Վրաց ուղղափառ եկեղեցին հույս ունի, որ Վրաստանն ու Ադրբեջանը տարածքային հարցերը կլուծեն, չվնասելով երկու երկրների բարեկամությանը" />

Վրաստանի պատրիարքարանը դեմ է արտահայտվել Դավիթ Գարեջի համալիրի մոտ Ադրբեջանի հետ տրանսսահմանային գոտու ստեղծմանը

Վրաց ուղղափառ եկեղեցին հույս ունի, որ Վրաստանն ու Ադրբեջանը տարածքային հարցերը կլուծեն, չվնասելով երկու երկրների բարեկամությանը

Վրաստանի պատրիարքարանը դեկտեմբերի 9-ին հանդես է եկել Ադրբեջանի հետ վիճելի սահմանագծում  տրանսսահմանային գոտու ստեղծման գաղափարի դեմ հայտարարությամբ։

Խոսքը Դավիթ Գարեջի վանական համալիրի մասին է, որը երկու երկրների վեճի առարկա է։

Հին վանական համալիրը լեռներում կարող է կռվեցնել Ադրբեջանին և Վրաստանին

Պատրիարքարանի կապիտալը։ Վրաստանի ամենաազդեցիկ ինստիտուտի ունեցվածքը

Վեցերորդ դարում ժայռերի և քարանձավների մեջ կառուցած վանական համալիրը, որը վրացական կողմն անվանում է Դավիթ Գարեջի, իսկ ադրբեջանականը՝ Քեշիշդաղ, պարբերաբար դառնում է երկու հարևան բարեկամ երկրների միջև դիմակայության և միջադեպերի պատճառ։

Խնդիրն այն է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն անցնում է հենց վանական համալիրով։ Վրաստանը պնդում է, որ Դավիթ Գարեջին վրացական մշակույթի հուշարձան է։ Ադրբեջանը կարծում է, որ համալիրն ալբանական մշակույթի մաս է և Վրաստանի հետ ոչ մի առնչություն չունի։

Հուշարձանի շուրջ վերջին սրացումը տեղի է ունեցել 2019 թ-ին։ Այն ժամանակ վրացական լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են համալիրի մի հատվածի մուտքը, որն ադրբեջանական կողմում է։

Մի քանի օր ոչ միայն զբոսաշրջիկներն, այլև հոգևորականները չէին կարողանում մուտք գործել սրբավայր։ Այդ ժամանակ վրացի ակտիվիստները մի շարք ակցիաներ անցկացրին, և բանը հասավ ադրբեջանցի սահմանապահների հետ միջադեպի։

Թբիլիսիի և Բաքվի միջև սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակվում են մինչև այսօր առանց զգալի արդյունքների։

Վրաց ուղղափառ եկեղեցին այդ վեճի կարևոր մասնակիցն է, քանի որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր տաճարները նրա սեփականությունն են։

«Ստեղծված իրավիճակից բոլորն են ուզում ելք գտնել։ Այդ աշխարհագրական գոտում տրանսսահմանային տարածքի ստեղծումը կարող էր դրական գնահատվել, եթե այն հարցը, թե ում է պատկանում տարածքը, պատմականորեն, մշակութորեն, իրավաբանորեն և քարտեզագրորեն մշուշոտ լիներ։

Սակայն Ուդաբնո և Չիչխիտուրի վանքերի հետ կապված նման խնդիր չկա։ Այդ պատճառով էլ այդպիսի առաջարկը փաստացի անտեսելու է գոյություն ունեցող փաստաթղթերն ու հարցականի տակ է դնելու Վրաստանին այդ տարածքի պատկանելիությունը։

Այդ պատճառով էլ վրաց եկեղեցին չի կարող սատարել առաջ քաշված նախաձեռնությանն», – ասված է պատրիարքարանի հայտարարությունում։

Դավիթ Գարեջին որպես առաջին տրանսսահմանային պահպանվող տարածք հայտարարելու գաղափարին կողմ է մի քանի վրացի փորձագետ։

Մասնավորապես, 2019 թ-ի հոկտեմբերին Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Աննա Դոլիձեն դիմել էր կառավարությանը Դավիթ Գարեջիին պահպանվող տարածքի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ, որպեսզի այն դառնա միջազգային մասշտաբով ժառանգության հուշարձան։

Նա ներկայացրել էր նաև «Գարեջիի պլան»՝ 200-էջանոց փաստաթուղթ, որը գիտնականները կազմել էին 2006 թ-ին Գլոբալ զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Դոլիձեն կոչ է անում կառավարությանն ուսումնասիրել փաստաթուղթն ու սկսել աշխատել այդ հարցի շուրջ։


Կարդալ ավելին JAMnews-ում