Երբեմնի հայտնի առողջարանն ամայացել է և մինչ այժմ այդպես էլ հրապուրիչ չի դարձել զանգվածային զբոսաշրջության համար" />

Վրաստանի Ցխալտուբո քաղաքը՝ լքված դրախտ

Երբեմնի հայտնի առողջարանն ամայացել է և մինչ այժմ այդպես էլ հրապուրիչ չի դարձել զանգվածային զբոսաշրջության համար

Ցխալտուբո, Վրաստան, 2019թ. հուլիս, լուսանկարը՝ Դավիթ Պապիա, JAMnews

Վրաստանի Ցխալտուբո քաղաքը՝ ԽՍՀՄ հանքաջրային բուժական ամենահայտնի առողջարաններից մեկը, որը հայտնի էր իր բացառիկ բուժիչ ջրերով, «ստալինյան ժամանակաշրջանի» վիթխարի ու պերճաշուք ճարտարապետական կառույցներով, այժմ փաստացի ավերակների է վերածվել: Այսօր այդ քաղաքին նախապատվություն են տալիս ուրբանիստ-հետազոտողները և լուսանկարիչները՝ լքված, մեռյալ քաղաքների սիրահարները: 

Քաղաքի կենտրոնն ընկղմված է կանաչի մեջ: Առաջին հայացքից երևում է, որ քաղաքը հարուստ անցյալ է ունեցել, ինչը չի կարելի ասել ներկայի մասին: Փառավոր անցյալի մասին հիշողություններով է ապրում նաև տեղի բնակչության մեծ մասը: 

«Ինչպե՞ս ենք մենք ապրում: Այստեղ կյանքը եռում էր, երբ ամեն օր ժամանում էր Մոսկվա-Ցխալտուբո գնացքը: Հանգստյան տները լեփ-լեցուն էին, մարդիկ սենյակներ էին վարձակալում մասնավոր տներում: Այժմ քաղաքը մեռած է: Ո՛չ հանգստացող կա, ո՛չ զբոսաշրջիկ», – ասում է տեղի 51-ամյա բնակիչ Գիա Պորչխիձեն:

Ինչպես տեղացիներն են ասում, վերջին տարիներին Ցխալտուբոյում մի քանի հյուրանոց է բացվել: Սկսել է աշխատել կանաչապատման ծառայությունը, որը խնամում է այգիները: Բայց աշխատատեղեր, այնուամենայնիվ, չկան: 

•Ֆոտոպատմություն. Ղարաբաղի «ապրիլյան պատերազմից» հետո 20 ընտանիք ապրում է նախկին հանգստյան տանը 

Ինչո՞վ են Աբխազիայի առողջարանները վախեցրել ռուս զբոսաշրջիկներին 

Լեհաստան. երկիր, որտեղ աշխատանք կա Վրաստանի քաղաքացիների համար

74-ամյա Լեյլա Չիխլաձեն նույնպես հիշում է հին ժամանակները.

«Ես մշտական հյուրեր ունեի Մոսկվայից և Լենինգրադից: Մենք կարծես հարազատներ լինեինք: Ամեն տարի նրանք ինձ մոտ էին հյուրընկալվում: Մենք աշխատում էինք, ստանում էինք աշխատավարձ և լրացուցիչ եկամուտ՝ հանգստացողներից: Այժմ տարեցների համար կա միայն կենսաթոշակ, իսկ երիտասարդությունը գործազուրկ է: Այստեղ դժվար է ապրել, և ով կարողանում է գնալ, հեռանում է»:

Ցխալտուբո, Վրաստան, 2019թ. հուլիս, լուսանկարը՝ Դավիթ Պապիա, JAMnews

Խորհրդային տարիներին Ցխալտուբոյում կառուցվել է 22 հանգստյան տուն՝ նախատեսված 5800 անձի համար: Հանգստացողների հստակ վիճակագրություն այսօր չկա: Ըստ Ցխալտուբոյի զբոսաշրջության զարգացման կենտրոնի՝ 2017թ. ընթացքում այստեղ այցելել է 285 հազար մարդ, իսկ 2018թ.՝ մինչև 320 հազար: Սակայն վիճակագրության մեջ հայտնված հյուրերի մեծ մասն այցելել են ոչ հեռու գտնվող Պրոմեթևսի քարանձավ:

Ավերակների և փախստականների քաղաք 

Ըստ մարդահամարի տվյալների՝ 1989 թ. Ցխալտուբոյում ապրել է ավելի քան 17 հազար մարդ, իսկ 2014թ.՝ ավելի քան 11 հազար: Նրանցից 5000-ը Աբխազիայից փախստականներ են, որոնք ստիպված էին լքել իրենց տները 1993թ.:

«Գիտե՞ք՝ ինչ գեղեցիկ շենք էր սա: Աստիճաններին կարմիր գորգեր էին փռված, մանրահատակը փայլում էր: Մենք այստեղ ապրում ենք արդեն 27 տարի: Այսպիսի հսկայական համալիրի խնամքի համար գումար էր պետք, որը մենք չունեինք: Այդ պատճառով ամեն ինչ քանդվեց, և այստեղ ապրելն արդեն վտանգավոր է», – ասում է Սուխումիից հարկադիր տեղահանված Վաժա Կոպալիանին, որը հարևանին խնդրում է մեզ ցույց տալ հյուրանոցային համալիրը: 

«Կոլխետի» հյուրանոցը նախկինում կոչվում էր «Երկաթուղայինների հանգստյան տուն»: Շենքը դեռ պահպանել է երբեմնի շքեղությունը: Սակայն պատերի վրա արդեն ճեղքեր կան: Ժանգոտած խողովակներից կաթում է, շուրջբոլորը խոնավության և բորբոսի հոտ է: Միջանցքում և սենյակներում մանրահատակի հետքն անգամ չի մնացել: 

Ցխալտուբո, Վրաստան, 2019թ. հուլիս, լուսանկարը՝ Դավիթ Պապիա, JAMnews

 Վերջին տարիներին հարկադիր տեղահանվածների համար Ցխալտուբոյում կառուցվել է 11 բազմաբնակարան շենք: Նոր կացարաններ մարդիկ տեղափոխվել են աստիճանաբար: Այնուամենայնիվ, ոչ մեծ թվով հարկադիր տեղահանվածներ նախկինի պես մնում են խորհրդային առողջարանային համալիրներում. մի մասը բնակարանի է սպասում, մյուս մասը պարզապես չի ցանկանում տեղափոխվել: 

Մյուս հանգստյան տները մոտավորապես նույն վիճակում են, ինչ «Կոլխետին»: Դրանցից  ամենամեծն ու ամենատպավորչն են «Մեշախտեն» («Հանքափոր»), «Իվերիան» և «Մեդեան»: Հսկայական ճարտարապետական շինությունները՝ հռոմեական ոճի սյուներով, շատրվաններով և քանդակներպվ՝ հեռվից գրավիչ տեսք ունեն: 

Սակայն մոտիկից երևում է, որ ամայացած շինությունների տանիքներին ու աստիճաններին ծառեր են աճել: Պատուհանների և դռների շրջանակները բացակայում են: Տեղ-տեղ պահպանվել են կահույքի կտորներ: 

Կենտրոնական այգում բաղնինքները նույնպես ավերվել են: Այս պահին 9 բաղնիքներից գործում է միայն «Աղբյուր թիվ 6»-ը և «Աղբյուր թիվ 1»-ը:

Ցխալտուբո, Վրաստան, 2019թ. հուլիս, լուսանկարը՝ Դավիթ Պապիա, JAMnews

Պատմություն

Ներկայիս Ցխալտուբոյի շրջանում բուժիչ աղբյուրների մասին առաջին հիշատակումները հայտնվել են 12-13-րդ դարերում: Եվրոպայում այստեղի տաք ջրերի բուժիչ հատկությունների մասին իմացել են 1782թ. «Բնական գիտությունների բեռլինյան կազմակերպության աշխատություններ» պարբերականում հրապարակման շնորհիվ: 

Ցխալտուբոյի տաք ջրերը պարունակում են ռադիոնի իզոտոպներ և դասվում են ազոտային հանքային ջրերին: Դրանց բնական ջերմաստիճանը 35 աստիճան է, ինչը մոտ է մարդու մարմնի ջերմաստիճանին: Ինչպես ցույց են տալիս լաբորատոր հետազոտությունները, Ցխալտուբոյի աղբյուրների քիմիական կազմը և ջրի ջերմաստիճանը չեն փոխվել 1902թ-ից: Ջրի բնական ջերմաստիճանն այստեղ երբեք չի փոխվում՝ ո՛չ ձմռանը, ո՛չ հորդառատ անձրևների ժամանակ:

Ջրային պրոցեդուրաների սենյակներ ջուրը լցվում է անմիջապես՝ առանց տաքացնելու կամ սառեցնելու: Ցխալտուբոյի հանքային ջուրը բուժում է մոտ 70 հիվանդանություն, այդ թվում սրտանոթային, հենաշարժողական ապարատի, պերիֆերիկ նյարդային համակարգի, ինչպես նաև մաշկային հիվանդություններ: Առողջարանի անձնակազմը վստահեցնում է, որ շատ պացիենտներ ջրային բուժման կուրսից հետո այստեղ են թողնում հենակներն ու սայլակները: 

Ցխալտուբո, Վրաստան, 2019թ. հուլիս, լուսանկարը՝ Դավիթ Պապիա, JAMnews

Ցխալտուբո քաղաքը նախագծվել և կառուցվել է 50-ականների սկզբին՝ ըստ գլխավոր պլանի: Այն բաժանված է ջհանքաջրային բուժման, առողջարանային և բնակելի գոտիների: Առողջարանի կենտոնում 80 հեկտար մակերեսով այգի է, որտեղ տնկված են ավելի քան 150 տեսակի սաղարթավոր և փշատերև բույսեր: Առողջարանն ունի ամֆիթատրոնի ձև. բոլոր հանգստյան տները կառուցված են կենտրոնական այգու շուրջ, որտեղ գտնվում են աղբյուրները:  

 Փրկված աղբյուրն ու հանգստացողները 

«Աղբյուր թիվ 6» հանքաջրային բուժական կենտրոնը հայտնի է նրանով, որ ժամանակին այն կառուցվել է հատուկ Իոսիֆ Ստալինի համար, այստեղ մինչ օրս պահպահվել է նրա անձնական լոգարանը: 

Կենտրոնի գլխավոր բժիշկ Նանա Գվիշիանին պատմում է, որ Ստալինն այստեղ հանգստացել է ընդամենը մի քանի օր: Մոսկվա վերադառնալուց հետո Նախարարների խորհրդի նիստին կարգադրել է, որպեսզի խորհրդային բոլոր գերատեսչությունները Ցխալտուբոյում բացեն իրենց հանգստյան տները: Առաջնորդի հրամանը կատարվել է, և քաղաքում բացվել են «Երկաթուղային», «Մետալուրգ», «Հանքափոր» և մյուս առողջարանները: 

Ցխալտուբոյում 1953թ. կառուցել են նաև հատուկ նստավայր առաջնորդի համար: «Ստալինի ամառանոցը» մինչ այժմ խոյացած է քաղաքի վրա: 

«Աղբյուր թիվ 6»-ը Ցխալտուբո առողջարանի խոշորագույն վերականգողական կենտրոնն է և գտնվում է հենց այգու կենտրոնում: 

Այն պատկանել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը և օրական ընդունել է 1300 մարդ: 

«Աղբյուրը» մասնավորեցվել է 2014թ., իսկ դրա վերակառուցումն ավարտվել է 2018թ.: Կենտրոնի ընդունարանը, լողավազանները և սրահները կառուցված են 40-50-ականների խորհրդային ժամանակաշրջանի ոգով: 

Դրա պացինետների մեծ մասն օտարերկրացիներ են՝ հիմնականում Ադրբեջանից, արաբական երկրներից, Իսրայելից և Ռուսաստանից: 

Եզակի հանգստացողների կարելի է հանդիպել նաև քաղաքում: Ահմեդ և Ռայա Մամեդովաները եկել են Մարնեուլիից՝ Արևելյան Վրաստանից:

«Մենք մասնավոր տանը մեկ մահճակալի համար վճարում ենք 6 լարի [մոտ 2 դոլար]: Ջրային պրոցեդուրաներն արժեն օրական 12 լարի [ մոտ 4 դոլար]: Ինձ այստեղ դուր է գալիս, իսկ ամուսնուս՝ ոչ: Մենք մեկ շաբաթ է, ինչ այստեղ ենք, իսկ նա ուզում է գնալ: Այստեղ անգամ սրճարան չկա, որտեղ կարելի է գնալ, բայց ինձ դուր է գալիս ջուրը, այն իսկապես օգնում է իմ հոդերին»,- ասում է Ռայան:   

Ցխալտուբո, Վրաստան, 2019թ. հուլիս, լուսանկարը՝ Դավիթ Պապիա, JAMnews

Կառավարության ծրագրերը. ինչն է հաջողվել, ինչը՝ ոչ 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեռ 2012թ. հայտարարել էր «Ցխալտուբոյի մեծ վերականգնման» ծրագրի գործարկման մասին՝ խոստանալով այստեղ կառուցել «Բադեն-Բադենի նման առողջարան»: 

Նախագիծը ֆինանսավորում է հիմնականում Համաշխարհային բանկը: Դրա համար բանկը հատկացրել է 37 միլիոն դոլար: Նախագիծը նախատեսում է վերականգնել քաղաքի ենթակառուցվածքներն ու այգիները: 

Արդեն նոր կառավարության նախաձեռնությամբ պետական «Գործընկերության հիմնադրամը» մշակել է Ցխալտուբոյի՝ որպես բուժական-կազդուրիչ սփա-կենտրոնի զարգացման երկարաժամկետ նախագիծ:

Ցխալտուբո, Վրաստան, 2019թ. հուլիս, լուսանկարը՝ Դավիթ Պապիա, JAMnews

Նախագծի առաջին փուլով նախատեսվում է ներգրավել տեղական և օտարերկրյա ներդրումներ Արևելյան Եվրոպայից, իսկ երկրորդ փուլով այստեղ բերել արևմտաեվրոպական առաջատար սփա-ապրանքանիշեր: Նախագծի իրագործումը սկսվել է 2015թ.։ 10 տարում Ցխալտուբոն պետք է ներգրավի առնվազն 720 միլիոն դոլարի ներդրում: 

Սակայն առայժմ այդ վիթխարի ծրագրերի իրագործումը չի նկատվում: 

Այսօրվա դրությամբ հաջողվել է փախստականներից ազատել հինգ հանգստյան տուն: Դրանցից երկուսը՝ «Մեշախտեն» և «Իվերիան», սեփականաշնորհվել են մի քանի տարի առաջ: «Մեշախտեն» շրջափակված է մեծ կանաչ ցանկապատով, երկաթե դարպասները փակված են մեծ կողպեքով: 

Ցխալտուբո, Վրաստան, 2019թ. հուլիս, լուսանկարը՝ Դավիթ Պապիա, JAMnews

1952թ. կառուցված հանգստյան տունը 2.5 միլիոն դոլարով վաճառվել է 2015թ. ամռանը: Նոր սեփականատերը՝ «KBP Թբիլիսի» ընկերությունը, պարտավորվել էր մինչև անցյալ տարի դրանից ստանալ հինգաստղանի հյուրանոց, բայց ներդրողը չի կատարել պայմանները և խնդրել է հետաձգել պարտավորությունների կատարման ժամկետը: «Մեշախտե» հանգստյան տանը որևէ աշխատանք չի իրականացվում: 

«Իվերիա» հանգստյան տունը վաճառվել է 253 հազար լարիով [մոտ 100 հազար դոլար]: Սեփականաշնորհման պայմանների համաձայն՝ ներդրողը պետք է հանգստյան տան տեղում կառուցի 160 սենյակներով հյուրանոց, որտեղ կաշխատի 80 մարդ: Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո: 

Պետգույքի ազգային գործակալությունն այս պահին վաճառքի է հանել Ցխալտուբոյի ևս հինգ հանգստյան տուն՝ «Իմերեթոն», «Սավանեն», «Ցխալտուբոն», «Ֆիլիալը» և «Մեգոբրոբան»: Յուրաքանչյուրի արժեքը 2-8 միլիոն լարի [$700 հազար-2.7 միլիոն]: 

«Եթե առողջարանը վերադարձնի հին անունը և ժողովրդականությունը, հին հանգստյան տները վերածնվեն, զարգանա բժշկական տուրիզմը, այդ ժամանակ հնարավոր կլինի վերակենդանացնել այս մեռած քաղաքը: Եվ Ցխալտուբոն այլևս չի լինի խորհրդային առողջարանների թանգարան», – երկչոտ հույսերով է կիսվում տեղի բնակիչ Գիա Պորչխիձեն: 


Կարդալ ավելին JAMnews-ում