Միրանդա Պագավան ասում է, որ Վրաստանում տրանսգենդերների համար անտանելի իրավիճակ է, և նա մտադիր է լքել երկիրը:" />

Վրաստանում հարձակվել են կին-տրանսգենդերի վրա

Միրանդա Պագավան ասում է, որ Վրաստանում տրանսգենդերների համար անտանելի իրավիճակ է, և նա մտադիր է լքել երկիրը:

Թբիլիսիում ծեծի են ենթարկել կին-տրանսգենդեր Միրանդա Պագավային:

Հարձակման մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Պագավան պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Թբիլիսիի կենտրոնում՝ Վակեի այգու մոտ, երբ նա խանութի մոտ տաքսուց իջնելուց է եղել գումար մանրելու համար: Նրան անծանոթ մի տղամարդ է նկատել, որը ոչ հեռու կանգնած մեքենայում է եղել: Նա սկսել է Միրանդային հաճոյախոսություններ անել և պահանջել, որպեսզի նա իր հետ գնա: Մերժումից հետո տղամարդը սկսել է բղավել, հարցեր տալ նրա կենսաբանական սեռի մասին և հարձակվել կնոջ վրա:

Միրանդա Պագավան իր լուսանկարն է տեղադրել Ֆեյսբուքում:

Նա ասում է, որ օգնություն է խնդրել մոտակա խանութի աշխատակիցներից, սակայն իրեն ոչ ոք չի օգնել:

«Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ դա իր և այլ տրանսգենդերների հանդեպ ագրեսիայի առաջին դեպքը չէ: Նրա խոսքով՝ այդպիսի իրավիճակն իր համար անտանելի է, և նա մտադիր է լքել երկիրը:

«Ես բարձրագույն կրթություն ունեմ: Ուզում եմ ավարտել նաև իրավաբանական ֆակուլտետը և այդ ուղղությամբ կարիերա կառուցել: Վրաստանում գենդերային նույնականությանս պատճառով մարդիկ իմ հասցեին ագրեսիա են արտահայտում: Այդ պատճառով աշխատանք էլ չեմ կարողանում գտնել՝ չնայած իմ կրթությանը և ունակություններին: Մոտ ժամանակներս պլանավորում են որևէ եվրոպական երկրում փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնել: Ես այլևս ուժ չունեմ պայքարելու այսքան թունավոր անձանց դեմ», — ասել է նա «Ռուսթավի-2»-ին:

Կատարվածի առթիվ ՆԳՆ-ն քննություն է սկսել Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի (բռնություն) համաձայն: Պագավայի խոսքով՝ նրա վրա հարձակվածը ձերբակալված է:

Վրաստանն այն սակավաթիվ հետխորհրդային երկրներից է, որտեղ օրենսդրորեն արգելված է ԼԳԲՏ համայնքի հանդեպ խտրականությունը: Սակայն դա չի փրկում կենցաղային բռնությունից և ճնշումներից:

Սա կին-տրանսգենդերների ծեծի առաջին դեպքը չէ. 2017թ-ի փետրվարին չորս տրանսգենդերների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար էին տեսել Թբիլիսիի կենտրոնում: Կանանց վրա մահակներով, փայտերով և ծակող առարկաներով զինված 10 մարդ էր հարձակվել:

2016թ-ի հոկտեմբերին Թբիլիսիում ծեծի էր ենթարկվել տրանսգենդեր Զիզի Շեքիլաձեն: Նրան հիվանդանոց էին տեղափոխել, սակայն բժիշկներին չէր հաջողվել կյանքը փրկել, մեկ ամիս անց նա մահացել էր հիվանդանոցում:

2014թ-ի նոյեմբերին 23-ամյա Սաբի Բերիանիին մահացած էին գտել Թբիլիսիի թաղամասերից մեկի վարձով տանը: Քննությունը հաղորդում էր, որ տրանսգենդեր կինը մահացել է դանակի հարվածներից:


Կարդալ ավելին JAMnews-ում