Հնարքները, որոնց դիմում են վարորդները, կասկածի տակ են դնում բարեփոխումների հաջողությունը " />

Վրաստան. արդյոք իրեն արդարացրել է ավտոմեքենաների տեխզննումը, և ինչ թերություններ այն ունի

Հնարքները, որոնց դիմում են վարորդները, կասկածի տակ են դնում բարեփոխումների հաջողությունը

Մեկ տարի է անցել Վրաստանում ավտոմեքենաների պարտադիր պարբերական տեխզննման փուլային գործարկումից հետո: 

Այս բարեփոխումը պետք է լուծեր երկրի երկու գլխավոր խնդիր՝ անվտանգությունը ճանապարհներին և օդի աղտոտվածությունը: Բայց մեկ տարի անց էլ փողոցներով նախկինի պես ընթանում են ավտոմքենաներ, երթուղայիններ և ավտոբուսներ, որոնք իրենց ետևից սև ծուխ են թողնում: 

Որքանով է իրեն արդարացրել տեխզննումը, և ինչ թերություններ այն ունի:

________________________

Վրաստանում պարտադիր պարբերական տեխզննումը սահմանվել է փուլային տարբերակով՝ 2018թ. հունվարից, սկզբում որոշակի տեսակի փոխադրամիջոցների համար՝ ուղևորատար և այլն, իսկ 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է դարձել բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

Այդ սպասարկման համար մարդատար ավտոմեքենաների վարորդները վճարում են 60 լարի, իսկ բեռնատարների վարորդները՝ 100 լարի:.

Լուսանկար՝ Անի Արվելաձե, JAMnews

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFiI) ոչ կառավարական կազմակերպության հետազոտության համաձայն՝ 2018թ. հունվարից մինչև 2019թ. փետրվարը ներառյալ տեխզննում են անցել 232.470 փոխադրամիջոց: 

Սրա գրեթե կեսը՝ 114.830 ավտոմեքենա, նախնական տեխզննում չի անցել: Դրանց մեծ մասը մինչև 2009թ. արտադրության է: 

Տեխզննումը չտապալելու համար ավտոմեքենան պետք է բավարարի մի քանի չափանիշների: Անհրաժեշտ է ունենալ չվնասված հողմապակի, ամբողջական անիվներ, սարքին արգելակման համակարգ և լուսարձակներ: 

Հաշվի առնելով այն փաստը, որ վրացական ավտոպարկն ամենահինն ու մաշվածն է Արևելյան Եվրոպայում, վրացի վարորդների համար բավականին թանկ է նստում մեքենան կարգի բերելը և տեխզննման նախապատրաստելը: 

Վարձույթով անիվներ 

Օրենքի հրապարակումից հետո վարորդները, ինչպես հայտնի դարձավ, սկսել են հեշտ ուղի գտնել: 

Նրանք վարպետների օգնությամբ վարձակալում են մեքենաների մասեր, որպեսզի տեխզննում անցնեն: 

Այդ փորձը, հնարավոր է, զգալիորեն կվնասի տեխզննման բարեփոխումներին: 

Ֆեյսբուքում մի քանի փակ խմբեր կան, որտեղ վարորդները հեշտությամբ տեխզննում անցնելու ուղիներ են խորհուրդ տալիս միմյանց: Ամենատարածված միջոցը հենց պահեստամասերի վարձույթն է: 

Հենց այդ խմբերում էլ տեղեկատվություն է տարածվում ավտոպահեստամասերի վարձույթի մասին. գրում են հասցեն, որտեղ կարելի է վարձակալել պահեստամասեր, իսկ տեխզննում անցնելուց հետո դրանք հետ են վերադարձնում: 

«Պետությունը տեխզննման ճանապարհով գումար ստանալու նոր աղբյուր է մտածել, – ասում է Թբիլիսիից վարորդ Էմզար Կիկաչեիշվիլին, – օդն աղտոտված է, դրա համար էլ տեխզննում են սահմանել: Զննման ժամանակ ամեն ինչ խոտանում են, բացի կատալիզատորից»:

Կատալիզատորը մեքենայի այն մասն է, որ ֆիլտրում է գազի արտանետումները: 

Տեխզննման ժամանակ չեն ստուգում՝ արդյոք մեքենան կատալիզատոր ունի, հետևաբար, այս փուլում դա ունենալը պարտադիր չէ (2020թ.-ից կդառնա պարտադիր): 

Չնայած ստուգում են արտանետումները: Իսկ կատալիզատոր ունեցող մեքենաները մյուսներից շատ են ծուխ հանում: 

Կատալիզատոր գնելն արժենում է մոտ 2000 լարի, այն դեպքում, երբ մեկ օրով դրա վարձակալությունը հնարավոր է մոտ 70 լարիով: 

Տեդո Գորգաձեն վարպետ է, որը տեխզննում է անցկացնում ընկերություններից մեկում: 

Նա ասում է, որ իր ընկերությունում խաբեությամբ տեխզննում անցնել հնարավոր չէ: Չնայած հարցին՝ արդյոք կնկատի, եթե մեքենաներից մեկի վրա վարձույթով կատալիզատոր կամ այլ պահեստամաս դրված լինի, պատասխանում է, որ դա հնարավոր չէ: 

«Գործընկերություն հանուն ճանապարհային անվտանգության» կազմակերպության նախագահ, ՄԱԿ-ի՝ տրանսպորտի և ճանապարհային անվտանգության հարցերով փորձագետ Գելա Կվաշիլավան պնդում է, որ կենտրոն այցելելիս վարորդների մի մասը փորձում է տեխզննում անցնել մանիպուլիացիաներով, այդ թվում վարձակալած ավտոպահեստամասեր օգտագործելու ճանապարհով: 

Կվաշիլավայի խոսքով՝ այդ մեթոդից, ենթադրաբար, օգտվում են նաև հանրային տրանսպորտի մասնավոր սեփականության դեպքում, ինչը հատկապես խնդրահարույց է: 

«Նախկինի պես քաղաքի փողոցներում մենք տեսնում ենք ծխացող ավտոմեքենաներ, հատկապես հասարակական տրանսպորտը, ինչն առաջ է բերում քաղաքացիների արդարացի վրդովմունքը: Եվ դա այն ժամանակ, երբ Վրաստանում հասարակական տրանսպորտը արդեն տեխզննում անցել է»,- ասում է փորձագետը: 

Ըստ նրա տեղեկության՝ վարորդները տեխզննում անցնելիս դիմում են արտանետումները նվազեցնելու տարբեր միջոցների: Լիցքավորվում են «լավ վառելիքով», ավելացնում են «ինչ-որ հավելումներ», ինչը նվազեցնում է կոնկրետ այդ պահին արտանետումների քանակը: 

Կատալիզատորը միակ ավտոպահեստամասը չէ, որը վարձակալում են տեխզննման համար:

«Ես ունեմ 2005թ. РАВ 4, պետք էր փոքրիկ առջևի լուսարձակ, որը օգտագործված պահեստամասի տեսքով արժե 160 լարի: Այդ պահին ես այդ գումարը չունեի, ուստի վարձույթով վերցրեցի 40 լարիով և հետո վերադարձրի տիրոջը», – պատմում է դիտրիբյուտոր Դիտո Սուլավան, որին մեքենա պետք է ամեն օր, ուստի տեխզննումը հետաձգել նա չէր կարող: 

Ավտոպահեստամասերը վարձակալելու փորձը փորձագետները համարում են տեխզննման գլխավոր թերություններից մեկը:

«Մենք տեղեկատվություն ունենք, որ մեկ ժամով վարձակալում են, օրինակ, անիվներ», – ասում է «Տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիայի» նախագահ Դավիթ Մեսխիշվիլին: 

Նրա խոսքով՝ տեխզննման ժամանակ արտանետումները նվազեցնելու համար ևս մեկ միջոց կա՝ դիզելային շարժիչով վառելիքի հետ բենզին են խառնում: Այդ միջոցին վարորդները նույնպես դիմում են: 

«Պետական համապատասխան ինստիտուտներն այդպիսի խաբեություններից ոչ մեկին պատրաստ չեն»,- ասում է Մեսխիշվիլին:

Ինչպես ասում է Գելա Կվաշիլավան, այս իրավիճակից ելք կարող է ծառայել մոնիթորինգի գործընթացը, որի դեպքում տեխզննում անցած մեքենաները ժամանակ առ ժամանակ կստուգեն ճանապարհներին: 

 «Դա պարեկային ծառայության պարտականությունների մեջ է մտնում, չնայած, ցավոք, համապատասխան ձևով չի իրականացվում: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն տրանսպորտային անվտանգության վերահսկոության փոքրիկ շարժական խմբեր, որոնք կունենան միայն տեխնիկական մոնիթորինգի գործառույթ», – ասում է Կվաշիլավան: 

Աղտոտված օդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) զեկույցի համաձայն՝ 2018թ. օդի աղտովածության պատճառով մահացությամբ Վրաստանն աշխարհում 70-րդ տեղում է: 

Բնապահպաններն ու շրջակա միջավայրի պաշտպանները համաձայնում են, որ ուրբանիստական միջավայրում աղտոտվածության գլխավոր աղբյուրը ավտոմեքենաների արտանետումներն են: 

Հենց դա էլ տեխզննում սահմանելու գլխավոր փաստարկներից մեկն էր: 

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFiI) ոչ կառավարական կազմակերպության զեկույցում գրված է, որ 10 տարեկան և ավելի հին ավտոմեքենաները հատկապես մեծ վտանգ են ներկայացնում օդի աղտոտվածությանը: 

Փորձագետները ենթադրում էին, որ տեխզննումը կխրախուսեր բնակչությանը գնել ավելի նոր ավտոմեքենաներ, բայց այս փուլում դա տեղի չունեցավ: 

Galt and Taggart միջազգային կազմակերպության զեկույցում  կարդում ենք, որ Վրաստանի ավտոպարկը տարածաշրջանում ամենահինն է: Չնայած Վրաստանում ավտոմեքենաների թիվը տարեցտարի աճում է, դրանք չեն թարմացվում: 

Galt and Taggart-ի վիճակագրության համաձայն՝ Վրաստանում տեղաշարժվող 1.3 միլիոն ավտոմեքենաների 45.5%-ը արտադրված են 1999թ. և ավելի վաղ: 

Փորձագետների կարծիքով՝ ավտոպարկի թարմացմանը խանգարում է ծանր տնտեսական դրությունը և լարիի արժեզրկումը: Հարկ է նշել նաև այն, որ այս փուլում գործող տեխզննումը չի ենթադրում ավտոմեքնաների արտանետումներում օդի գլխավոր աղտոտիչների ստուգում, այլ ստուգվում է հիմնականում ազոտի երկօքսիդի և կոշտ մասնիկների պարունակությունը:

Փորձագետները դա համարում են բարեփոխման թերությունը: Նույնն ասվում է նաև Վրաստանի ազգային պաշտպանի զեկույցում: 

Շրջակա միջավայրի պաշտպան Մանանա Կոչլաձեն ասում է, որ օդի աղտոտվածության 75 տոկոսը բաժին է ընկնում հենց ավտոմեքենաների արտանետումներին, և այդ առումով իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է, քան ներկայացնում է Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը: 

Չնայած նա հույս չունի, որ «տեխզննումն այս փուլում կթեթևացնի իրավիճակը»

«Մինչև 2020թ. շրջակա միջավայրի վրա ազդեցության մասով զննումն ընդհանրապես հանված է: Չնայած այն, որ կատալիզատորը պարտադիր է բոլոր մեքենաների համար, մեկին գումարած մեկ է: Կատալիզատորը պահում է շատ վնասակար մասնիկներ», – ասում է շրջակա միջավայրի պաշտպան Մանանա Կոչլաձեն «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում: 

Գործող կանոնակագրով՝ պարբերական տեխզննում անցնելիս  կատալիզատորի առկայությունը պարտադիր կլինի արդեն 2020թ-ից: Չնայած փորձագետները կարծում են, որ այդ օրենքի գործարկումը կասկածելի է.

«Երբ Վրաստանում ավտոմեքենաների ավելի քան 50 տոկոսը 20 տարեկանից բարձր է, և դրսից բերված մեքենաները պարտադիր չէ, որ կատալիզատոր ունենան, այդ կանոնի գործարկումը կասկածելի է: Պարտադիր պետք է արգելել 15 տարեկանից բարձր ավտոմեքենաների ներմուծումը», – ասում է Գելա Կվաշիլավան: 

Անվտանգ ճանապարհներ 

Ճանապարհային պատահարների վիճակագրությունը Վրաստանում նախկինի պես տագնապալի է: 

2019թ. ապրիլ, մայիս և հունիս ամինսներին Վրաստանի ճանապարհների վրա տեղի է ունեցել 1427 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 108 և վիրավորել՝ 1929 մարդ: 

Ավտոմեքենաների անսարքության պատճառով առաջ եկած պատահարների վիճակագրությունը պահանջում է կարգավորում: Այդ վիճակագրությունը հուշում է, որ ավտովթարների ամենահաճախ հանդիպող պատճառը արագության գերազանցումն է և սխալ մանևրումը: Չնայած չի նշվում՝ արդյոք սարքին է եղել ավտոմեքենայի արգելակման համակարգը, որով գերազանցել են արագությունը: Քանի որ արագ ընթացող մեքենան, եթե անիվները և արգելակման համակարգը նորմալ վիճակում են, կարող է խուսափել վթարից:

IDFiI-ի տեղեկություններով՝ ավտոմեքենաների տերերը նախնական տեխզննման վրա ծախսել են ավելի քան 16 միլիոն լարի:

 

2018թ. տեխզննում չանցնելու տուգանքները կազմել են 1 միլիոն լարի:

Մասնագետներն ասում են, որ պետք է իրականացվի ավտովթարների պատճառների կոմբինացված ուսումնասիրություն: Նրանց խոսքով՝ քանի որ Վրաստանի ավտոպարկը շատ հին է,  և մեքենաները տարիներով տեխզննում չեն անցել, անվտանգության կանոները ամբողջովին խախտված են: Հենց դա էլ եղել է տեխզննում սահմանելու գլխավոր փաստարկներից մեկը:

Չնայած փորձագետները նշում են, որ հետագա մոնիթորինգի բացակայությունը և հնարքները, որոնց դիմում են վարորդները տեխզննում անցնելիս, կասկածի տակ են դնում այդ ուղղությունը:

«Առայժմ չի կարելի ասել, որ Վրաստանում անվտանգ տրանսպորտ կա, քանի որ գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ թերություններով»:

Ելքը, նրանց կարծիքով, կարող է լինել տեխզննմանը հաջորդող մոնիթորինգը: «Հատկապես հանրային տրանսպորտի դեպքում»:

 «Համակարգը բազմաթիվ թերություններ ունի, բայց պետք է պահանջել ուղղել այդ թերությունները, ոչ թե պարզեցնել տեխզննւմը, քանի որ ընդհանուր առմամբ տեխզննման համակարգի գործարկումը շատ կարևոր և պարտադիր բարեփոխում է, որի ճիշտ կառավարման արդյունքում մենք կստանանք անվտանգ ճանապարհներ»,- ասում է Կվաշիլավան:


Կարդալ ավելին JAMnews-ում