Սեռական բռնության մասին վարկածը սնում է ևս մեկ սարսափլի պատմութուն, որը տեղի է ունեցել 15 տարի առաջ" />

Վրաստան․ 8-ամյա աղջկա դաժան սպանության մեղադրյալը հետևել է նրան և լուսանկարել

Սեռական բռնության մասին վարկածը սնում է ևս մեկ սարսափլի պատմութուն, որը տեղի է ունեցել 15 տարի առաջ

Ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ինչն է եղել Գորի քաղաքում 8-ամյա աղջկա դաժան սպանության դրդապատճառը, սակայն արդեն հայտնի են գործի որոշ մանրամասներ, որոնցից կարելի է հետևություն անել, որ պատճառն անչափահասի հանդեպ սեռական բռնությունն է եղել։

Աղջկա սպանության մեղադրյալը, հավանաբար, հետևել է իր զոհին նախքան սպանելը։ Ոստիկանությունը նրա հեռախոսի մեջ աղջկա լուսանկարներն է գտել։

Սեռական բռնության մասին վարկածը ևս մեկ սարսափելի պատմությամբ է ամրապնդվում, որը տեղի է ունեցել 15 տարի առաջ։

8-ամյա Նանա Բերիաշվիլիի մարդասպանին ձերբակալել են հոկտեմբերի 26-ի առավոտյան մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Գորիի շրջանային դատարանի բակում՝ Լիախվի գետի ափին, հայտնաբերվել է աղջկա դին։

Նանա Բերիաշվիլին կորել է հոկտեմբերի 25-ին։ Աղջիկը գնացել է դպրոց՝ պարի խմբակ, սակայն տնից ոչ հեռու գտնվող դպրոց այդպես էլ չի հասել։ Կեսգիշերին մոտ երեխայի դին հայտնաբերել են Գորիի շրջանային դատարանի բակում՝ Լիախվի գետի ափին։

Ականատեսները պատմել են, որ երեխայի ոտքերը կապված են եղել մետաղալարով, իսկ գլխին պոլիէթիլենային տոպրակ է հագցրած եղել։

 

Դաժան սպանության կասկածյալը նախկինում դատվածություն ունեցող 34-ամյա Իագո Նեբիերիձեն է։

Մեղադրյալի մայրը լրագրողներին հաղորդել է, որ նա բանտում ինը տարի է անցկացրել և ազատ է արձակվել 2018թ-ի սկզբին։

Նեբիերիձեին ձերբակալել են մի տանը, որը գտնվում է Բերիաշվիլիների ընտանիքի տան հարևան փողոցում։

Նեբիերիձեն չի ճանաչում իր մեղքը։

Ներկայիս տերերը տունը վերջերս են գնել և տեղափոխվելուց առաջ որոշել են այն վերանորոգել։ Հենց վերանորոգման աշխատանքներով էլ այնտեղ զբաղվել է Նեբիերիձեն։ Աշխատել է մենակ։

Ինչպես ոստիկաններն են նշում, իրենք ուսումնասիրել են յուրաքանչյուր տուն, որը տեղակայված է Նանա Բերիաշվիլիի տնից մինչև դպրոց ընկած ճանապարհին։ Նրանց աշխատանքին օգնել են կինոլոգները, որոնք հոտն առել են և բերել դեպի այդ տան նկուղ. այնտեղ արյան հետքեր են նկատվել։ Ըստ նախնական տեղեկատվության՝ հենց այդտեղ է կասկածյալը սպանել աղջկան։

• 8-ամյա աղջկա դաժան սպանությունը Գորիում

•  19-ամյա հովիվը Վրաստանում սպանել է ամերիկացիների ընտանիքին, այդ թվում՝ 4-ամյա երեխային

•  Աբխազիայում մանկապիղծի զոհերի մասին և թե ինչու էին մայրերը նրան վաճառում իրենց երեխաներին

Այնուհետև նա մարմինը դրել է ձեռնասայլակի վրա  և տարել Լիախվիի ափ՝ քաղաքային դատարանի շենքի մոտ։ Տեղացիները հիշել են, որ այդ օրը տեսել են Նեբիերիձեին, որը ձեռնասայլակով գնալիս է եղել։

15 տարվա վաղեմության պատմություն։ Ի՞նչ է հայտնի կասկածյալի մասին

Սա, հնարավոր է, միակ դեպքը չէ, երբ Նեբիերիձեն երեխայի առևանգման գործի դերակատար է դառնում։

Եվս մեկ պատմություն, որի հետ կապված է ձերբակալվածի կենսագրությունը, տեղի է ունեցել նույնպես Գորիում 15 տարի առաջ։

2004 թ-ին Բերձենիշվիլիների ընտանիքից փրկագին ստանալու նպատակով առևանգել են 11-ամյա տղային։ Ազգականները համաձայնել են չարագործների պահանջներին և պատրաստ են եղել վճարել պահանջված գումարը, սակայն նրանց հետ էլ չեն կապվել։

Մինչև այսօր առևանգված երեխան անհետ կորած է համարվում։

15 տարի առաջ կորած երեխայի ընտանիքը կապվել է լրագրողների հետ։

Կորած երեխայի պապը՝ Զաքրո Բերձենիշվիլին, «Ռուսթավի-2»-ին պատմել է, որ Իագո Նեբիերիձեն նույնիսկ ձերբակալվել է իր թոռան առևանգման գործով։

Այդ տեղեկատվությունը ստուգել են «Ռուսթավի-2»-ի լրագրողները. պարզվել է, որ Նեբիերիձեն իրոք ձերբակալվել է և ազատազրկվել այդ գործով, սակայն միայն դրամաշորթության մասով, իսկ երեխայի առևագման մասով նրա մեղքը չեն ապացուցել։

Զաքրո Բերձենիաշվիլին հիշում է 15 տարվա վաղեմության իրադարձությունները.

«Այն ժամանակ մեր տան մոտ ավտոտնակ էր կառուցվում, և Իագո Նեբիերիձեի հայրն ու նա ինքն այնտեղ աշխատում էին։ Թոռս սովորականի պես պտտվում էր տանը, ընկերացել էր Նեբիերիձեի հետ, օգնում էր նրան ավտոտնակում։ Մի օր առավոտյան երեխան անհետ կորավ։ Մեզ հետ կապվեցին և ասացին, որ որոշակի գումար վճարենք, եթե ցանկանում ենք կրկին տեսնել մեր երեխային։ Մենք ասացինք, որ համաձայն ենք, սակայն դրանից հետո ոչ ոք այդպես էլ կապի դուրս չեկավ։ Նա հիմա 26 տարեկան կլիներ»։

Նա ասում է, որ ընտանիքը միանգամից կասկածել է երիտասարդ տղային, որը շատ ուժեղ ընկերացել էր  երեխայի հետ։

«15 տարի առաջ երեխային առևանգել էր Իագո Նեբիերիձեն, սակայն դա այդպես էլ չկարողացան ապացուցել։ Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար է նա բանտ նստել։ Նա ավելի վաղ էլ է բանտ նստել»,ասել է Բերձենիշվիլին։

«Ռուսթավի-2»-ը խոսում է Նեբիերիձեի ևս մեկ դատվածության մասին, որը նույնպես առևանգման հետ է կապված։ Կասկածյալի հարևանները լրագրողների հետ զրույցում ասում են, որ Նեբիերիձեն ձերբակալվել է կնոջ հանդեպ բռնության մեղադրանքով. իբր կին է առևանգել և փրկագին պահանջել, ինչի համար էլ 9 տարի բանտում է անցկացրել։

Ըստ «Ռուսթավի-2»-ի տեղեկության՝ Նեբիերիձեին ավազակության համար 17 տարվա ազատազրկման են դատապարտել, սակայն նա նախագահի հայտարարած համաներմամբ ազատ է արձակվել 9 տարուց՝ 2018 թ-ի փետրվարին։

Նեբիերիձեի մայրը պնդում է, որ իր տղային իրականում դատել են ավազակության համար։ Նրա խոսքով՝ իր տղան «փորձել է ինչ-որ կնոջից ուժով հեռախոս խլել»։

ՆԳՆ-ում նույնպես հաստատել են, որ նախկինում մեղադրյալը դատված է եղել, սակայն մանրամասներ չեն հաղորդել։

Իր արխիվում «Ռուսթավի-2»-ը Իագո Նեբիերիձեի մասին ևս մեկ հիշատակում է գտել այդ բանտարկյալի անունը հայտնվել է Վրաստանի ժողովրդական պաշտպանի 2004թ-ի հաշվետվության մեջ։ Դրանում ասում է, որ բանտում Նեբիերիձեին դաժան ծեծի են ենթարկել։

Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է հետաքննությունը «անչափահասի՝ ծանրացնող հանգամանքներով դիտավորյալ սպանություն» հոդածով։ Գործը հետաքննում է հատուկ խումբը, որը ղեկավարում է ՆԳ փոխնախարարը։


Կարդալ ավելին JAMnews-ում