Շատ փորձագետներ համաձայն չեն այս որոշման հետ " />

Վրաստանում երկրի անվտանգության համար այսուհետ պատասխանատու է վարչապետն, այլ ոչ թե նախագահը

Շատ փորձագետներ համաձայն չեն այս որոշման հետ

Նախագահի նստավայրը: REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Այսօրվանից Վրաստանն Անվտանության խորհուրդ չունի: Խորհրդարանի նոյեմբերի 21-ի համապատասխան որոշումը ստորագրել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Մինչև հիմա Անվտանգության խորհուրդը գլխավորում էր նախագահը: Սակայն այժմ նոր կառույց է պետք ստեղծել, որը կգլխավորի վարչապետը: Այդ կառույցը կձևավորվի ենթադրաբար 2018թ-ի վերջին և, նոր օրենքի համաձայն, նախագահը բացարձակապես չի մասնակցի պետության անվտանգության հետ կապված որոշումների կայացմանը:

Դա վերջին փաստաթղթերից մեկն է, որը Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է երկրի նախագահի կարգավիճակում: Նոյեմբերի 28-ին Վրաստանը նոր նախագահ կընտրի: Երկրորդ փուլում այդ պաշտոնի համար կպայքարեն իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և միացյալ ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:

• Ի՞նչ է պետք իմանալ Վրաստանում 2018թ-ի նախագահական ընտրությունների մասին

•Վրաստանում մարում են բանկային վարկերի հետևանքով առաջացած պարտքերը, բայց ոչ բոլորի

•Վրացական քաղաքականության ֆենոմենը. նախագահ vs ոչ ֆորմալ կառավարիչ

•Որո՞նք են Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» քաղաքական առաջնահերթությունները

Մինչև այսօր Անվտանգության խորհրդի ղեկավարը նախագահն էր: Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ ուներ նաև վարչապետը: Խորհրդի անդամներն էին ուժային հատվածի նախարարներն, առաջատար խորհրդարանական կոմիտեների ղեկավարները, պետական անվտանգության ծառայության ղեկավարը, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն, ինչպես նաև Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Ով ինչ փաստեր ունի

Իշխանությունների գլխավոր փաստարկը հետևյալն է. Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, և այդքան կարևոր հարցը պետք է ուժեղ վարչապետի իրավասության տակ լինի, այլ ոչ թե ներկայացուցչական գործառույթներ ունեցող նախագահի:

Ընդդիմությունն ու փորձագետները կարծում են, որ այնպիսի երկրում, ինչպիսին Վրաստանն է, Անվտանգության խորհրդին և դրա գործառույթներին պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել:

«Եվրապական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն «Էխո Կավկազա» պարբերականին հայտարարել է, որ «նոր ինստիտուտի ստեղծման գաղափարը մշուշոտ հեռանկար է, քանի որ ներկայիս խորհրդարանն ու վարչապետը կարծում են, որ այդ կառույցը խիստ անհրաժեշտ չէ, և դրա գործառույթները կարելի է վերագրել կառավարությանը, ինչն ինքնին աբսուրդ է»,ասել է Կապանաձեն:

Անվտանգության հարցերով փորձագետ Գիորգի Գոբրոնիձեն ասում է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ նախագահը, թեև իրոք թույլ ֆիգուր է, տրամաբանական չէ նրան ամբողջությամբ անմասն թողնել երկրի անվտանգության հարցերին:

«Պետք չէ մոռանալ, որ նախագահն ընտրովի պաշտոն է՝ լեգիտիմության բարձր մակարդակով, ինչը նրան արբիտրի գործառույթներ է տալիս ներքաղաքական և արտաքին քաղաքական ճգնաժամի ժամանակ որոշումներ կայացնելու համար»,հայտարարել է Գոբրոնիձեն «Էխո Կավկազա» պարբերականին:

Նախագահ Մարգվելաշվիլին կարծում է, որ իշխանությունները մինչև հիմա չեն ընկալել Ռուսաստանը որպես սպառնալիքի գործոն, այլապես Անվտանգության խորհուրդը լուծարելու որոշում չէին կայացնի:

«Ռուսաստանի հետ այսպիսի լարված հարաբերություններում գտնվող երկիրը չպետք է լուծարի այնպիսի բարձրագույն քաղաքական մարմին, ինչպիսին է Ազգային անվտանգության խորհուրդը»,հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին այս տարվա գարնանը խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ:

Վրաստանի հինգերորդ նախագահն ավելի քիչ իրավունքներ կունենա, քան նրա նախորդները:

Գլխավոր փոփոխություններից մեկն այն է, որ նա անվտանգության և պաշտպանության հարցերի հետ ոչ մի կապ չի ունենալու: Նախագահին կից Անվտանգության խորհուրդը կլուծարվի: Նախագահի գլխավորությամբ անվտանգության խորհուրդ կհավաքվի միայն ռազմական գործողությունների դեպքում:

 

Ապագա նախագահի իրավունքները.

√  բանտարկյալներին ներում շնորհելը.

√  Վրաստանի քաղաքացիություն տրամադրելը.

√  Վրաստանը միջազգային հարթակում ներկայացնելը՝ սակայն կառավարության հետ բոլոր քայլերը համաձայնեցնելով.

√  ֆորմալ կերպով վարչապետի, ինչպես նաև Արդարադատության գերագույն խորհրդի անդամների նշանակումները ստորագրելը.

√  օրենքով նախատեսված ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանի, ինչպես նաև արտահերթ ընտրությունների նշանակումը.

√ պարգևներ շնորհելն ու հանձնելը.

√  նախագահն անձեռնմխելի ֆիգուր է: Նրան չի կարելի կալանավորել, քրեական պատասխանատվության ենթարկել.

√  նախագահին իմպիչմենտ կարող է հայտարարել խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ երրորդը:

Ինչո՞ւ էր պայքար գնում Անվտանգության խորհրդի դեմ

Անվտանգության խորհրդի շուրջ «իրարանցումը» մի քանի տարի էր շարունակվում, և այն կապված էր հստակ նախագահ Մարգվելաշվիլիի ֆիգուրի հետ:

Անվտանգության խորհրդի գոյությունը հարցականի տակ դրվեց այն բանից հետո, երբ 2014թ-ին Բիձինա Իվանիշվիլին Գիորգի Մարգվելաշվիլիին անվանեց իր «ամենամեծ հիասթափությունը», որից հետո նրա հետ բացահայտ առճակատման գնաց: [2013թ-ին Գիորգի Մարգվելաշվիլին իշխող «Վրացական երազանքի» անդամ էր և Բիձինա Իվանիշվիլիի անձնական ֆավորիտը: Սակայն նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նրանց միջև կոնֆլիկտ առաջացավ – JAMnews]:

Կառավարությունն ամբողջությամբ փոխառել է նախագահի հանդեպ Իվանիշվիլիի անթաքույց բացասական վերաբերմունքը, ինչն էլ արտահայտվել է Անվտանգության խորհրդի աշխատանքի վրա:

Անվտանգության խորհրդի անդամները բացակայում էին նիստերից՝ ընդհանուր առմամբ անտեսելով դրա աշխատանքը:

Այն ժամանակվա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նմանատիպ մարմին ստեղծեց, որն իրեն էր հենց ենթարկվում: Իսկ 2016թ-ին, երբ մշակվում էին Սահմանադրության փոփոխություններն, Անվտանգության խորհուրդն ամբողջությամբ վերաենթարկեցվեց Վրաստանի նախագահից վարչապետին:


Կարդալ ավելին JAMnews-ում