Մոսկվան անհանգստացած է Թբիլիսիի և ՆԱՏՕ-ի հարաբերություններով" />

Վրաստանում հակամարտությունների շուրջ բանակցությունների նոր փուլ. ի՞նչ դիրք են բռնել կողմերը

Մոսկվան անհանգստացած է Թբիլիսիի և ՆԱՏՕ-ի հարաբերություններով

Միջազգային ժնևյան քննարկումների 41-րդ փուլում, որը կայացել է հոկտեմբերի 10-11-ը, ավանդաբար քննարկվել են անվտանգության հարցեր և հումանիտար խնդիրներ: Սակայն նոր թեմա էլ է հայտնվել՝ մարմարի փայտոջիլը որպես նոր վտանգ տարածաշրջանի համար:

 

Ժնևի միջազգային քննարկումներն անցկացվում են 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո Եվրամիության, ՄԱԿ և ԵԱՀԿ նախագահությամբ, դրանց մասնակցում են Ռուսաստանի, Վրաստանի և ԱՄՆ, ինչպես նաև Սուխումիի և Ցխինվալիի ներկայացուցիչները:

Թբիլիսիի դիրքորոշումը

Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն՝ քննարկման գլխավոր թեման «օկուպացված տարածքներում մնացած վրացիների հանդեպ էթնիկ զտումներն ու Ռուսաստանի ապակառուցողական գործողություններն» էին:

ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ վրացական կողմն ուշադրությունը դարձրել է Էրեդվի գյուղում էթնիկ վրացիների տների զանգվածային քանդմանը: Վրացական կողմն այդ փաստը գնահատում է որպես «Ցխինվալիի շրջանում վրացական հետքը ջնջելու հետևողական փորձ և էթնիկ զտումների շարունակում»:

Քննարկման ևս մեկ հարց էր «Աբխազիայի Գալի շրջանում էթնիկ խտրականությունն», այդ թվում՝ տեղի վրացական բնակչության վրա գործադրվող ճնշումն ազգանուններն ու էթնիկ պատկանելիությունը փոխելու նպատակով: Բացի այդ՝ Գալի և Ախալգորիի շրջանների դպրոցներում մայրենի լեզվով ուսումնառության արգելքը, ծանր սոցիալական և հումանիտար իրավիճակը Գալում:

Վրացական կողմը բարձրացրեց «Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների փաստացի բռնակցման» մասին հարցը: Թբիլիսին բռնկացման շարունակություն է համարում Սուխումում հատուկ մաքսակետի ստեղծման մասին Կրեմլի որոշումը:

«Ռուսաստանը նախկինի պես հրաժարվում է քննարկել անվտանգության միջազգային մեխանիզմի ստեղծումը, այդպիսով Մոսկվան անտեսում է 2008թ-ի օգոստոսի 12-ին զինադադարի մասին համաձայնագրի 5-րդ կետի համաձայն իր վրա վերցրած պարտավորություններն», ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Ռուսաստանի դիրքորոշումը

Ժնևյան քննարկումների արդյունքում արված պաշտոնական հայտարարությունում Ռուսաստանի ԱԳՆ-ն շեշտադրումն անում է ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի համագործակցության վրա, որը Մոսկվայում անհանգստություն առաջացնող են համարում և նշում, որ այն «ընկալվում է որպես տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիք»:

Ռուսական ԱԳՆ հայտարարությունում հիշատակվում է 2017թ-ին Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Մոսվայի կարծիքով՝ Թբիլիսիի և դաշինքի անդամների նման գործողությունները հակասում են Ժնևյան բանակցությունների նպատակներին, արժեզրկում են ձևաչափի աշխատանքն ու հանգեցնում են տարածաշրրջանում լարվածության աճին:

ԱԳՆ-ն քննադատել է նաև Վրաստանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձևը՝ նշելով, որ այն «անընդունելի և սադրիչ բնույթ է կրում»:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը Բուխարեստում հոկտեմբերի 6-9 կայացած ամենամյա նստաշրջանին անվտանգության հարցերով մի քանի բանաձև է ընդունել, որոնցից մեկը վերաբերում է Վրաստանին:

«Սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայունության մասին» բանաձևում, որն ընդունվել է հոկտեմբերի 9-ի լիագումար նիստին, խորը մտահոգություն է արտահայտվում «տարածաշրջանում աճող լարվածության» վերաբերյալ և քննադատվում «Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանդեպ իրականացվող ապօրինի օկուպացիան»:

Սուխումիի դիրքորոշումը 

Սուխումիի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ բանակցությունների մասնակիցները հերթական անգամ չեն կարողացել համաձայնեցնել ուժի չկիրառման վերաբերյալ համատեղ բանավոր հայտարարության փոխզիջումային տարբերակը:

Սուխումիի տարածած հայտարարությունում ասվում է, որ աբխազական կողմը հատուկ ուշադրություն է հրավիրել մարմարի փայտոջիլի դեմ պայքարին ուղղված օպերատիվ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վրա, որի«արշավանքը լրջորեն սպառնում է Աբխազիայում աճեցվող գյուղատնտեսական մշակաբույսերին»:Սուխումին Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահներին խնդրել է հատուկ ուշադրություն դարձնել այդ բնապահպանական խնդրին և անհրաժեշտ միջազգային աջակցություն ցուցաբերել այդ վնասատուի դեմ պայքարում:

Ցխինվալիի դիրքորոշումը 

Ցխինվալիի իշխանությունների հայտարարությունը կրկնում է Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը: Ցխինվալին կոչ է անում Թբիլիսիին

«զբաղվել Հարավային Օսիայի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքով» և «սադրիչ» է անվանում վրացական կողմի ակտիվությունը սահմանամերձ գյուղերում [նկատի ունի սահմանային բաներների տեղադրման դեմ բողոքի ակցիաներն ու հանրահավքները]:

ԱՄՆ դիրքորոշումը

Բանակցություններին ԱՄՆ պատվիրակության հայտարարության համաձայն՝ Ամերիկան բողոք է հայտնել Աբխազիայի վարչական սահմանային գծի երկու անցակետերի փակման, ինչպես նաև Հարավային Օսիայի վարչական սահմանային գծին ֆիզիկական խոչընդոտներ կառուցելու և սահմանագծման նշաններ տեղադրելու վերաբերյալ, ինչը «խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

«Այդպիսի գործողությունները սահմանափակում են ազատ տեղաշարժն ու վնաս են հասցնում տեղի բնակիչների կենսական միջավայրին», — ասված է ԱՄՆ առաքելության հայտարարությունում:

Ամերիկյան պաշտոնական անձինք բողոք են հայտնել նաև Էրեդվի գյուղում էթնիկ վրացիների տները քանդելու վերաբերյալ և նշել, որ «վրացիները տուն վերադառնալու իրավունք ունեն»:

Նրանք մտահոգություն են հայտնել նաև Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիայի սպանության հետաքննության դադարեցման վերաբերյալ Սուխումիի որոշման կապակցությամբ:

Ինչ վերաբերում է ուժի չկիրառման մասին հարցին, ամերիկացի դիվանագետները «կողմերին կոչ են արել շարունակել կառուցողական բանակցությունները փոխադարձ ընդունելի հայտարարություն ընդունելու նպատակով»:

Ժնևյան բանակցությունների համանախագահները լրատվամիջոցների համար հաղորդագրություն են հրապարակել, որում քննարկված հարցերի թվում նշված են նաև «տարանջատող գծի երկայնքով կալանավորումը, գյուղատնտեսական հողերի հասանելիությունը, ռազմական գործունեության շուրջ տեղեկատվության փոխանակումը և լուրջ հանցագործությունների վերաբերյալ արդարադատության ապահովման անհրաժեշտությունն», ինչպես նաև ուժի չկիրառման մասին հայտարարության վերաբերյալ խորհրդատվությունը:

Բանակցությունների ընթացքում քնարկվել են նաև ոչ քաղաքական հարցեր, այդ թվում՝ սպառնալիքը, որն Արևմտյան Վրաստանի, ներառյալ՝ Աբխազիայի համար ստեղծում է ասիական փայտոջիլը, որը լուրջ վնաս է հասցրել բերքին:

Ժնևյան միջազգային քննարկումների հաջորդ փուլը կկայանա 2017թ-ի դեկտեմբերի 12-13-ը:

  • 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո ստեղծվել է Վրաստանի և ՌԴ միջև Ժնևյան քննարկումների ձևաչափը: Ձևաչափի ստեղծման մասին որոշումն ընդունվել է՝ 2008թ-ի օգոստոսի 12-ին ստորագրված զինադադարի մասին համաձայանգրի համաձայն: Այդ օրվանից ամեն տարի քննարկումների 4 փուլ է կազմակերպվում: Վրաստանից և Ռուսաստանից բացի  բանակցություններին մասնակցում են ԱՄՆ ներկայացուցիչներն ու համանախագահներ Եվրամիության, ԵԱՀԿ և ՄԱԿ կողմից: Քննարկումներին մասնակցում են նաև Ցխինվալիի և Սուխումիի ներկայացուցիչները:

 

  • Ժննևի միջազգային բանակցություններն անցկացվում են երկու զուգահեռ աշխատանքային խմբերում: Առաջինում քննարկվում են անվտանգության հարցեր (օրինակ, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը և Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության մեխանիզմների ստեղծումը), իսկ երկրորդում՝ ժամանակավոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի հարցն ինչպես նաև այլ հումանիտար հարցեր (մայրենի լեզվով կրթություն, մշակութային ժառանգության պաշտպանություն, օկուպացիոն գծով ազատ տեղաշարժ):

Նյութը նախապատրաստվել է civil.geի տեղեկատվության հիման վրա:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում