Երիտասարդությունը լքում է լեռնային գյուղերը" />

Վրաստան․ դպրոցներ՝ առանց դպրոցականների

Երիտասարդությունը լքում է լեռնային գյուղերը

Վրաստանի բարձրադիր գյուղերում դպրոցները, որոնցում մի քանի մարդ է սովորում, սովորական երևույթ են դարձել։

Սա պատմություն է Արևմտյան Վրաստանի Իմերեթիի շրջանի երկու այդպիսի դպրոցի մասին։ Մոտ ապագայում դրանք ընդհանրապես առանց աշակերտների կարող են մնալ։

Վրաստանում ընդհանուր առմամբ 2085 հանրակրթական դպրոց կա։ Դրանց մեծ մասը քաղաքներում է։ Աչարա, Իմերեթի, Սամեգրելո, Զեմո Սվանեթի, Կախեթի, Մծխեթա Մթիանեթի, Ռաճա-Լեխչումի և Քվեմո Սվանեթի, Սամցխե-Ջավախեթի, Քվեմո Քարթլիսա Վրաստանի այն շրջաններն են, որտեղ դպրոցներում տասից պակաս աշակերտներ կան։

Երեխաներ, որոնք դպրոցներից դուրս են մնացել

Վրաստանում հոգևորականներն ուղղաթիռից կոնֆետներ են նետել գյուղի դպրոցների վրա

Վրացական դպրոցներն Աբխազիայում․ ի՞նչ անել

Այս ցուցակում առանձնահատուկ սակավաթվությամբ աչքի է ընկնում Իմերեթին։ Շրջանի տասը գյուղական դպրոցներում ինը կամ պակաս աշակերտ կա։

Խոսքը հիմնականում այն գյուղերի մասին է, որոնք չեն համապատասխանում «բարձրադիրի» կարգավիճակ ստանալու համար բոլոր չափանիշներին և այդ պատճառով էլ զրկված են համապատասխան արտոնություններից։

Օնջոխեթիի դպրոցում երրորդ դաարանցի Մարիից բացի ևս երկու աշակերտ կա։ Լուսանկարը՝ Տեկլե Մորգոշիայի

Մարին երրորդ դասարանում է սովորում։ Ապրում է Իմերեթիի շրջանի Վանի մունիցիպալիտետի Օնջոխեթի գյուղում։ Սովորում է հարազատ գյուղի դպրոցում։ Ամեն օր ստիպված է լինում 10 կմ ոտքով քայլել դասի գնալու համար։ Հնամաշությունից փլվող դպրոցի երրորդ ուսումնական դասարանում երեք զույգ նստարան կա, գրատախտակ և պատին փակցված դասացուցակ։

Ամբողջ պարզ կահույքը Մարիի համար է, առաջին դասարանցի Գվանցայի և ուսուցչուհի Գուլնազիի։ Մարիի և Գվանցայի որոշ դասեր ընդհանուր են։

Մարիի և առաջին դասարանցի Գվանցայի որոշ դասեր ընդհանուր են։ Լուսանկարը՝ Տեկլե Մորգոշիայի

Դպրոցում ընդամենը երեք աշակերտ կա և ինը ուսուցիչ, որոնք աշխատանքի գալու համար, ինչպես և Մարին, երկար ճանապարհ են անցնում։

Մարին պատմում է, որ, իր պատկերացմամբ, դպրոցը պետք է աշխույժ վայր լինի՝ շատ երեխաներով, որտեղ դասերին աղմուկ է։ Սակայն նրա իրականությունում ամեն ինչ այլ է։

«Դասամիջոցներին ձանձրալի է։ Երբեմն հեռախոսով խաղ եմ խաղում, երբեմն ուսուցիչներն են ինչ-որ զվարճանք հորինում։ Իհարկե, լավ կլիներ, եթե դասարանում շատ երեխաներ լինեին», – պատմում է Մարին։

Սակայն միաժամանակ խոստովանում է, որ այժմ ավելի շատ գիտելիք է ստանում, քան եթե դասարանում շատ մարդ լիներ, այժմ ուսուցիչները միայն իրեն են ուշադրություն դարձնում՝ երրորդ դասարանի միակ աշակերտին։

Օնջոխեթիի դպրոցը։ Լուսանկարը՝ Տեկլե Մորգոշիայի

Միակ աշակերտին 45 րոպեանոց դասաժամեր են տրամադրվում Օնջոխեթիի հարևանությամբ գտնվող Գադիդի գյուղում։ Հին դպրոցական դասարաններում, իսկ այս գյուղում դպրոցն առանձին շինություններից է կազմված, ընդամենը ինը աշակերտ է սովորում։ Յուրաքանչյուր շինությունում երեք դասասենյակ կա։ Երկուսը կողպած են։

Դպրոցում էլեկտրականություն չկա, և թե ամռանը, թե ձմռանը դռները ստիպված են բաց պահել գոնե ինչ-որ լույս թափանցելու համար։ Դպրոցի ղեկավարությունը պարզաբանում է, որ մունիցիպալիտետը միջոցներ է տրամադրում այն դպրոցներին, որտեղ ավելի շատ աշակերտ կա։

Գադիդիի դպրոցը։ Լուսանկարը՝ Տեկլե Մորգոշիայի

«Մունիցիպալիտետը բոլոր դպրոցների վերանորոգման համար փող չունի։ Մեր գյուղի երեխաների համար մեծ նշանակություն ունի այն, որ այս դպրոցը գոյություն ոնի։ 2020թ-ին պլանավորվում է դպրոցի տանիքը փոխել և ջեռուցման համակարգ քաշել», – ասում է Օնջոխեթիի դպրոցի տնօրեն Դուշիկո Օրմոցաձեն։

Ենթակառուցվածքային խնդիրներից բացի այս դպրոցներում կան նաև կրթական խնդիրներ։ Այն պատճառով, որ աշակերտները քիչ են, տարբեր միջոցառումներ չեն անցկացվում, որոնք մյուս դպրոցներում պարտադիր են։

Գադիդիի դպրոցում դասերը հաճախ միայն մեկ աշակերտի համար են անցկացվում։ Լուսանկարը՝ Տեկլե Մորգոշիայի

Առանց արտոնությունների մնացած գյուղեր

Օնջոխեթին և Գադիդին ծովի մակարդակից 650մ բարձրության վրա են տեղակայված։ Վրաստանում բարձրադիր գյուղի կարգավիճակ է շնորհվում այն գյուղերին, որոնք ոչ պակաս, քան 800մ բարձրության վրա են գտնվում։ Այս երկու գյուղերի խնդիրները, սակայն, նույնն են, ինչ բարձրադիրի կարգավիճակ ունեցողներինը։

Ճանապարհներ չկան, բնական գազը քաշված չէ, նորմալ կյանքի տարրական պայմաններ չկան և․․․ հեռանկարներ չկան։ Եվ այս ամենն՝ այն պատճառով, որ Օնջոխեթիում և Գադիդիում քիչ մարդ է բնակվում։ Հատկապես աչքի է ընկնում այն, որ գրեթե երիտասարդություն չկա։

«Կարելի է թերևս ասել, որ մեր դպրոցների աշակերտները մեր ողջ երիտասարդությունն են։ Այս երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Եթե ինչ-որ հնարավորություն լիներ, նրանք հավանաբար այստեղ չէին լինի», – ասում են ուսուցիչները։

2014թ-ի մարդահամարի համաձայն՝ Օնջոխեթիում 213 տնային տնտեսություն կա, իսկ Գադիդիում 252 ընտանիք էր ապրում։ Իսկ այսօր այնտեղ մնացել է այդ թվի մեկ երրորդը։

Տեղի երիտասարդության մեծ մասը Քութայիսի է տեղափոխվել, մյուսները՝ Վանի։ Գյուղի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչ Էլգուջա Բելտաձեն ասում է, որ միգրացիան ահագնանում է, սպառնալիք է առաջացել, որ գյուղերն ընդհանրապես կարող են ամայանալ։

Լքված տուն Գադիդի գյուղում։ Լուսանկարը՝ Տեկլե Մորգոշիայի

«Չգիտեմ՝ ինչպես, բայց կառավարությունը պետք է ամեն բան անի՝ գյուղերին օգնելու համար։ Չեմ կարծում որ նրանք, ովքեր քաղաք են տեղափոխվել, կվերադառնան, երիտասարդներին նկատի ունեմ։ Սակայն այստեղ մնացածներին պետք է պահել», – ասում է Էգուջա Բելտաձեն։

«Սարերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն զբաղվում է լեռնային շրջանների բնակիչների մոբիլիզացիայով և ակտիվացմամբ, զբոսաշրջության և տնտեսության զարգացմամբ, բարեկարգմամբ։ Մեզ հետ զրույցում կազմակերպության ղեկավար Շոթա Բուչուկուրին խոսում է որոշ պատճառների մասին, որոնք մարդկանց ստիպել են հեռանալ լեռնային գյուղերից։

«Գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են։ Մարդիկ եկամուտ չունեն, նորմալ ենթակառուցվածքներ չկան։ Հասանելի չէ որակյալ բուժսպասարկումը, կրթությունն ու այլ պետական ծառայություններ։ Շրջաններում, որտեղ ամեն ինչ քիչ թե շատ նորմալ է, ինչ-որ տնտեսություն կա,  միգրացիայի մակարդակն այսքան բարձր չէ, – ասում է Շոթա Բուչուկուրին։ – Այդ պատճառով էլ շեշտը պետք է դնել հենց այս խնդիրների լուծման վրա, այդ ժամանակ ոչ ոք չի հեռանա, և դպրոցներում աշակերտներ կլինեն»։

«Լեռների օրենքը» և կարգավիճակ չունեցող գյուղերի հեռանկարը

2016թ-ի հունվարից, երբ ընդունվեց Բարձրադիր գյուղերի զարգացման մասին օրենքը, «բարձրադիր բնակավայրի» կարգավիճակ է շնորհվել 1731 բնակավայրի (որոնք ավելի քան 331 բնակիչ ունեն) և, հետևաբար, այդ գյուղերում ապրող 245 697 մարդ օգվում է սոցիալական և հարկային արտոնություններից։

Օրենքի համաձայն՝ սոցիալական արտոնությունների տակ պետք է հասկանալ կենսթոշակային հավելումները և ուսուցիչների, բժիշկների, բուժքույրերի աշխատավարձերի բարձրացումը, հանրային դպրոցների և պրոֆեսիոնալ կրթական հաստատությունների աշակերտների վաուչերների ավելացված ֆինանսավորումը, ձմեռվա ժամանակահատվածում ջեռուցման ապահովումը, սպառված էլեկտրաէներգիայի համար արտոնությունները, դրամական օգնությունը նորածիններին և այլն։

Բարձրադիր շրջանների մասին օրենքի և Վրաստանի Հարկային օրենսգրքի համապատասխան՝ այդ շրջանների մշտական բնակիչների, բարձրադիր շրջաններում արտադրությունների տերերի համար նույնպես հարկային արտոնություններ կան եկամտի, շահույթի, գույքի մասով։

Ի՞նչ է պլանավորում Բարձրադիր շրջանների ազգային խորհուրդն այն բնակավայրերի համար, որոնք առանց կարգավիճակի են մնացել ոչ բավարար բարձրության պատճառով, որի վրա տեղակայված են։ Գերատեսչությունից այսպիսի պատասխան ենք ստացել

«Երեք նախաձեռնություն է դիտարկվել քննարկել «բարձրադիրի» կարգավիճակի շնորհում այն մունիցիպալիտետների բոլոր բնակավայրերին, որոնց բնակավայրերի 80%-ն արդեն նման կարգավիճակ ունի; դիտարկել ծովի մակարդակից երկու հազար մետր բարձրության վրա մշտական բնակության իննամսյա ժամկետի կրճատում մինչև վեց ամիս՝ բարձրադիր շրջանի բնակչի կարգավիճակից օգտվելու համար; դիտարկել «բարձրադիր բնակավայրի» կարգավիճակ այն գյուղերին շնորհելու պարզեցման հարցերը, որոնք գտնվում են Վրաստանի օկուպացված տարածքներում և որոնք ծովի մակարդակից ավելի քան 800 մետր բարձրության վրա են գտնվում»։


Կարդալ ավելին JAMnews-ում