Ինչ պատճառով է այդքան դժվար Վրաստանի հայերին մայրենի լեզվով կրթություն ստանալ" />

Վրաստանում հայերենով կրթության 4 հիմնական խնդիրները

Ինչ պատճառով է այդքան դժվար Վրաստանի հայերին մայրենի լեզվով կրթություն ստանալ

Ուսուցիչ չկա

Տարածաշրջանում հայոց լեզվի և գրականության բանիմաց ուսուցիչների պակաս կա: Օրինակ, Սամցխե-Ջավախեթիի ամենամեծ շրջանում՝ Ախալքալաքում, «իսկական» ուսուցիչներ, այսինքն բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող մարդիկ, 30 տոկոսը չեն գերազանցում: Ախալքալաքի շրջանի հայ բնակչությունը 95 տոկոս է կազմում, իսկ Նինոծմինդայինը՝ 98 տոկոս: Ընդ որում, երկու շրջաններում էլ ոչ միայն հայերեն խոսող, այլ նաև գրական հայոց լեզվին տիրապետող մարդկանց սուր պակաս է զգացվում, մարդկանց, ովքեր կկարողանային դպրոցում լեզու դասավանդել:

 

 

Դասագրքեր չկան

Հայկական դպրոցները Վրաստանի կրթական համակարգի մի մասն են, այդ պատճառով էլ բոլոր այդ դպրոցների դասագրքերը գրվում են, թարգմանվում ու տպագրվում են Վրաստանում: Ուսուցիչները հոգոց են հանում. եթե գրքերը միայն տեխնիկապես ցածր որակի լինեին, դեռ ոչինչ, և հոգ չէ, եթե ամեն ինչ սահմանափակվեր միայն վրիպակներով: Բայց դրանցում առկա են փաստացի սխալներ ու անհեթեթ անհամապատասխանություններ: Տեղի ուսուցիչները կրթության նախարարությանն առաջարկում են ի վերջո մշտադիտարկում անցկացնել, շտկել սխալները և ոչ թե դասագրքերը փոխել, այլ գոնե ուղղումներով ներդիրներ կպցնել: «Այդ ամենն ավելի արագ կլինի, եթե այդ գործընթացում ընդգրկվեն հայկական դպրոցների ուսուցիչները. նրանք անգիր գիտեն՝ որ գրքում և որ էջում սխալ կա», – առաջարկում է «Քաղաքացիական կրթություն հանուն իրավական պետության» կազմակերպության նախագահ Սեդա Մելքումյանը:
Դժվարին իրավիճակ է ստեղծվել հայոց լեզվի և գրականության աշակերտների առումով, ովքեր սովորաբար գալիս են Երևանից: Գրքերը երկար ամիսներ մնացել են մաքսակետում և անցած ուսումնական տարում այդպես էլ չհասան որոշ դպրոցներ: Ոչ կրթության նախարարությունը, ոչ մաքսային ծառայությունը լրագրողներին այդպես էլ չկարողացան հստակ բացատրություն տալ, թե որն էր այդ ուշացման պատճառը:

 

 

Կարգավիճակ չունեն

Սամցխե-Ջավախեթիում 77 հայկական դպրոց կա: Այդ դպրոցներում հազարավոր աշակերտներ են սովորում, ում համար հայերենը մայրենի լեզու է, իսկ հաճախ նաև՝ միակը, որով խոսում են: Ընդ որում, Վրաստանի կրթական համակարգն, ըստ էության, անտեսում է հայոց լեզուն և գրականությունը որպես հանրակրթական դպրոցի առարկա:
– Հայոց լեզուն ոչ մի կարգավիճակ չունի: Դա նշանակում է, որ շրջանավարտները հայոց լեզվից ու գրականությունից՝ մայրենի լեզվից ու գրականությունից, քննություն չեն հանձնում: Դա նաև նշանակում է, որ հայոց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացում չի նախատեսվում. այլ առարկաների ուսուցիչները թեստավորում, հավաստագրում են անցնում, իսկ հայոց լեզվինը՝ ոչ, – բացատրում է «Քաղաքացիական կրթություն կենտրոնի» նախագահ Անահիտ Ժամկոչյանը:

 

 

Խնդրի ադեկվատ ընկալում չկա

Նախորդ տարիներին պետական վրացական լեզվի ուսումնասիրումը ազգային փոքրամասնությունների խիտ բնակեցված բնակավայրերում պարտադիր բնույթ չէր կրում և հայկական դպրոցների շրջանավարտներից շատ քչերն էին վրացերեն խոսում: Մոտ 10 տարի առաջ կառավարական մի քանի ծրագրեր էին մեկնարկել, որոնք նպատակ ունեին կարգավորել ազգային փոքրամասնությունների շրջանում պետական լեզվի նորմալ ուսուցումը: Բավականին կարճ ժամանակահատվածում լավ արդյունքներ գրանցվեցին, սակայն նորարարները որոշեցին ձեռք բերվածով չսահմանափակվել և լծվեցին բոլոր ոչ վրացական դպրոցներում երկլեզու համակարգի ներդրմանը:
Մտադրություն կար ամեն դասի 30 տոկոսն անցկացնել վրացերենով, իսկ մնացած 70 տոկոսը՝ ազգային փոքրամասնության մայրենի լեզվով (որպես կանոն՝ հայերենով, ադրբեջաներենով կամ ռուսերենով): Բայց շուտով պարզվեց, որ այսպիսի բաժանումն ապահովելն այդքան էլ հեշտ չէ: Օրինակ, ամեն առարկայի համար պետք է ոչ թե մեկ, այլ երկու ուսուցիչ. մեկը՝ որ դասը բացատրի վրացերենով, մյուսը՝ հայերենով: Սակայն մինչ այժմ ուսուցիչը մեկն է, և նա դասի «վրացական» մասը պարզապես անտեսում է:
– Ստացվում է, որ աշակերտը կարդում է ոչ թե ողջ դասագիրքը, այլ դրա 70 տոկոսը,
այսինքն, գիտի դասի միայն մի մասը, այլ ոչ թե ամբողջը, – ասում է Սեդա Մելքումյանը:

 

 

Հեռանկարներ չկան


Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախեթիի հայկական դպրոցներում ուսուցումը յուրահատուկ է այն առումով, որ այն, կարծես, չի համապատասխանում ոչ վրացական, ոչ հայկական կրթական համակարգին: Եվ դա շրջանավարտների համար մեծ խնդիր է:
Մի կողմից, վրացական բուհ ընդունվելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ վրացերենի իմացությունն այստեղ հիմնական խոչընդոտն է: Մյուս կողմից, երևանում ընդունվելը նույնքան դժվար է, որքան Թբիլիսիում. կրթական համակարգն ու բուհ ընդունվելու կարգը մեզ մոտ ընդհանրապես նման չեն:
Սակայն Վրաստանը հույս ունի կրճատել միգրացիայի հոսքը ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հատուկ արտոնյալ ծրագրով բնակեցված շրջաններից: Հիմնականում այդ ծրագրի շնորհիվ է, որ Ջավախեթիում թբիլիսյան բուհեր ընդունվող շրջանավարտների քանակը շարունակում է աճել՝ անտեսելով բոլոր դժվարությունները:


Կարդալ ավելին JAMnews-ում