Այսպիսի արդյունք չէին սպասում ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը" />

Վրաստան․ երկրորդ փուլ լինելու է։ Նախագահի երկու թեկնածուների արդյունքների միջև տարբերությունը մեկ տոկոսից ցածր է

Այսպիսի արդյունք չէին սպասում ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը

Արդեն հաշվել են երկրում նախագահական ընտրությունների  գրեթե բոլոր քվեաթերթիկները (99 տոկոս)։

Ընտրարշավի առաջատարների՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի արդյունքների միջև տարբերությունը մեկ տոկոսից պակաս է։

  Սալոմե Զուրաբիշվիլի —  38. 62 %

•  Գրիգոլ Վաշաձե — 37. 74 %

Դա նշանակում է, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ առաջին փուլում նախագահ չի ընտրվել և երկրորդ փուլ է լինելու։ 

Կարմիրն ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն է, կապույտն՝ իշխանության աջակցությունը ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին

Տոն՝ ժամանակից շուտ

Այն մասին, որ այս արդյունքներն իշխանությունների համար անսպասելի շոկային էին, առաջին հերթին վկայում է այն, որ ընտրատեղամասերը 20:00-ին փակելուց հետո Զուրաբիշվիլիի շտաբում արդեն լիակատար հաղթանակ էին տոնում։ Զուրաբիշվիլիին շնորհավորելու էր եկել երկրի ոչ ֆորմալ առաջնորդ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Իշխող կուսակցության շտաբում նշում էին, որ Զուրաբիշվիլին վստահաբար առաջ է անցել, և ընդդիմությունը սադրանքների է պատրաստվում։

«Վրացական երազանքի» կողմնակիցների մեքենաներն արշավում էին Թբիլիսիի և Բաթումի փողոցներում՝ կուսակցական դրոշներով և մեքենաների ազդանշանների ներքո։

• Ովքե՞ր են Վրաստանի նախագահի թեկնածուները, և ի՞նչ կբերի նոր կառուցվածքը՝ խորհրդարանական հանրապետությունը, երկրին։ Եվ նախընտրական սկանդալների մասին

Արդեն պատրաստ էր բեմը, որի վրա պետք է անցկացվեր Զուրաբիշվիլիի հաղթանակին նվիրված համերգը՝ վրացական էստրադայի աստղերի մասնակցությամբ։

Այդ վաղաժամ ցնծության առիթը «Վրացական երազանքի» պատվերով անցկացված էկզիթ-փոլերի արդյունքներն էին, որոնց համաձայն՝ Զուրաբիշվիլին հաղթում էր արդեն առաջին փուլում՝ հավաքելով 52.3% ձայն։ Իսկ նրա մրցակից Վաշաձեն հավաքում էր ընդամենը 28.1% ձայն։

Սակայն բոլորովին այլ պատկեր ունեին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության և ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատվերով անցկացված էկզիթ-փոլերը, որոնց արդյունքները շատ մոտ էին ԿԸՀ հրապարակած արդյունքին։

Առաջինի համաձայն (այն անցկացրել է Edison Research ընկերությունը)՝ Զուրաբիշվիլին և Վաշաձեն հավաքում էին յուրաքանչյուրը 40% ձայն։ Երկրորդի համաձայն (այն անցկացրել է BCG Research ընկերությունը)՝ Վաշաձեն հավաքում էր 37% ձայն, Զուրաբիշվիլին՝ 34%։

• Վրաստանում ընտրություններն ավարտվել են։ Ինչպե՞ս է ստացվել, որ հաղթանակ են տոնում և իշխանություն, և ընդդիմությունը։ Մանրամասն՝ երեք տարբեր էկզիթ-փոլերի մասին

Արդեն կեսգիշերին մոտ, երբ ստացվեցին առաջին արդյունքները, «Վրացական երազանքի» շտաբում տրամադրությունը կտրուկ ընկավ։

Գիշերը մեկին  խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկրում երկրորդ փուլ կլինի։

Ընդդիմությունը երկրորդ փուլում հաղթանակի է պատրաստվում

Ողջ գիշեր ցնծում էր Գրիգոլ Վաշաձեի շտաբը։ Այնտեղ մեծ էկրանի վրա միացրել էին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սկայպ-զանգը, որտեղ նա ասում էր, որ նույնիսկ ինքը նման ցնցող հաղթանակ չէր սպասում։

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիայի կենտրոնական կուսակցությունը հենց «Ազգային շարժումն» է՝ Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը, որի ոչ պաշտոնական առաջնորդը մինչ այսօր Միխեիլ Սաակաշվիլին է համարվում։

Նախնական արդյունքները հայտարարելուց հետո երկու քաղաքական ուժ հայտարարեց, որ երկրորդ փուլում կաջակցեն Գրիգոլ Վաշաձեին։

Գիա Նոդիայի մեկնաբանությունը․ Բիձինայի ընտրությունը, կամ Վրաստանը մոտենում է նախագահական ընտրություններին

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բակրաձեն հենց միանգամից՝ քվեարկության ավարտից հետո, ընդունեց պարտությունը, շնորհավորեց իր ընդդիմադիր մրցակից Գրիգոլ Վաշաձեին և խոստացավ աջակցել երկրորդ փուլում։ Այս ժեստը Վրաստանի համար աննկատ չմնաց, որտեղ պարտություն ճանաչելու և հաղթողին շնորհավորելու քաղաքական մշակույթ չկա։ Դա, ինչպես և ընտրությունների արդյունքները վերլուծաբանները «պատմական» անվանեցին։

Եվս մեկ կուսակցություն, որը պատրաստ է աջակցելու Վաշաձեին երկրորդ փուլում, Հանրապետականն է։ Հատկանշական է, որ 2016թ-ին հանրապետականները «Վրացական երազանք» կոալիցիայի մաս էին և «Ազգային շարժման» ամենամոլի ընդդիմադիրները։

Սպասվում է, որ Վաշաձեին կաջակցեն նաև ընդդիմադիր այլ կուսակցություններ, այդ թվում՝ «Լեյբորիստները», որոնց առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին այս ընտրություններին 3.7 տոկոս ձայն է հավաքել։

•   Վրաստանի նախագահի ընտրություններին մասնակցել է 25 թեկնածու։ Սա երկրում ուղիղ քվեարկության միջոցով անցկացված վերջին ընտրություններն էին։ 2023թ-ից Վրաստանի նախագահին կընտրի 300 պատվիրակներից կազմված ընտրող կոլեգիան։

Այլ մանրամասներ ընտրությունների մասին 

•  Երկրի նախագահի ընտրություններն անցկացվել են Վրաստանի օրենսդրության համաձայն, առանց որևէ լուրջ խախտումների․ այս մասին հայտարարել են միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք հետևում էին քվեարկության ընթացքին և բրիֆինգի ժամանակ քվեների հաշվարկին լույս երկուշաբթի գիշերը։ Նախագահական ընտրությունները մշտադիտարկում էր 163 միջազգային դիտորդ։


Կարդալ ավելին JAMnews-ում