Փորձագետներ․ այսօր մենք ունենք գործընթաց, որի դեպքում խախտվում է մեդիայի բազմակարծության միջավայրը" />

Վրաստան․ հայտնի ընդդիմադիր ալիքը կարող է իշխանամետ դառնալ․ ինչպե՞ս դա տեղի ունեցավ

Փորձագետներ․ այսօր մենք ունենք գործընթաց, որի դեպքում խախտվում է մեդիայի բազմակարծության միջավայրը

Վրաստանի ամենավարկանիշային անկախ ալիքը փոխել է սեփականատիրոջն ու մենեջմենթը։ Այսօրվանից ալիքի ղեկավարը լինելու է նոր գլխավոր տնօրենը։

Պաատա Սալիան արդեն աշխատանքի է անցել։ Այսօր առավոտից նա գտնվում է հեռուստաընկերության շենքում և հանդիպում աշխատակիցների հետ։

Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, և ի՞նչ է երկրի համար նշանակում այդ փոփոխությունը

____________________

Ստրասբուրգի որոշումը

Դատական գործը, որը «Ռուսթավի-2»-ի շուրջ տևում էր գրեթե չորս տարի, ավարտվեց երեկ՝ հուլիսի 18-ին, ներկայիս տերերի և մենեջմենթի պարտությամբ։

Հեռուստաընկերությունն արդեն նոր տեր ունի։ Նա իշխանություններին մոտ գործարար Քիբար Խալվաշին է, որը երեկ իսկ ընկերությունն իր անունով է ձևակերպել։

Ո՞ւմ են պատկանում Վրաստանի լրատվամիջոցները

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Հարվածներ օլիգարխին դրսից և ներսից

Այդ ամենը հնարավոր է եղել այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների Ստրասբուրգի  դատարանը երեկ, թբիլիսյան ժամանակով ժամը 12:00-ին հայտարարել է «Ռուսթավի-2»-ի գործով վճիռը, որում նշված է, որ Վրաստանի ոչ մի դատական ատյան չի խախտել «Ռուսթավի-2»-ի արդար դատաքննության իրավունքը։ Ստրասբուրգի կողմից անհիմն է ճանաչվել «Ռուսթավի-2»-ի հայցն ալիքի սեփականության իրավունքի վերաբերյալ։

Միաժամանակ Ստրասբուրգի դատարանը հանել է ժամանակավոր կասեցման մեխանիզմը, որը հենց ինքն էր դրել 2017թ-ի մարտին Վրաստանի Գերագույն դատարանի որոշման կատարման վրա։ Այդ որոշմամբ հեռուստաընկերության սեփականատեր է ճանաչվել Քիբար Խալվաշին։ Հետևաբար, հենց հանվել է արգելքը, դատարանի տվյալ որոշումն ուժի մեջ է մտել։

Ստրասբուրգի որոշման հրապարակումից հետո իրադարձությունները սկսել են զարգանալ կայծակնային արագությամբ։

Ի՞նչ է ասել Ստրասբուրգի դատարանը։ Երկու պարբերությամբ

 

Ստրասբուրգի դատարանը չի քննարկել, թե արդյոք Խալվաշին հեռուստաընկերության օրինական տերն է։ Եվրոպական դատարանը քննել է այն, թե արդյոք խախտվել են «Ռուսթավի-2»-ի՝ որպես արդար դատավարության կողմի իրավունքներն այն փոխանցելիս։ Ստրասբուրգի դատարանի կարծիքով՝ այդ իրավունքը չի խախտվել։

 

Ինչ վերաբերում է հեռուստաընկերության սեփականատիրոջը։ Այն, որ Քիբար Խալվաշին հեռուստաընկերության օրինական տերն է, վճռել է ոչ թե Ստրասբուրգի դատարանն, այլ Վրաստանի Գերագույն դատարանը 2017թ-ի մարտին։

Քիբար Խալվաշին և Քիբար Խալվաշին

Ուղիղ մեկ ժամ անց հեռուստաընկերության հին տերը՝ Քիբար Խալվաշին, հայտարարություն է հրապարակել, որում նշել է, որ Ստրասբուրգի դատարանը վերականգնել է արդարությունը։

Իր հայտարարությունում Խալվաշին լրագրողներին խոստացել է, որ նա չի փոխելու ալիքի խմբագրական քաղաքականությունը, չի միջամտելու լրագրողների գործունեությանն ու չի պատրաստվում նրանց հեռացնել ալիքից։

Միակ մարդը, որին Խալվաշին հեռացնում է տվյալ փուլում, ալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան է։ Նրա տեղը գործարարը նշանակել է իր փաստաբան Պաատա Սալիային։ Տվյալ փոփոխությունն արդեն գրանցված է Հանրային ռեեստրի գործակալությունում։

Իր հայտարարությունում Խալվաշին նշել է, որ պատրաստ է համագործակցել «Ռուսթավի-2»-ի հիմնադիրների և առաջին տերերի՝ Դավիթ Դվալիի և Ջարջի Ակիմլիձեի հետ, որոնք նույնպես բողոքում են, որ Սաակաշվիլին ապօրինի և ուժով ստիպել է իրենց հրաժարվել հեռուստաընկերության սեփականատեր լինելուց։

Հանրային ռեեստրում կարդում ենք, որ տվյալ պահին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության 60% մասնաբաժինը պատկանում է Քիբար Խալվաշիին, իսկ 40%-ը՝ «Պանորամա» ՍՊԸ-ին, որի միանձնյա սեփականատերը Քիբար Խալվաշին է։

Քիբար Խալվաշին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության սեփականատերն է եղել 2004-2005թթ-ին։ Այն ժամանակ նա Սաակաշվիլիի նախագահության և պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլիի պաշտոնավարման տարիներին մերձավոր գործարար էր։ Բավականին մշուշոտ են այն հանգամանքները, որոնց դեպքում ժամանակին նա ձեռք է բերել հեռուստաընկերությունը, քանի որ դրա հիմնադիրներն ու առաջին տերերը՝ Դավիթ Դվալին ու Ջարջի Ակիմլիձեն, այսօր հայտարարում են, որ Սաակաշվիլին իրենց ստիպել է հեռուստաընկերությունը Խալվաշիին հանձնել շանտաժի միջոցով։

«Ռուսթավի-2»-ում այսօր էլ աշխատում են մարդիկ, որոնք հիշում են Խալվաշիի կողմից հեռուստաընկերության երկամյա ղեկավարումը։ Նրանք ասում են, որ գործարարն անձամբ և կոպիտ կերպով միջամտում էր լրագրողների գործունեությանն ու ստիպում նրանց արգելափակել իշխանությանը ոչ շահեկան տեղեկությունները։

Նոր տնօրեն

Երեկ երեկոյան 20:00-ին մոտ «Ռուսթավի-2»-ի հեռուստադիտողներն ուղիղ եթերում հետևում էին հեռուստաընկերության շենք նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիայի ժամանման կադրերին։

Նա մտավ Նիկա Գվամարիայի ընդունարան և հանդիպում պահանջեց ալիքի մենեջմենթի հետ։ Գվամարիան ասաց, որ չի պատրաստվում նրա հետ համագործակցել։

«Քարտուղարին կխնդրեմ, որ Ձեզ համար սուրճ էլ չպատրաստեն։ Այժմ կարող եք հանդիպել՝ ում հետ ուզում եք, սակայն այս կաբինետ ես ձեզ թողնել չեմ կարող, սա դեռևս իմ անձնական տարածքն է», – ասել է Գվամարիան Սալիային։

Սալիան հանդիպել է նյուսրումում հավաքված լրագրողներին, որոնք նրանից պահանջել են հեռուստաալիքի խմբագրական քաղաքականության անկախության երաշխիքներ։ Նրանք պահանջել են նաև ալիքում թողնել բոլոր այն լրագրողներին, որոնք սուր քննադատում են իշխանություններին։

Ինչպես նշել են լրագրողները, նման երաշխիքներ նրանք Սալիայից չեն ստացել։

«Ռուսթավի-2»-ի շենքում Սալիան մեկ ժամից մի քիչ ավելին է մնացել և հայտարարել, որ աշխատանքի է անցնելու հաջորդ օրը՝ հուլիսի 19-ին։

«Ռուսթավի-2»-ի լրագրողներն ու կոլեկտիվի մյուս անդամներն երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվում էր, որ Ստրասբուրգի դատարանի վճիռն իրենց համար անսպասելի էր։ Նրանք նշել են, որ Քիբար Խալվաշիի գալու հետ ալիքի խմբագրական քաղաքականության փոփոխությունն անխուսափելի է լինելու։

«Նա վերջին կտորն էլ կուլ տվեց»

«Ռուսթավի-2»-ում Ստրասբուրգի դատարանի որոշման հրապարակմանն առանձնահատուկ  կերպով էին սպասում։ Դրանից մի քանի օր առաջ ալիքում հոլովակներ հայտնվեցին, որոնք բնակչությանը կոչ էին անում հուլիսի 18-ին ժամը 12:00-ին, երբ պետք է հրապարակվեր Ստրասբուրգի դատարանի որոշումը, հավաքվել հեռուստաընկերության բակում։

Եվ իրոք, հուլիսի 18-ին ալիքի բակում մի քանի հարյուր մարդ էր հավաքվել։ Այդտեղ էլ հենց հսկա էկրան էր մոնտաժվել, որ հավաքվածները կարողանան հետևել ժամը 12:00-ի նորությունների  թողարկմանը։ Լրագրողների հագին «Ռուսթավի-2»-ի տարբերանշանով հատուկ շապիկներ էին։ Հեռուստաընկերության բակը զարդարված էր Վրաստանի և Եվրամիության դրոշներով։ Այդ դրոշներն էլ ողջ օրը եթերում պատկերված էին հեռուստաալիքի տարբերանշանի վրա։

Առավոտից հեռուստաալիքով եթեր էին գնում հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, հասարակության հայտնի անձանց և հասարակ քաղաքացիների մեկնաբանությունները, որոնք խոսում էին երկրի համար «Ռուսթավի-2»-ի քննադատական խմբագրական քաղաքականության պահպանման կարևորության մասին այն ֆոնին, որ երկիրը ղեկավարվում է ոչ ֆորմալ առաջնորդի կողմից, որը «գրավել» է երկրի մյուս կենտրոնական ալիքները։

Ոչ ոք չէր կասկածում, որ Ստրասբուրգը հօգուտ ալիքի վճիռ կկայացնի։ Որոշ աշխատակիցներ աշխատանքի էին եկել երեխաների հետ՝ տոնելու երկարատև դատական գործի ավարտը։

Տրամադրությունը փչացավ այն բանից հետո, երբ էկրանին հայտնվեց արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, որը հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Ռուսթավի-2»-ի և պետության միջև վեճը դատարանը լուծել է հօգուտ պետության։

«Մենք այլևս չենք իմանա, թե ինչ է կատարվում երկրում։ Նա /Բիձինա Իվանիշվիլին/ այս վերջին կտորն էլ կուլ տվեց և հսկայական արագությամբ մեզ բոլորիս տանում է Ռուսաստանի կողմը։ Այլևս չեմ ուզում նման երկրում ապրել», – լրագրողներին «Ռուսթավի-2»-ի բակում ասել է մի կին, որը հազիվ էր զսպում արցունքները։

Իվանիշվիլին և «Ռուսթավի-2»-ը

Չնայած նրան, որ Վրաստանի ինտերնետացումն արագ տեմպերով է ընթանում, համակարգիչը շատ ընտանիքների համար, հատկապես գյուղերում ապրողների, մինչև հիմա շքեղություն է, քանի որ բնակչության ավելի քան 20%-ն ապրում է բացարձակ աղքատության շեմից ցածր մակարդակով։ Այդ պատճառով էլ հեռուստատեսությունը մինչ այսօր բնակչության մեծ մասի համար տեղեկատվության աղբյուր է։ NDI-ի կողմից ապրիլին անցկացված հետազոտությունների համաձայն՝ բնակչության 72%-ն ասում է, որ տեղեկություններ է ստանում հեռուստատեսային աղբյուրներից։

Հետևաբար, քաղաքական դիտորդները համաձայնում են, որ երկրի ամենավարկանիշային ալիքի տեղեկատվական քաղաքականության փոփոխությունը զգալի ազդեցություն կունենա 2020թ-ի խորհրդարանական ընտրությունների վրա։

Չնայած հակառակ պնդումներին՝ ոչ ոք չի կասկածում, որ նոր տերն ու մենեջմենթը ձգտելու են փոխել ալիքի խմբագրական քաղաքականությունը։

Ալիքի արդեն նախկին տերեր Կարամանիշվիլի եղբայրներն, ինչպես նաև Նիկոլոզ Նակոպիան Սաակաշվիլիին մոտ գործարարներ են և նրա թիմի անդամներ։ Ոչ ոք չի կասկածում, որ այդ անունների հետևում Միխեիլ Սաակաշվիլին էր կանգնած, որը, լինելով արտասահմանում, մեծ մասամբ որոշում էր ալիքի քաղաքականությունն ու եթերում հայտնվում երկար մեկնաբանություններով։

«Վրացական երազանքի» պաշտոնավարման տարիներին այդ ընդդիմադիր ալիքն իշխանությունների համար ամենամեծ անհարմարությունն էր ստեղծում իր քաղաքական թոք-շոուներով կամ կոռուպցիայի, նեպոտիզմի, դատական համակարգի խնդիրների, երկրի ոչ ֆորմալ ղեկավարի գործունեության մասին սուր նյութերով։

Բիձինա Իվանիշվիլին իր հարցազրույցներում մշտապես հիշատակում էր «Ռուսթավի-2»-ը որպես «ստի մեքենա» և «ազգայնականների կուսակցական հեռուստատեսություն»։ Լրագրողները հաշվարկել են, որ իր վերջին հարցազրույցներից մեկում, որը նա հեռուստալրագրողներին տվել էր նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, Իվանիշվիլին երկուսուկես ժամվա ընթացքում 40 անգամ հիշատակել է «Ռուսթավի-2»-ը։

Հենց այդ հարցազրույցում Իվանիշվիլին մի արտահայտություն է արել, որը հետագայում թևավոր է դարձել

«Եթե այսօր անջատենք «Ռուսթավի-2»-ը, երկրում կտեսնենք միայն վերածնունդ և վերելք», – հայտարարել էր նա։

Այն ժամանակ Իվանիշվիլին նշել էր, որ «Ռուսթավի-2»-ը պատանդ է պահում հասարակության մեծ մասին ու խաբում նրան, սակայն դա շուտով կավարտվի։

««Ռուսթավի-2»-ը հնարավորություն չի ունենալու, ես ձեզ դա խոստանում եմ, թույլ չտալ հեռուստատեսությունում հնչի այլ կարծիք, փակել և որպես պատանդ պահել բնակչության մեծ մասին», – ասել է Իվանիշվիլին։ Այն ժամանակ հեռուստաընկերությունը նրա խոսքերն ընկալեց որպես սպառնալիք։

«Այսօր մենք արագացված կերպով ստանում ենք մեդիաբազմակարծության միջավայրի  փլուզում»

Վրաստանի 15 հասարակական կազմակերպություն հայտարարում է, որ Ստրասբուրգի դատարանի կողմից «Ռուսթավի-2»-ի գործով որոշում կայացնելուց հետո երկրում նոր իրականություն է ստեղծվել, «որը մեծ մարտահրավեր է փխրուն վրացական ժողովրդավարության համար և լուրջ վտանգ է բազմակարծ մեդիամիջավայրի համար»։

Հայտարարությունում խոսվում է այն կարևոր դերի մասին, որը «Ռուսթավի-2»-ը խաղում էր վրացական մեդիատարածքում։

Հասարակական կազմակերպությունների գնահատականով՝ այսօր կարևոր է պահպանել լրագրողների խմբագրական անկախությունն ու պաշտպանել նրանց աշխատանքային շահերը։

Դիմումը ստորագրած կազմակերպություններն ընդգծված կերպով հայտարարում են այս գործընթացում իշխանությունների շահագրգռվածության մասին

«Անկասկած, «Ռուսթավի-2»-ի տերերի փոփոխությունն իշխանությունների շահերից է բխում, որի մասին բազմիցս նրանք հայտարարել են։ Կարևոր է, որ վրացական մեդիատարածությունում արատավոր պրակտիկայի շարունակություն չլինի, որի դեպքում տիրոջ/մենեջմենթի փոփոխությունն ուղղակիորեն արտացոլվում է հեռարձակողի՝ իշխանությունների հանդեպ քննադատական խմբագրական քաղաքականության վրա»։

Մեդիափորձագետները նույնպես նշում են, որ «Ռուսթավի-2»-ի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա նաև Վրաստանի ժողովրդավարական զարգացման վրա։

«Այսօր մենք մեդիաբազմակարծ միջավայրի փլուզման արագացված գործընթաց ենք ստանում և, հնարավոր է, ուժեղացված տեմպով շատ շուտով երկրում միակողմանի մեդիամիջավայր ունենանք, որտեղ լսենք միայն նույն տեղեկություններն ու նույն բովանդակության և համատեքստի թոք-շոուներ դիտենք», – ասում է մեդիափորձագետ Զ Կորիձեն։

Նա կասկածներ չունի Ստրասբուգի դատարանի որոշման կապակցությամբ, թեև ասում է, որ նրա համար այս ամբողջ պատմության մեջ ամենավրդովեցնողն այն է, որ որոշումն ընդունվել է եվրոպական ինստիտուցիայի անվամբ։

Կորիձեի խոսքով՝ մինչ այսօր արևմուտքն ու արևմտյան կառույցները վրացական հասարակությունում որոշակի պաշտպանիչ մեխանիզմի դեր էին խաղում, որը կարող էր ազդել իշխանության միանձնյա որոշումների վրա։

«Մենք այլևս չունենք այդ հենքը։ Եվրոպական իրականությունում որակապես ինչ-որ բան է փոխվել։ Այն դուրս է եկել համատեքստից, փակվել նեղ իրավական հունի մեջ և եկել մի որոշման, որը, հնարավոր է, ֆորմալ կերպով ճիշտ լինի։ Այդ դատավորները, հնարավոր է, այդ որոշումն ընդունելիս անհարմարություն չեն զգացել, սակայն նրանք անհարմարություն են ստեղծում Եվրամիության համար։ Մենք պետք է միջազգային կազմակերպություններին և միջազգային հանրությանը ցույց տանք, որ մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, անկախություն են ուզում։ Եթե մենք հրաժարվենք անկախությունից, նրանք մեր փոխարեն չեն մարտնչելու», – ասում է նա։

 


Կարդալ ավելին JAMnews-ում