Ինչ էլ լինի, կինը պետք է լռի․ շատերը մինչև հիմա հենց այդպես են կարծում" />

Վրաստան․ աղջիկը, որը պատգամավորին մեղադրել է սեռական բռնության համար, ինքն է ագրեսիայի առարկա դարձել

Ինչ էլ լինի, կինը պետք է լռի․ շատերը մինչև հիմա հենց այդպես են կարծում

თამთა თოდაძე

Վրաստանում առաջին անգամ է պատգամավորը պաշտոնապես մեղադրվել սեռական բռնության համար։

Իլյա Ջիշկարիանիին Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ է՝ իշխող կուսակցությունից։ Նրա օգնական Թամթա Տոդաձեն մեղադրել է նրան սեռական և ֆիզիկական բռնության համար։ Պատգամավորը վճռականորեն հերքում է մեղադրանքները։

Ի սկզբանե, իրավապահ մարմինները հրաժարվում էին Թամթա Տոդաձեին որպես տուժած գրանցել, սակայն այն բանից հետո, երբ պատմությունը հանրությանը հայտնի դարձավ, ամեն ինչ փոխվեց։

Վերջին մի քանի օրում Տոդաձեն դարձել է պոպուլյար թոք-շոուների և լուրերի գլխավոր հերոսուհի։ Նա տեսախցիկների առջև ցուցադրում է ձեռքի քերծվածքներն ու չի կարողանում թաքցնել արցունքները։

Թամթա Տոդաձեն JAMnews-ին պատմել է այն մասին, թե ինչ է իր հետ տեղի ունեցել։

«Նա համբուրեց պարանոցս և հարցրեց, թե ինչ է ինձ դուր գալիս»

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Թբիլիսիի Իսանիի շրջանի մեծամասնական պատգամավոր Իլյա Ջիշկարիանիի գրասենյակում։

28-ամյա Թամթա Տոդաձեն պատգամավորի բյուրոյում էր աշխատում արդեն երկու տարի։ Նրա պարտականություններն էին հասարակայնության հետ կապերը՝ քաղաքացիների ընդունելությունն, ինչպես նաև մեծամասնական պատգամավորի ֆեյսբուքյան պաշտոնական էջի կառավարումը։

• Կյանք՝ բռնաբարությունից հետո։ 22-ամյա Սալոմե Զանդուկելիի պատմություը

• Ինչի՞ համար են պայքարում կանայք։ Ֆեմինիզմի այբբենարան

Տոդաձեն հիշում է, որ սեպտեմբերի 30-ի առավոտյան Իլյա Ջիշկարիանին աշխատանքի էր եկել 11:30-ին մոտ՝ հայտարարելով, որ խումհար ունի և կցանկանար մի բան խմել։

Թամթա Տոդաձեն

Աղջիկն ասում է, որ այդտեղ տարօրինակ ոչինչ չկար, քանի որ Ջիշկարիանին հաճախ է աշխատանքային ժամերին ալկոհոլ օգտագործում։ Տոդաձեն ասում է, որ իրենից բացի բյուրոյում ևս չորս աշխատակից կային, որոնք պատգամավորի ազգականներն ու ընկերներն են, այդ պատճառով էլ միջավայրը գրասենյակում բավականին ոչ ֆորմալ էր։

Շուտով Ջիշկարիանին գրասենյակ էր բերել խմիչք և ուտելիք։ Թամթա Տոդաձեն սեղան էր գցել։ Շուտով բյուրո էին եկել մյուս երկու աշխատակիցները։ Թամթան ասում է, որ խմել է նրանց հետ, բայց շատ քիչ։

Դրանից հետո աշխատակիցները հեռացել են՝ նրան մենակ թողնելով Ջիշկարիանիի հետ։ Ըստ Տոդաձեի, դա առաջին անգամ էր, որ նա ստիպված է եղել մենակ մնալ ոչ սթափ պագամավորի հետ։

«Մենք սեղանի շուրջ նստած էինք, և նա անսպասելիորեն գրկեց ինձ և սկսեց պարանոցս համբուրել։ Դա անսպասելի էր, և ես չգիտեի՝ ինչ անել։ Նա ասում էր․ «Գլուխդ թեքիր, ուզում եմ շուրթերդ համբուրել։ Փորձում էր ձեռքը փեշիս տակ մտցնել։ Ես ասացի․ «Այդ ի՞նչ եք անում, բաց թողեք»։ Ի պատասխան նա ասաց․ «Ի՞նչ է, դուրդ չի՞ գալիս»», – պատմում է Տոդաձեն։

Նրա խոսքով՝ պաշտպանվելու համար նա պատգամավորին ասել է, որ կատարվածը բջջային հեռախոսով նկարահանում է։ Դրանից հետո պատգամավորը կատաղել է և փորձել հեռախոսը նրա ձեռքից առնել, և դրա պատճառով Թամթայի ձեռքերին քերծվածքներ են մնացել։

Ինչպես նկարագրում է Թամթան, հեռախոսը նրա ձեռքից առնելով և շպրտելով հատակին, Ջիշկարիանին իրեն էլ է գցել հատակին և սկսել ձեռքերով ու ոտքերով ծեծել՝ «պոռնիկ» և «ուղարկված» անվանելով։

Տոդաձեն պատմում է, որ հաջողացնելով գրասենյակից դուրս պրծնել և տուն վերադառնալ՝ նա ոստիկանություն է զանգահարել իր մոր հեռախոսից։

«Երբ նրանք եկան, ես նրանց ամեն ինչ պատմեցի և խնդրեցի գնալ այնտեղ, որքան հնարավոր է շուտ և զննել դեպքի վայրը։ Նրանք ասացին, որ այնտեղ ուրիշ խումբ է մեկնելու, սակայն ես կասկածում եմ», – ասում է Տոդաձեն։

Սկզբից աղջկան հարցաքննել են ոստիկանական բաժանմունքում, այնուհետև նա ոստիկանների հետ գնացել է գրասենյակ, որտեղ ամեն ինչ արդեն հավաքած և հարդարված էր։

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այնտեղ հետքերն են մաքրել։ Նա բարձրաստիճան պաշտոնյա է, նրա տղան Պետանվտանգության ծառայությունում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Ես ինձ անվտանգ չէի զգում։ Ես գիտեմ, որ նրան հարցաքննել են և փորձաքննություն անցկացրել», – ասում է Թամթան։

«Ես պատրաստ չէի հանրայնացնելու սա, բայց այլ ընտրություն չունեի»

Այս պատմության մասին հանրությունն իմացել է միայն այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները ոչ մի կերպ չեն արձագանքել կատարվածին․ Տոդաձեն տուժած չի ճանաչվել, Ջիշկարիանին չի հարցաքննվել։

Թամթա Տոդաձեն որոշել է շարունակել պայքարը։ Նա դիմել է ժողովրդական պաշտպանին, այնուհետև՝ «Սափարի» կանանց կազմակերպություն։

«Ես պատրաստ չէի հանրայնացնել հարցը, սակայն այլ ընտրություն չունեի։ Եթե լռեի, ինձ մինչև հիմա տուժած չէին ճանաչի», – ասել է Տոդաձեն։

Նրա փաստաբան Թամար Լուկավան ասում է, որ հիմնական քննչական գործողություններն անցկացվել են միայն այն բանից հետո, երբ Տոդաձեն հարցազրույց է տվել և բացահայտ պատմել պատգամավորի կողմից բռնության մասին։

Տոդաձեի գործը դարձել է լուրերի գլխավոր թեմա։ Նա որպես հյուր հրավիրվել է պոպուլյար թոք-շոուներին մասնակցելու։

Միջադեպից ութ օր անց դատախազությունը Թամթա Տոդաձեին այնուամենայնիվ տուժած է ճանաչել և մեղադրանք առաջադրել Իլյա Ջիշկարիանիին։

Տոդաձեի փաստաբանից պահանջել են չհանրայնացնելու մասին ստորագրություն թողնել, այդ պատճառով էլ նա չի կարող խոսել գործի մանրամասների մասին մինչև հետաքննության ավարտը․

«Ես միայն կարող եմ ասել, որ քննչական գործողությունները ժամանակին չեն անցկացվել, ինչը վտանգ է ստեղծում, որ ապացույցները կարող են ոչնչացվել։ Սակայն գործում դեռ բավականաչափ ապացույցներ կան՝ հաստատելու համար այն փաստը, որի մասին խոսում է Թամթա Տոդաձեն», – ասել է փաստաբանը։

Գործով հետաքննությունն այնուամենայնիվ սկսվել է․ հարցաքննվել են երկու կողմերն ել, ինչպես նաև այլ անձինք՝ ներառյալ շտապօգնության բժիշկները, որոնք Թամթային տեսել են սեպտեմբերի 30-ին։

Առգրավվել են նաև տեսահսկման սարքերի տվյալները, զննվել է դեպքի վայրն ու փորձաքննություն է անցկացվել։

Պատգամավորին մեղադրանք է առաջադրվել՝ «սեռական բնույթի բռնություն ծառայողական դիրքի օգտագործմամբ, ծեծ և մարմնական վնասվածքներ հասցնել» հոդվածներով։ Իլյա Ջիշկարիանին մինչև հիմա քաղաքային խորհրդի պատգամավոր է։

Միջադեպից ինն օր անց նա հայտարարել է, որ կտրականապես հերքում է մեղադրանքները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ սկանդալի պատճառով նա հիվանդանոց է ընկել, որտեղ այժմ բուժվում է։

Իլյա Ջիշկարիանին իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ է, Թբիլիսիի քաղաքային երկու գումարումների խորհրդի պատգամավոր։ Նրա որդին՝ Բեքա Ջիշկարիանին, աշխատում է ամենաազդեցիկ մարմիններից մեկում՝ Պետական անվտանգության ծառայությունում։

Փաստաբան Մարիամ Կուբլաշվիլին, որը Ջիշկարիանիի շահերն է պաշտպանում, ասում է, որ պատգամավորը «հալածանքի և զրպարտության» զոհ է դարձել։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 30-ին Թամթա Տոդաձեն ինքն է ցանկացել մենակ մնալ Ջիշկարիանիի հետ՝ զրուցելու նպատակով։ Փաստաբանը պնդում է, որ Տոդաձեն պատգամավորին ցանկացել է խնդրել աշխատավարձը բարձրացնել և երաշխավորագրեր տրամադրել։

Այս թեմայով գրեթե բոլոր հարցազրույցներում փաստաբան Կուբլիաշվիլին Թամթա Տոդաձեին անվանում է «թույլ սեռի ներկայացուցիչ» և ասում, որ իր վստահորդը մինչև հիմա լռել է, քանի որ «նրան մեղադրողը կին է, որն իր դստեր տարիքին է, և նա չի ցանկացել նրան ընդդիմախոսել որպես հավասարը հավասարին»։

«Ի՞նչ է, այդ անառակը չի՞ ուզում ամուսնանալ»

Վրաստանում օրենք կա, որը պատասխանատվություն է նախատեսում սեռական բռնության համար, սակայն դրա լիարժեք իրացմանը շատ բան է խանգարում, նախևառաջ, մտածողությունն ու հանրության անտեղյակությունը։

Կանայք Վրաստանում խուսափում են հանրային կերպով պատմել սեռական բռնության մասին, նախևառաջ, հասարակության արձագանքի պատճառով։

Վրացական հասարակությունը սովոր չէ կարեկցել կնոջը, որը բացահայտ համարձակվել է խոսել վերապրած բռնության մասին։ Նման դեպքերում համակրանքը հաճախ ոչ թե զոհի նկատմամբ է, այլ բռնարարի։ Սովորաբար սկսում են քննարկել, թե արդյոք զոհն արժանի չէր նրան, ինչն իր հետ պատահել է, և արդյոք նա չէ սադրել բռնարարին։

Այդպես եղավ նաև Թամթա Տոդաձեի հետ։ Այն պահից, երբ նա բացահայտ պատմեց իր հետ կատարվածի մասին, Ֆեյսբուքում նրա դեմ իսկական պայքար սկսվեց նման կարծրատիպային հայացքների կողմնակիցների կողմից։

Օրինակ, գրում էին այն մասին, թե Տոդաձեն սիրում է խմել և սիրահետել տղամարդկանց, նրան «անառակ» են անվանել, իսկ որպես ապացույց բերել այն տեսանյութը, որտեղ նա․․․ պարում է։

Եղել են նաև այսպիսի մեկնաբանություններ․

«Իսկ ի՞նչ էր ուզում, երբ խմում էր տղամարդու հետ»։

«Ինչպե՞ս նա կարող է հանրային կերպով պատմել դա, նա, ի՞նչ է, չի՞ ուզում ամուսնանալ»։

Եվ, որ ամենագլխավորն է, որոշ ոչ կոռեկտ և վիրավորական մեկնաբանությունների հեղինակները պետական ծառայողներ և «Վրացական երազանքի» ակտիվիստներ են։

Կանանց շարժման անդամ, Իլյայի պետական համալսարանի պրոֆեսոր Նինո Դանելիան ասում է, որ հասարակությունում սեռական հանցագործությունների առումով տաբու կա, որը կանանցից պահանջում է լռել․

«Երբեմն ասում են, որ կինն ինքն է առիթ տվել, երբեմն էլ, որ հնարավոր է, այդպես էլ եղել է, սակայն կինը պետք է դիմանա և այդ մասին հանրային կերպով չխոսի։ Այդ ֆոնին որոշ կանայք համարձակվում են խոսել սեռական բռնության մասին։ Մենք տեսնում ենք, նրանց քարկոծում են և սկսում պաշտպանել տղամարդկանց․ բռնարարն անպայման ինչ-որ մեկի լավ հարևանն է, ընկերը կամ գործընկերը։ Մենք գիտենք այս խնդրի մասին․ մարդը կարող է լավ հարևան և ընտանիքի անդամ լինել, սակայն միաժամանակ դաժանաբար վերաբերվել կանանց», – ասում է Դանելիան։

Մեկնաբանելով Թամթա Տոդաձեի գործը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, օրինակ, ասել է, որ նա վաղուց է ճանաչում Իլյա Ջիշկարիանիին և «թե ինչպես է նա ապրում»։

«Ցանկացած մարդ կարող է նման մեղադրանք առաջադրել ցանկացածին», – ասել է Կալաձեն։

Կանանց իրավունքների ոլորտի փորձագետների կարծիքով՝ իրավիճակն ավելի է խորանում նրանով, որ իրավապահ մարմինները պատրաստ չեն զբաղվելու նման գործերով։

«Սափարի» կանանց կազմակերպության ղեկավար Բայա Պատարայան Վրաստանում կանանց իրավունքներն է պաշտպանում արդեն 12 տարի։ Սեփական փորձի վրա հիմնվելով՝ նա ասում է, որ երբ բանը հասնում է սեռական հանցագործություններին, վրացական իրավապահ համակարգը շփոթվում է։

«Համակարգն ընդհանրապես փորձում է շրջանցել սեռական հանցագործությունները։ Հետաքննության արդյունքում պարզվում է, որ նրանք որակավորման պակաս ունեն, չգիտեն, թե ինչ ապացույցներ հավաքել, ինչպես մոտենալ գործին և այլն։ Զոհերին հաճախ ասում են․ մենք, միևնույն է, ոչինչ չենք կարող ապացուցել, և, քանի որ տեղի է ունեցել նաև ֆիզիկական բռնություն, եկեք շեշտը դրա վրա դնենք։ Եղել են դեպքեր, երբ ոստիկանությունը տուժածներին ստիպել է հրաժարվել ցուցմունքից այն բանի հիման վրա, որ իրենք չեն կարող բացահայտել գործը», – ասում է նա։

«Կարոտում եմ այն Թամթային, որը սեպտեմբերի 30-ից առաջ էր»

Թամթա Տոդաձեն այժմ գործազուրկ է, նա հոգեբանի մոտ է գնում, տառապում սթրեսից և գրեթե չի քնում մի քանի օր։

Նրա դեմ Ֆեյսբուքում կազմակերպված սև փիարն իշխող կուսակցության ակտիվիստների մասնակցությամբ Թամթա Տոդաձեին ստիպում է մտածել, որ իր դեմ պայքարում է պետական համակարգը։

Նա ասում է, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին և պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ բռնարարը չի պատժվել։

«Երբ ես հիշում եմ, թե ինչպիսին էի ես մինչև սեպտեմբերի 30-ը, շատ եմ կարոտում այն Թամթային։ Նա գեղեցիկ էր, նպատակասլաց, հանգիստ և դրական։ Հիմա ես մտածում եմ, որ ինձ ոչնչացրել են, ես էլ չկամ․․․ Կարծես բանտում լինեմ, իսկ երբ փողոց եմ դուրս գալիս, ինձ թվում է, որ ինձ մատով են ցույց տալիս», – ասում է Թամթան։

Ամենամեծ աջակցությունը նա զգում է ընտանիքից, ընկերներից և Ֆեյսբուքի անծանոթ օգտատերերից։

Նրա խոսքով՝ այդ պայքարում նրան օգնում է այն, որ ինքն օգնում է բռնության զոհ դարձած մյուս կանաց․

«Պարզվում է, որ ես պայքարում եմ նաև նրանց համար։ Մենք պետք է այս երկիրը դեպի լավը փոխենք։ Երբ բռնության եք ենթարկվում, այդ մասին խոսելը, ոստիկանություն դիմելը չպետք է ամոթ լինի, մենք չպետք է ամաչենք»։

Սեռական ոտնձգությունների/բռնության մասին գործերը Վրաստանում

Իլյա Ջիշկարիանին առաջին պաշտոնյան չէ, որը մեղադրվել է սեռական բռնության կամ ոտնձգության համար։

• Մի քանի ամիս առաջ Նինոծմինդայի (Վրաստանի հարավում գտնվող Սամցխե-Ջավախեթիի շրջան) մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանը հայտարարել է, որ Հենզել Մկոյանը՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորն Ախալքալաքից, երկու տարի փորձել է իր համակրանքին արժանանալ, նվերներ է առաջարկել, իր կաբինետ կանչել և փորձել իր հետ հարաբերություն ունենալ, իսկ երբ մերժում է ստացել, սպառնացել է «ոչնչացնել նրան»։ Միջադեպից հետո մանկապարտեզում ստուգումներ են սկսվել, Նարինե Գինոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։

• «Վրացական երազանքի» բարձրաստիճան ևս մեկ պաշտոնյա, որը մեղադրվել էր սեռական ոտնձգության համար, Պապունա Ուգրեխելիձեն է, նա ստիպված հրաժարական էր ներկայաացրել։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նրա նախկին աշխատակից Էկա Մեսխիձեն պատմել է նրա կողմից հետապնդումների մասին։ Ուգրեխելիձեն դատի էր տվել կնոջը զրպարտության համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել էր, որ սեռական ոտնձգությունների զոհը պետք է հերքի իր հայտարարությունների մի մասը։ Էկա Մեսխիձեն վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։

• Եվս մեկ աղմկահարույց գործ վերաբերում է նախկին հեռուստահաղորդավար իշխող կուսակցության PR-ռազմավարության մասնագետ Շալվա Ռամիշվիլիին։ Նրա նախկին աշխատակից Թաթիա Սամխարաձեն նրան դատի էր տվել սեռական ոտնձգության համար 2016-ին և շահել էր դատը բոլոր ատյաններում։

• 2018թ-ին մի քանի կին մեղադրել էր հայտնի իրավապաշտպան և CiDA կազմակերպության ղեկավար Զվիադ Դևդարիանիին սեռական ոտնձգությունների համար։ Հստակ դեպքեր է ուսումնասիրել օմբուդսմենի գրասենյակը, որը Դևդարիանիի կողմից սեռական ոտնձգության փաստ է արձանագրել հինգ դեպքից երեքում։

• Բաթումի պետական համալսարանի դասախոսը նույնպես ստիպված է եղել աշխատանքից հեռանալ այն բանից հետո, երբ ուսանողուհուն խնդրել էր իրեն «համարձակ սելֆի» ուղարկել այնպես, «կարծես ծովում լողալիս լինի»։


Կարդալ ավելին JAMnews-ում