Նոր կանոններն ուժի մեջ են մտել արդեն մարտի 1-ից" />

Վրաստանում այժմ պարտադիր է ապահովագրել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաները

Նոր կանոններն ուժի մեջ են մտել արդեն մարտի 1-ից

Մարտի մեկից արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների բոլոր վարորդները, որոնք Վրաստանի տարածք են մուտք գործում և մտադիր են այդ երկրում լինել ոչ պակաս, քան 15 օր, պետք է ապահովագրեն տրանսպորտային միջոցը:

Վարորդները կարող են ապահովագրություն ձևակերպել հենց վերահսկիչ անցակետում: Արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրության ժամկետից: Փաստաթուղթը կարելի է ձևակերպել 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաև՝ մեկ տարով:

Օրինակ, մարդատար մեքենան 15 օրով ապահովագրելն արժե 30 լարի (մոտ 12 դոլար), մեկ ամսով՝ 50 լարի (մոտ 20 դոլար), մեկ տարով՝ 295 լարի (120 դոլար):

Ապահովագրությունը կծածկի ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը, որը տուժածին հասցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ: Ընդ որում, առողջությանը հասցված ծանր վնասը կփոխհատուցվի ամբողջությամբ, պակաս ծանրը՝ 60 կամ 30 տոկոսով:

Ապահովագրությունը չի փոխհատուցի ապահովագրվածի դիտավորյալ գործողությունների հետևանքով հասցված վնասը, վտանգավոր նյութերի տեղափոխման, ահաբեկչության, ռազմական գործողությունների և մանևրերի հասցրած վնասն, ինչպես նաև մրցաշարերի, զորավարժությունների կամ փորձարկումների հետևանքով ստացած վնասը:

Չապահովագրված մոտոցիկլետ կամ մարդատար մեքենա վարելու համար տուգանքը 100 լարի (ավելի քան 40 դոլար) է, իսկ ավտոբուսների և բեռնատարների համար՝ 200 լարի (ավելի քան 80 դոլար):


Կարդալ ավելին JAMnews-ում