Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու մասին " />

Վրաստանն իր վրա պարտավորություն է վերցնում քրեականացնել բռնությունը կնոջ հանդեպ և ընտանեկան բռնությունը

Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու մասին

Վրաստանը պաշտոնապես միացել է կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության դեմ Եվրախորհրդի կոնվենցիային: Այդ մասին պաշտոնապես հայտատարվել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին:

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2017թ-ի սեպտեմբերի 1-ից: Դա նշանակում է, որ, իր վերցրած պրտավորությունների համաձայն, Վրաստանը պետք է սկսի քրեականացնել կանանց դեմ ուղղված ու ընտանեկան բռնության հետ կապված գործողությունները:

Կոնվենցիայի համաձայն՝ քրեականացումը կվերաբերի այնպիսի գործողությունների, ինչպիսիք են հոգեբանական և ֆիզիկական բռնությունը, սեռական բռնությունն ու բռնաբարությունը, հետապնդումը, սեռական օրգանների խեղումը, բռնի ամուսնությունը, բռնի աբորտը, ստերիլիզացիան:

Վրաստանը դարձավ 23-րդ երկիրը, որը վավերացրեց կոնվենցիան: Կոնվենցիայի անդամները բռնությունը կանխարգեելու և տուժածներին պաշտպանելու պարտավորություն են վերցնում: Այդ իրավական գործիքը հաշվի է առնում կանանց հանդեպ բռնության ցանկացած ձև և խախտողների քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Բռնության դեմ կոնվենցիան ստորագրողները պարտավոր են ապահովել, որ մշակույթն ու ավանդույթները և այսպես կոչված «արժանապատվությունը» չհամարեն բռնությունն արդարացնող գործոն: Անմիջական սպառնալիքի առաջացման դեպքում ոստիկանությանն իրավունք է տրվում տնից դուրս բերելու մեղավորին: Կոնվենցիային միացած երկիրը պետք է ապահովի ապաստանների և ռեֆերալ ճգնաժամային կենտրոնների հեշտ հասանելիությունը և շուրջօրյա «թեժ գիծ»:

Կանանց և աղջիկների պաշտպանության հետ մեկտեղ կոնվենցիան ենթադրում է նաև արական սեռի պաշտպանություն:

Վրաստանում կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության հարցերը բավականին սուր են դրված: Միայն նախորդ՝ 2016թ-ին 13 կին է սպանվել ընտանեկան բռնության պատճառով: Առողջությանը վնաս հասցնելու դեպքերի քանակը գերազանցել է 2000-ը: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2016թ-ին ձերբակալության 2877 թույլտվություն է տրվել, իսկ 2017թ-ին, ներառյալ ապրիլը, արդեն 752:


Կարդալ ավելին JAMnews-ում