Անսպասելի նորություն վրացական հասարակության համար: Բոլորը քննարկում են, թե ով է միտրոպոլիտ Շիո Մուջիրին և ինչ է նշանակում «տեղապահ»" />

Վրաստանում նշել են ապագա պատրիարքի անո՞ւնը

Անսպասելի նորություն վրացական հասարակության համար: Բոլորը քննարկում են, թե ով է միտրոպոլիտ Շիո Մուջիրին և ինչ է նշանակում «տեղապահ»

Պատրիարք Իլյա Երկրորդը: REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Կաթողիկոս և Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդն այսօր բոլորի համար անսպասելի կերպով հայտարարել է պատրիարքի աթոռի «տեղապահի» անունը:

Քաշուեթիի եկեղեցում Վրաստանի հովանավոր Սուրբ Գիորգիի օրվա կապակցությամբ հանդիսավոր պատարագի մեկնարկից առաջ Կաթողիկոս-Պատրիարքը շնորհավորել է տաճարում բոլոր հավաքվածներին և կարդացել իր որոշումը Սենակիի և Չխորոցկուի միտրոպոլիտ Շիո Մուջիրիին պատրիարքի աթոռի տեղապահ նշանակելու մասին: Իլյա Երկրորդի խոսքով՝ որոշումը կայացվել է այսօր:

Ի՞նչ հասկանալ՝ «տեղապահ» ասելով և արդյո՞ք միտրոպոլիտ Շիո Մուջիրին ապագայում Վրաստանի պատրիարք կդառնա

Տեղապահի գործառույթները կայանում են պատրիարքի գործառույթների իրականացման մեջ նրա մահվանից 40 օրվա ընթացքում, քանի դեր Սուրբ Սինոդը Վրաց ուղղափառ եկեղեցու նոր ղեկավար չի նշանակել:

Պատրիարքի որոշումը տեղապահի վերաբերյալ շատերի համար անսպասելի էր, քանի որ հայտնի է, որ պատրիարքը մտադիր էր նրա անունը հայտարարել իր ժառանգությունում:

Շիո Մուջիրին ավտոմատ կերպով պատրիարքի հետնորդը չի դառնում, թեև այն, որ Իլյա Երկրորդը հենց նրան է տեղապահ հայտարարել, վկայում է Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարի բարեհաճության մասին, կարծում են աստվածաբանները:

Աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին կարծում է, որ պատրիարքի այդ ժեստը սիմվոլիկ է և նշանակում է, որ Իլյա Երկրորդն, ըստ էության հայտարարել է Շիո Մուջիրիին աջակցելու մասին:

«Նա հետնորդ չէ կամ ժառանգորդ: Տեղապահն այն մարդն է, որը պատրիարքի մահվան դեպքում կկատարի նրա պարտականություններն ու նոր պատրիարքի ընտրության համար Սինոդի նիստ կհրավիրի: Դա պատրիարքի խորապես խորհրդանշական և կարևոր որոշումն է և իրոք նշանակալից աջակցություն: Բնականաբար, դա չի նշանակում, որ կաթողիկոսն ուղղակիորեն նշել է իր հետնորդի անունը, եկեղեցում նման բան չի լինում, դա միապետություն չէ, բայց անուամենայնիվ այդպիսի աջակցությունը շատ բանի մասին է խոսում», — հայտարարել է Մինդաիշվիլին «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը:

Կանոնական իրավունքի մասնագետ Լադո Նարսիան հակված է համարել, որ Իլյա Երկրորդի որոշումը վկայում է այն մասին, որ նրան պետք է եռանդուն գործընկեր եկեղեցու առաջ կանգնած բարդ խնդիրների լուծման համար:

«Պատրիարքը պատկառելի տարիքում է, մենք տեսնում ենք, թե ինչպես է վատթարանում նրա ֆիզիկական վիճակը, և այն, որ նա հայտարարել է տեղապահի անունը, դրական փաստ է… տեղապահն ավտոմատ կերպով պատրիարքի հետնորդ չի դառնա, սակայն նա ընդգծում է, որ դա իր համար աթոռի հետնորդի առավել ընդունելի թեկնածուն է», — կարծում է Լադո Նարսիան:

«Տաբուլա» պարբերականի լրագրող Լևան Սուտիձեն, որն աշխատում է աստվածաբանական հարցերի ուղղությամբ, ասում է, որ «Մուջիրին դառնում է պատրիարքի աթոռի, նվազագույնը, թեկնածուներից մեկը, առավելագույնը, պատրիարքի այդ որոշումը նրան պատրիարքի աթոռ կապահովի: Այն, որ գործող կաթողիկոսը կյանքի օրոք եկեղեցու կառավարումը վստահում է միտրոպոլիտ Շիոյին, կարելի է դիտարկել որպես Սուրբ Սինոդին հուշում ապագա կաթողիկոսի հարցի լուծման պարագայում»:

Ի՞նչ է հայտնի Շիո Մուջիրիի մասին

Շիո Մուջիրին Սենակիի և Չխորոցկուի միտրոպոլիտն է, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի: Աշխարհիկ անունը Էլիզբար Թեյմուրազի Մուջիրի է, ծնվել է 1969թ-ի փետրվարի 1-ին Թբիլիսիում: 1993թ-ի հունվարի 5-ին քահանա է ձեռնադրվել: 2010թ-ի օգոստոսի 2-ին միտրոպոլիտ է նշանակվել:

Աստվածաբանական կրթություն Շիո Մուջիրին ստացել է Ռուսաստանում: Նա սովորել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում և Տիխոնովյան աստվածաբանական ինստիտուտում: Աստվածաբանների մի մասը կարծում է, որ նա հավատարիմ է ռուսական եկեղեցուն, ասոցացվում է ռուսական եկեղեցական շրջանակների հետ և քաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստանն է: Որպես փաստարկ նշվում է նրա սերտ ընկերությունը վրացի գործարար Լևան Վասաձեի հետ, որը հայտնի է իր հակաարևմտյան դիրքորոշմամբ, ռուսամետ նարատիվով և ֆունդամենտալիստական հռետորաբանությամբ:

Համացանցում արդեն հայտնվել է Շիո Մուջիրիի աշխարհիկ ժամանակաշրջանի լուսանկարը, որտեղ նա պատկերված է մանկության ընկերների՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և գործարար Լևան Վասաձեի հետ.

Ձախից առաջինը՝ նախագահ Մարգվելաշվիլին, երկրորդը՝ Լևան Վասաձեն, չորրորդը՝ Շիո (Էլիզբար) Մուջիրին

•  Վրաց առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցին 1977թ-ին գլխավորում է Կաթողիկոս Պատրիարք Իլյա Երկրորդը (Իլյա Շիոլաշվիլին), որի վստահության վարկանիշն անհամեմատ բարձր է Վրաստանի բոլոր հանրային անձանց վարկանիշից և, մասնավորապես, գրեթե կրկնակի գերազանցում է նախագահի և վարչապետի վարկանիշը: Հենց Իլյա Երկրորդի անձնական հեղինակությամբ է բացատրվում Վրաստանում եկեղեցու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը: 85-ամյա պատրիարքն առողջական խնդիրների պատճառով ավելի ու ավելի հազվադեպ է հայտնվում հանրության առջև:


Կարդալ ավելին JAMnews-ում