեծ մասը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում մնաց առանց լույսի և գազի: Խնդիրներ առաջացան նաև Հայաստանում, որը ռուսական գազ էր ստանում Վրաստանի տարածքով:

Վրաստանի իշխանությունները տեղի ունեցածը վանդալիզմ և դիվերսիա անվանեցին: Թբիլիսիում վստահ էին, որ Ռուսաստանն այդպիսի գործողություններով Վրաստանին ստիպում է նրա վերահսկողությանը փոխանցել իր ռազմավարական օբյեկտներն, այդ թվում՝ գազատարը: Դրանից մի քանի ամիս անց «Գազպրոմը» բարձրացրեց Վրաստանին մատակարարվող գազի գները՝ 1000 կուբամետրի դիմաց 11 դոլարից մինչև 235 դոլար: Այդպիսով ռուսական ընկերությունը Վրաստանի համար ամենաբարձր սակագինը սահմանեց ԱՊՀ տարածքում (այն ժամանակ Վրաստանը դեռ այդ կառույցի անդամ էր):

Այդ իրադարձություններին նախորդեց այսպես կոչված «լրտեսական սկանդալը» Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը տեղի ունեցավ 2006թ-ին: Ի պատասխան Վրաստանի իշխանությունների կողմից ռուսական լրտեսներին բացահայտելուն և նրանց վտարելուն նվաստացած Կրեմլը գազի գների բարձրացմանը զուգահեռ ողջ Ռուսաստանի մասշտաբով սկսեց այդ երկրում բնակվող վրացիներին հետապնդել: Իսկ ավելի ուշ էմբարգո մտցրեց վրացական գյուղատնտեսական արտադրանքի համար: Այդ իրադարձություններից ավելի քան տասը տարի է անցել: Այսօր Վրաստանը սպառում է 2,5 մլն կուբամետր բնական գազ, որի 90%-ն Ադրբեջանն է մատակարարում:

Այսօր Վրաստանը կախված չէ «Գազպրոմից»: Ռուսական գազը կազմում է երկրի կողմից գազի ընդհանուր սպառման միայն 10%-ը: Այդ 10%-ը Վրաստանն ավտոմատ կերպով է ստանում որպես տարանացման երկիր, որի տարածքով ռուսակսան գազը Հայաստան է գալիս:

Թե ինչ է կախվածությունը «Գազպրոմից» Վրաստանում դեռևս շատ լավ են հիշում, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ ռուսական էներգետիկ հսկայի հետ բանակցությունների մասին ցանկացած տեղեկատվություն այստեղ դրա հանդեպ անվստահություն է առաջացնում և դրան կասկածով են վերաբերվում:

Հենց այդ պատճառով է, որ այն լուրը, թե Վրաստանի իշխանությունները «Գազպրոմին» զիջումների են գնացել, և հումքի փոխարեն տարանցման դիմաց երկիրը փող է ստանալու, իրարանցում և բազմաթիվ հարցեր է առաջացրել:

2016թ-ի վերջին «Գազպրոմի» և Վրաստանի էներգետիկայի նախարարության միջև կնքած պայմանագրի համաձայն՝ 2017թ-ից Վրաստանը Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման դիմաց ստանալու է գումարն, այլ ոչ թե հումքը:

«Գազպրոմի» հետ այդ հարցով բանակցությունները շարունակվում էին երկու տարուց ավել, և վերջնական համաձայնագիրը կողմերը ստորագրեցին միայն 2017թ-ի հունվարին:

Ի՞նչ է հայտնի «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրի մասին

Շատ քիչ բան: Հայտնի չէ գլխավորը՝ որքան գումար է ստանալու Վրաստանը տարանցման ծառայությունների դիմաց: Այդ տեղեկատվությունը գաղտնի է:

Այս թեմայով էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի կցկտուր գնահատականները կան միայն. «Դա Եվրոպայում ամենաբարձր վճարներից մեկն է լինելու» և «Ֆինանսական տեսանկյունից մենք կստանանք նույնը, ինչ գազի տարանցման դիմաց հումքով վճարելու ժամանակ»: Ինչպես նշում է էներգետիկայի նախարարը՝ պայմանագիրը կնքվել է 2 տարով: 2017թ-ին Վրաստանի տարածքով գազի տարանցման դիմաց Ռուսաստանը կվճարի խառը սխեմայով՝ մասամբ գումարով, մասամաբ՝ հումքով, այսինքն՝ գազով: Իսկ 2018թ-ից կողմերն ամբողջությամբ անցում կկատարեն զուտ դրամական հարաբերությունների:

Կալաձեն ասում է, որ, պայմանագրի համաձայն, անհրաժեշտության դեպքում սեզոնային պակասորդի ժամանակ Վրաստանը կարող է «Գազպրոմից» արտոնյալ գներով վառելիքի անհրաժեշտ ծավալ ձեռք բերելու հույս ունենալ: Նախարարի խոսքով՝ «Գազպրոմ-Էքսպորտը» համաձայն է Վրաստանին լրացուցիչ ծավալներ տրամադրել 1000 կուբամետրի դիմաց 185 դոլարով նախկին 215 դոլարի փոխարեն:

Իշխանությունների փաստարկները

Իշխանությունները պնդում են, որ ստիպված էին համաձայնել «Գազպրոմի» պայմաններին՝ հաշվի առնելով իրավիճակի անելանելիությունը, որը մի քանի պատճառ ունի:

Միջազգային պարտավորություններ. Եվրոպայի էներգետիկ խարտիան Վրաստանին պարտավորեցնում է «Գազպրոմից» հումքի փոխարեն փող ստանալ: Գրեթե ոչ մի տեղ տարանցման համար հումքով չեն վճարում: Միջազգային մակարդակում համատարած տարանցման ծառայությունները վճարվում են փողով, և վաղ թե ուշ Վրաստանը պետք է «Գազպրոմի» հետ դրամական հարաբերությունների անցներ, ասում են իշխանության ներկայացուցիչները:

Տարանցիկ երկրի իմիջը. «Գազպրոմի» առաջարկից հրաժարվելու դեպքում Ռուսաստանը գազաապահովման հարցում Հայաստանի համար խնդիրներ կստեղծեր, և դա կարտացոլվեր Վրաստանի՝ որպես տարանցիկ երկրի համբավի վրա:

Իրանը Վրաստանի փոխարեն. Եվս մեկ փաստարկ է այն, որ Ռուսատսանն ընդհանրապես կարող էր հրաժարվել Վրաստանի տարանցման ծառայություններից և սկսեր Հայաստանին իրանական գազ մատակարարել: «Նրանք ուղղակիորեն հայտարարեցին, որ պատրաստ են Հայաստանի համար Իրանից գազ ներմուծել: Այդպիսի վտանգ իրոք գոյություն ունի, և այդ պլանի իրականացումը մեզ համար շատ ցավոտ կլինի», – հայտարարել է էներգետիկայի նախարարը դեռևս նախորդ տարվա հունվարին:

Էներգաանվտանգությանը ոչինչ չի սպառնում. «Այդ պայմանագիրը չի մեծացնում Վրաստանի կախվածությունը ռուսակսան էներգակիրներից: Փոխվում է միայն վճարման ձևը, այդ պատճառով էլ անհանգստանալու բան չկա», – ասում է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Ադրբեջանը մեր բարի դրացին է, սակայն այնուամենայնիվ էներգաապահովումը պետք է դիվերսիֆիկացնել: Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, որն այժմ էլ ուժեղ ազդեցություն ունի կառավարության որոշումների վրա, դեռևս 2015թ-ի վերջին լրագրողներին հայտարարեց, որ կողմ է դիվերսիֆիկացիային: «Ողջ Ռուսաստանն է ապահովված ռուսական գազով, և եթե Վրաստանը դրա սպառողը դառնա, ապա ոչ մի քրեական բան դրանում չկա, – հայտարարել է նա: – Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում շուկայի դիվերսիֆիկացման և այն բանի մեջ, որ մեր գործարարները հնարավորություն ստանան գազ գնել՝ ումից ցանկանում են»:

Ի՞նչ դժգոհություններ ունեն «Գազպրոմի» հետ պայմանագրի հակառակորդները

Մշուշոտ պայմանագիր և ոչ թափանցիկ գործընթաց: Առաջին տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ռուսական պետական ընկերության հետ, Վրաստանի բնակչությունն իմացավ ոչ թե իր կառավարությունից, այլ «Գազպրոմի» կայքից: Դրանից հետո իշխանությունները սկսեցին պարբերաբար իրարամերժ տեղեկատվություն տարածել բանակցությունների բովանդակության մասին, ինչը բազմաթիվ հարցեր և կասկածներ առաջացրեց: Այն, որ մինչև հիմա անհայտ է, թե տարանցման դիմաց որքան գումար է ստանալու Վրաստանը, գործընթացն էլ ավելի մշուշոտ է դարձնում:

Պարտվողական և քաղաքական գին. Բնական գազի գները տատանվում են և կախված են նավթի գներից: Եթե նավթի գինն ընկնի, ապա հետևաբար, Վրաստանն ավելի քիչ գումար կստանա և վնասներ կկրի: Ընդդիմությունն իշխանություններին հիշեցնում է, որ նախորդ տարիների իր փորձից և միջազգային փորձից ելնելով՝ պետք է հիշել, որ Ռուսաստանն էներգակիրների գները սահմանում է՝ ելնելով ոչ թե առևտրային տրամաբանությունից, այլ քաղաքական նպատակահարմարությունից:

Եվրոպական էներգետիկ խարտիայի մանիպուլյացիա: Ռուսաստանը, որը պարբերաբար խախտել է էներգետիկ խարտիայի պայմանները, դեռևս 2009թ-ին կասեցրել է իր անդամակցությունն այդ կառույցին: Ի՞նչ է ստացվում: Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի կողմից պարտավորությունները խախտելու հանգամանքն օգտագործելու փոխարեն, ընդհակառակը, Ռուսաստանի դիրքորոշման արդարացման համար պատճառներ են փնտրում:

Շանտաժ Ռուսաստանի կողմից. Փորձագետներն անիրական են համարում ռուսական կողմից հնչեցված վերջնագիրն այն մասին, որ եթե Վրաստանը հրաժարվի տարանցման դիմաց առաջարկված վճարային սխեմայից, ապա Ռուսատսանը Հայաստանին իրանական գազ կմատակարարի՝ շրջանցելով Վրաստանը: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ դա մաքուր շանտաժ է, քանի որ այդպիսի պլանը մոտ ապագայում ոչ մի կերպ իրագործելի չէ: Երկխոսություն առանց միջնորդների Փորձագետների և ընդդիմության համար անընդունելի է այն, որ Վրաստանը բանակցություններ է վարել «Գազպրոմի» հետ առանց միջազգային գործընկերների մասնակցության:

Ադրբեջանի վիրավորվելը: «Գազպրոմի» հետ քաղաքական ռիսկեր պարունակող բանակցությունները սպառնում են փչացնել Ադրբեջանի հետ կայուն հարաբերությունները: «Արդեն տասը տարի է՝ Ադրբեջանն անխափան կերպով Վրաստանին գազ է ապահովում շահեկան պայմաններով: Գրաֆիկով էլեկտրաէներգիան, մութ ու ցուրտ ձմեռներն անցյալում են: Բացի այն, որ Ադրբեջանը Վրաստանի համար վստահելի գործընկեր է, այդ հարևան երկրի հետ համագործակցությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի», – կարծում է խորհրդարանական փոքրամասնության անդամ Էլենե Խոշտարիան:

  • Այս փուլում Վրաստանի բնական գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է: Նախորդ տարի Վրաստանում օգտագործվող բնական գազի ընդհանուր ծավալի 87,1%-ն Ադրբեջանն է մատակարարել: Վրաստանն ադրբեջանական գազն արտոնյալ գներով է գնում. բնակչությանն այն վաճառվում է 120 ԱՄՆ դոլարով 1000 կուբամետրի դիմաց, ՋԷԿ-երին՝ 143 ԱՄՆ դոլար 1000 կուբամետրի դիմաց, ինչը զգալիորեն ցածր է այն գնից, որը «Գազպրոմն» առաջարկում է իր ռազմավարական գործընկեր Հայաստանին: Ներկա պահին Հայաստանը վճարում է 165 ԱՄՆ դոլար 1000 կուբամետր ռուսական գազի դիմաց:
  • Ադրբեջանական գազից բացի Վրաստանը ռուսական գազ էլ է ստանում, չնայած՝ փոքր ծավալներով: 2014թ-ին Վրաստանը 267 մլն 773 հազար կուբամետր ռուսական գազ է ստացել, ներառյալ 206մլն 166 հազար կուբամետր՝ տարանցման դիմաց: Վրաստանը ստանում է 221 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ գազատարով Հայաստան տարանցվող ռուսական բնական գազի ընդհանուր ծավալի 10%-ը:
  • Նախորդ տարի մոտ 2,1 մլրդ կուբամետր բնական գազ է տարանցվել Հայաստան Վրաստանի տարածքով անցնող գլխավոր գազատարով: Վրաստանը ստացել է տարանցված գազի ընդհանուր ծավալի 0,3 մլրդ կուբամետրը:


Կարդալ ավելին JAMnews-ում