Սահմանադրական դատարան. ցանկացած մարդ իրավունք ունի ընտրելու թուլանալու միջոց, այդ թվում` մարիխուանայի օգտագործում" />

Վրաստանում ապաքրեականացրել են մարիխուանայի օգտագործումը

Սահմանադրական դատարան. ցանկացած մարդ իրավունք ունի ընտրելու թուլանալու միջոց, այդ թվում` մարիխուանայի օգտագործում

Վրաստանի սահմանադրական դատարանը պաշտպանել է մարիխուանայի ապաքրեականացման որոշումը։ Դատարանը հակասահմանադրական է գնահատել մարիխուանայի օգտագործման հարցով քրեական գործի հարուցումը և հայտնել, որ անհրաժեշտ է համարում չեղարկել այդ փորձը.

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրելու իր համար թուլանալու միջոց, այդ թվում` մարիխուանայի օգտագործում, քանի որ դա մարդու կյանքի անձնական, պաշտպանված ոլորտն է»։

Այս որոշումն   արդեն գնահատվել է հեղափոխական։ Մինչ այժմ Վրաստանի օրենսդրությունը մարիխուանայի օգտագործման կրկնակի և շարունակական փաստերի հայտնաբերման դեպքում նախատեսում էր քրեական պատիժ (Առաջին խախտումով նախատեսվում էր վարչական պատիժ)։

Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացրել է Վրաստանի քաղաքացի Գիվի Շանիձեի հայցի հիման վրա։ Վերջինիս դեմ քրեական գործ էր հարուցվել մարիխուանայի կրկնակի օգտագործման համար։ «Գիրչի» («Շիշկա») քաղաքական միավորման աջակցությամբ նա բողոք էր ներկայացրել Սահմանադրական դատարան։ Շանիձեն բողոքարկում էր Քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը, որի համաձայն  «առանց բժշկի» նշանակման մարիխուանայի օգտագործումը քրեական պատժելի արարք է։

Վրաստանում թմրանյութերի հարցում քաղաքականությունը բավականին խիստ է, և արդեն երկար տարիներ հասարակական կազմակերպությունները և ակտիվիստները պհանջում են փոխել այն։

2017թ. հունիսի 10-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցավ վերջին տարիներին Թբիլիսիում կազմակերպված ամենաբազմամարդ բողոքի ակցիաներից մեկը, որի մասնակիցներն իշխանություններից պահանջում էին փոխել թմրանյութերի վերաբերյալ քաղաքականությունը։

Եվրոպայի խորհրդի` 2015թ. հաշվետվության համաձայն` Վրաստանում յուրաքանչյուր երրորդը պատիժ է կրում թմրանյութի օգտագործման համար։ Ընդհանուր առմամբ, թմրանյութի օգտագործման համար բանտերում պատժի կրումը պետության վրա արժենում է շուրջ 40 մլն դոլար։ Միաժամաանակ, առողջապաահության նախարարությունը թմրակախվածությունից բուժման և թերապիայի համար հատկացնում է 4,1 մլն դոլար։

ՆԳՆ տվյալներով` 2015թ. թմրանյութի օգտագործման ստուգում է անցել 36,503 մարդ։ Միայն այդ մարդկանց մեզի փորձաքննության համար բյուջեից ծախսվել է ավելի քան 15 մլն լարի։

Վրաստանի իշխանություններին հաճախ մեղադրում են, որ թմրանյութերի հարցում նրանց կոշտ քաղաքականությունը հաճախ դառնում է պայքարի զենք ընդդիմության դեմ, ինչպես նաև բյուջեի համալրման նկատելի աղբյուր։ Ըստ փորձագետների` հենց այդ պատճառով էլ Վրաստանը չի շտապում ազատականացնել օրենսդրությունը (2009-2012թթ.վարչական խախտումների վճարների հաշվին բյուջեն համալրվել է ավելի քան 13 մլն լարիով։ Իսկ 2013-2014թթ. այդ ձևով պետությունը ստացել է 11,1 մլն լարի)։

Բնակչությունն ընդհանուր առմամբ հանդես է գալիս նարկոքաղաքականության մեղմացման օգտին։ «Ջորջիայի այլընտրանք» կազմակերպության անցկացրած հետազոտությունը պարզել է, որ.

  • Բնակչության 69 տոկոսը հանդես է գալիս մարիխուանայի ապաքրեականացման օգտին,  
  • 38 տոկոսը կարծում է, որ մարիխուանա ծխելու համար անգամ վարչական տուգանք չպետք է լինի,  
  • Բնակչության 54 տոկոսը կարծում է, ներարկվող թմրանյութը չպետք է լինի քրեորեն պատժելի, և համապատասխան հոդվածը պետք է չեղարկել։
  • Հարցման մասնակիցների 25,1 տոկոսը հակառակ դիրքորոշում ունի։

Նույն հետազոտության համաձայն` հարցման մասնակիցների 70 տոկոսը թմրանյութերից կախվածություն ունեցողներին հանցագործ չի համարում և հանդես է գալիս նրանց բուժման, ոչ թե ազատազրկման օգտին։


Կարդալ ավելին JAMnews-ում