Դրանք կարող էին ավելի քան երկու հազար մարդ բուժել այդ վիրուսից" />

Վրաստանն աղբանոցն է նետել 200 միլիոն դոլար արժողությամբ դեղորայքը հեպատիտ C-ի դեմ

Դրանք կարող էին ավելի քան երկու հազար մարդ բուժել այդ վիրուսից

Հեպատիտ С-ի բուժման համար ավելի քան կես միլիարդ լարի [շուրջ $200 մլն] արժողությամբ դեղորայքը Վրաստանը դուրս է գրել դրա պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով։

Այս տվյալները, որոնք ներկայացնում է Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը, մեծ սկանդալի պատճառ են դարձել․ ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագիրը ձախողելու համար և Վրաստանի դատախազությանը կոչ արել ստուգումներ սկսել ժամկետանց դեղորայքի դուրսգրման վերաբերյալ։

Դեղորայքը, որի մասին խոսվում է, Վրաստանին նվիրաբերվել է հեպատիտ C-ի անվճար բուժման ծրագրի շրջանակում։

Վրաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ հեպատիտ C-ի բուժումը բոլորի համար ամբողջությամբ անվճար է։

Հեպատիտ C-ի անվճար բուժման ծրագիրը, որի նպատակն է այդ վարակի լիակատար վերացումը Վրաստանում, մեկնարկել է 2015 թ-ին։ Վրաստանի կառավարությունն այն իրականացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի հետ գործընկերությամբ։ 

Թանկարժեք դեղորայքով, որն անհրաժեշտ է այդ հիվանդության բուժման համար, երկիրն ապահովում է ամերիկյան Gilead Sciences ընկերությունը։

Այս բացառիկ ծրագրի համար Վրաստանը պատահաբար չէր ընտրվել։ Հեպատիտ C-ն երկրի համար լուրջ խնդիր է։ Ծրագրի մեկնարկի պահին՝ 2015 թ-ին վարակակիր էր մինչև 150 հազար մարդ, կամ չափահաս բնակչության 5,4 տոկոսը (եվրոպական երկրներում քրոնիկ հեպատիտ C-ով հիվանդների թիվը չի գերազանցում 0,5-1 տոկոսը)։

Հենց այս տագնապալի թվերն են պատճառ դարձել, որ հեպատիտ C-ի ոչնչացման նախագիծը, որն աշխարհում նմանը չուներ, սկսվի հենց Վրաստանում։

Արդեն չորս տարի է, ինչ շահառուներն անվճար դեղորայք են ստանում։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ ժամանակահատվածում հետազոտվել է չափահաս բնակչության 60 տոկոսը:

Նրանցից 65 հազար մարդ տվյալ փուլում բուժում է անցնում, 58 հազար մարդ ավարտել է այն, և նրանց 98,7 տոկոսն ամբողջությամբ ապաքինվել է։

• Ինչո՞ւ են Ադրբեջանում շատ ծնողներ հրաժարվում պատվաստել երեխաներին

• Վրաստանում կարմրուկի համաճարակային բռնկում է։ Ինչո՞ւ երկիրը չի կարողանում հաղթահարել «տգետների վարակը»

• Հեպատիտ С-ն Վրաստանում․ արդյո՞ք կհաջողվի հաղթել «դանդաղ մարդասպանին»

Վրաստանի առողջապահության նախարարության սոցիալական սպասարկման գործակալությունը ժամկետանց դեղորայքի հետ կապված իրավիճակի առնչությամբ մի քանի պատճառ է նշում։

Առաջին և գլխավոր պատճառը 2017 թ-ի հուլիսից ծրագրի շահառուների զգալի կրճատումն է։ Երկրորդ պատճառը բուժման ռեժիմի փոփոխությունն է։

«Ծրագրի առաջին փուլում հիմնական բուժող դեղամիջոցը «Սոֆոսբուվիրն» էր «Ինտերֆերոնի» և «Ռիբավիրինի» հետ միասին։ 2016 թ-ի փետրվարից այդ դեղամիջոցները փոխարինվել են նոր սերնդի դեղորայքով՝ «Հարվոնիով», և առաջին փուլում օգտագործվող դեղորայքի սպառումը կտրուկ կրճատվել է», – պարզաբանել է առողջապահության նախարարությունն իր պաշտոնական հայտարարությունում։

Ըստ պետական աուդիտի ծառայության տվյալների՝ շնորհիվ 560,645,083 լարի (194,5 մլն դոլար) արժողությամբ դեղորայքի, որոնց պիտանելիության ժամկետը լրացել է, հեպատիտ C-ից կարելի էր բուժել ավելի քան 2,3 հազար մարդ։

«Ռազմավարական պահուստում միշտ պետք է որոշ քանակի դեղորայք լինի։ Մենք ամսական 1000-1200 մարդ ենք բուժում, այսինքն՝ ռազմավարական պահուստում միշտ պետք է որոշակի քանակ լինի այն պատճառով, որ մենք ամսական ձգտում ենք մեծացնել ներգրավվածության ցուցանիշը։ Մենք գիտենք, որ դրական հակագենով 16 հազար մարդ կա, սակայն նրանք չեն գալիս և չեն բուժվում, բայց եթե որոշեն բուժման դիմել, նրանց համար մենք պետք է դեղորայք ունենանք», – հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Սակայն, ընդդիմությունն այս բացատրություններին չի վստահում և կարծում է, որ Վրաստանի առողջապահության նախարարության կողմից ժամկետանց դեղորայքի դուրսգրման փաստը կարող է կոռուպցիայի հատկանիշներ պարունակել։

«Դատախազությունն անհապաղ պետք է սկսի այս հարցի ուսումնասիրումը։ Կոռուպցիայի կասկածներ կան։ Կան որոշակի ազդակներ, որ այդ դեղորայքի վաճառք է տեղի ունեցել։ Այդ պատճառով էլ դատախազությունը պետք է այս հարցն անհապաղ ուսումնասիրի», – հայտարարել է նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։

Ընդդիմությունն իշխանություններին նաև մեղադրում է սխալ մենեջմենթի և հեպատիտ C-ի դեմ պայքարի բացառիկ ծրագրի ձախողման համար։

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Զուրաբ Չիաբերաշվիլին կարծում է, որ տվյալ դեպքում խոսքը գնում է «հասարակության նկատմամբ ծանր հանցագործության» մասին։

Պատգամավորը կարծում է, որ գլխավոր խնդիրը, որի պատճառով իշխանությունները չեն կարողացել արշավը լիարժեք իրականացնել, ֆինանսական խոչընդոտներն են։

«Հեպատիտ C-ի բուժումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար անվճար էր, սակայն բավականաչափ գումարներ արժեին նախնական հետազոտությունները, որոնք երկար ժամանակ վճարովի էին, և միայն անցյալ տարվա օգոստոսին են իշխանությունները գլխի ընկել, որ հետազոտությունները նույնպես պետք է ամբողջությամբ անվճար դարձնել։ Ծրագրի առաջին տարիներին ծրագրում ներառվելու համար անալիզներ հանձնելու համար հիվանդներն ի սկզբանե պետք է մինչև 700 լարի (ավելի քան 240 դոլար) վճարեին», — ասում է նա։ 

Այս սկանդալի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում արտահայտվել է բժիշկ-հեպատոլոգ Ջաբա Զարկուան։ Նա ասել է, որ «Վրաստանի կառավարությունը ոչ կոմպետենտություն է ցուցաբերել նաև այս ոլորտում, ինչպես և մյուսներում», սակայն նա ընդդիմությանը կոչ է արել չդրամատիզացնել իրավիճակը և «ծրագրի ձախողման» մասին հայտարարություններ չանել, քանի որ նման հայտարարությունները կարող են դրա վրա բացասական ազդեցություն ունենալ։

«Հեպատիտ C-ի հաղթահարման ծրագիրը ձախողված չի համարվում, և ընկերությունը, որ Վրաստանին դեղորայքով է ապահովում, չի հրաժարվում հետագայում էլ դա անել․․․ Պետք չէ վախեցնել հիվանդներին։ Ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում, բացի այն, որ Վրաստանն անգործունակ կառավարություն ունի․․․ Պետք է նրանց քննադատել այնպես, որ դրանից ծրագիրը չտուժի», – գրել է Զարկուան։


Կարդալ ավելին JAMnews-ում