Անակլիայի ափին է մոտեցել հատակը խորացնելու «Ատենա» հսկայական նավը" />

Վրաստանում սկսվել է առաջին խորջրյա նավահանգստի շինարարությունը: Ֆոտոռեպորտաժ

Անակլիայի ափին է մոտեցել հատակը խորացնելու «Ատենա» հսկայական նավը

 

Անակլիայում (Արևմտյան Վրաստան) սկսվել են խորջրյա նավահանգստի շինարարության աշխատանքները:

Ցամաքում աշխատանքները տարվում են դեռ 2017թ-ից, իսկ այսօր շինարարությունը տարածվել է նաև ծովային հատվածի վրա:

Անակլիայի նավահանգիստը Վրաստանի համար կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է, քանի որ ճանապարհ կբացի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռների փոխադրման համար: Վրաստանի «Անակլիա» առաջին խորջրյա նավահանգիստը կարող է լուրջ մրցակցություն կազմել թուրքական նավահանգիստների, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետությունների նավահանգիստների համար:

Էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիայի հայտարարության համաձայն՝ ««Անակլիա» նավահանգստի շինարարություն» նախագծի իրականացումը երկրի առջև կանգնած երկու մարտահրավերների արժանի պատասխան կլինի: Առաջին հերթին, այն թույլ կտա շահավետ օգտագործել Վրաստանի աշխարհագրական դիրքը՝ այն վերածելով լոգիստիկ հանգույցի, իսկ, երկրորդ հերթին, Վրաստանը վերջնականապես կձևավորվի որպես ծովային պետություն:

Անակլիայի ծովափն՝ այն վայրը, որտեղ տեղակայվելու է նավահանգիստը, տեխնիկայով լի է: Մոտ ապագայում այստեղ կսկսվեն Վրաստանի համար աննախադեպ աշխատանքներ:

Անակլիայի ափերին է արդեն մոտեցել Աշխարհի ամենախոշոր նավերից մեկը՝ «Ատենան», որը կիրականացնի խորջրյա աշխատանքների հիմնական մասը:

«Ատենա» նավը խորացնում է ծովի հատակը

«Ատենայի» վրա աշխատող մասնագետները պետք է խորացնեն ծովի հատակը: Դրա համար ծովից դուրս կբերվի  5մլն կուբամետր ավազ:

Լաբորատորիա «Ատենա» նավի վրա

Դուրս բերված ավազի տեղը կզբաղեցնի տասը կիլոմետրանոց ամբարտակն ու 2.5 կմ երկարությամբ մելիորատիվ ջրանցքը:

Ջրի մակերևույթին արդեն 2.5կմ երկարությամբ հսկայական խողովակներ են երևում, ուղղահայաց դրենաժ է մոնտաժվել:

Ծովից դուրս բերված ավազը փռվելու է ափին, և դրա համար արդեն 110 հա մակերեսով տարածք է նախապատրաստվել:

«Սա մասշտաբային առումով աննախադեպ նախագիծ է, որի իրականացմանը մասնակցում են տարբեր երկրների ներդրողներ: Ինչպես վրացի, այնպես էլ արտասահմանյան տնտեսագետների հաշվարկով՝ Անակլիայի զարգացման նախագիծը 60 միլիարդանոց կոնտրիբուցիա կստեղծի»,ասում է Անակլիայի զարգացման կոնսորցիումի հիմնադիր Մամուկա Խազարաձեն:

Անակլիայում աշխատանքների մեկնարկի պաշտոնական արարողության ժամանակ էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարեց, որ «նախագծի իրականացումը թույլ կրա բարձրացնել Վրաստանի մրցունակությունը»:

Նախագծում մոտակա երկու տարում կներդրվի 600 մլն դոլար: Այն աշխատանքով կապահովի մեկուկես հազար մարդու: Իրականացմամբ զբաղվելու է տենդերը շահած Van Oord հոլանդական ընկերությունը, որը մասնագիտանում է ծովային ենթակառուցվածքային աշխատանքների վրա: Հենց նա է Դուբայում կառուցել «Արմավենիների կղզին», զբաղվել Ռոտերդամի նավահանգստի ընդլայնմամբ, Սուեզի երկրորդ ջրանցքի շինարարությամբ:

Շինարարության առաջին հատվածը կավարտվի 2020թ-ին: Հենց այդ ժամանակ էլ Անակլիան կընդունի առաջին նավերը: Շինարարության առաջին փուլի ավարտից հետո Վրաստանը կարող է 10 000 կոնտեյներ ունեցող (TEU) «պանամաքս» կամ «պոստպանամաքս» տեսակի նավեր ընդունել, ինչն այսօրվա դրությամբ ի վիճակի չէ անել ոչ մի նավահանգիստ՝ ոչ Բաթումիում, ոչ Փոթիում:

Պլանի համաձայն՝ Անակլիայի նավահանգիստը կկարողանա մինչև մեկ միլիոն TEU կոնտեյներներ և մինչև մեկուկես միլիոն տոննա սորուն բեռ վերամշակել:

•  Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը 9 փուլ է ունենալու: Նախագծի ընդհանուր արժեքը 2.5 մլրդ դոլար է: Իրականացված աշխատանքների արդյունքում Անակլիայի ծովային խորությունը կավելացվի մինչև 16 մետրով:


Կարդալ ավելին JAMnews-ում