Սկանդալային համբավ ունեցող քաղաքական գործիչը սկսում է ողջ Վրաստանում իշխանություններից դժգոհների մոբիլիզացիա" />

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին ընդդիմադիր շարժում է հիմնել

Սկանդալային համբավ ունեցող քաղաքական գործիչը սկսում է ողջ Վրաստանում իշխանություններից դժգոհների մոբիլիզացիա

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին ներկայացրել է «Հաղթանակած Վրաստան» նոր ընդդիմադիր շարժումը։

Օկրուաշվիլիի հետ միասին նոր շարժումը ներկայացրել են նաև Ազգային ֆորումի նախկին նախագահ Գուբազ Սանիկիձեն, Վրաստանի Գերագույն դատարանի նախկին նախագահ Կոտե Կեմուրալիան և խորհրդարանի նախկին անդամ Վալերի Գելբախիանին։

Ինչպես շնորհանդեսին ասել է Օկրուաշվիլին՝ նոր շարժումը սկսում է մոբիլիզացնել իր համախոհներին ողջ Վրաստանի տարածքում և հոկտեմբերին մեծ հանրագումար կանցկացնի։

«Դա մեկ կամ մի քանի անձանց շուրջ ուղղահայաց կառուցած քաղաքական կառույց չի լինելու։ Մենք հավակնություն ունենք մեր շարժման մեջ միավորելու դժգոհ շատ մարդկանց, որոնց համար իրավիճակը երկրում անտանելի է։ Մենք համագործակցելու ենք նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցանկացած անդամի հետ, որը դեմ կգնա (կուսակցության առաջնորդ) Բիձինա Իվանիշվիլիին։ Մեր դնռերը նրանց համար բաց են», – ասել է Օկրուաշվիլին։

Գուբազ Սանիկիձեն իր ելույթում ասել է, որ նոր շարժումը երկրում նոր այլընտրանք է ենթադրում։

«Այսօր Վրաստանը դեռ ուղեբաժանի առջև է։ Ներկայիս իշխանության և դրա առաջնորդի առաջարկած ճանապարհը տանում է դեպի մութ խորդանոց, որտեղ տիրում է տգիտությունն, անհուսության զգացումը, սուտը, փոքրոգությունն, ատելությունը, մատնությունը, որտեղ համազգային շահերը փոխարինվել են անձնական շահերով․․․ Որտեղ պետությունը ղեկավարվում է մեկ մարդու ցանկություններով, այլ ոչ թե օրենքով», – ասել է Սանիկիձեն։

Նրա խոսքով՝ նոր շարժումը երկրին «երկրորդ ուղի» է առաջարկում, որտեղ բարեփոխումները շարունակվելու են, և երկիրը զարգացման հեռանկար է ունենալու։

Կոտե Կեմուլարիայի խոսքով՝ Վրաստանի ներկայիս կառավարության պաշտոնավարման ժամանակ Վրաստանին սպառնում է «անկախության կորուստ»։ Նրա խոսքով՝ «իշխանությունում օլիգարխների ժամանակն անցել է», ինչը հաստատում է Ուկրաինայի օրինակը։

Ո՞վ է Իրակլի Օկրուաշվիլին

Իրակլի Օկրուաշվիլին 2004-2006թթ-ին Վրաստանի պաշտպանության նախարար է եղել։ Նա Սաակաշվիլիի մոտ համախոհն էր, սակայն 2007թ-ին հայտարարեց Վրաստանում ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին և Սաակաշվիլիի հասցեին ավտորիտարիզմի աղմկահարույց մեղադրանքներ հնչեցրեց Սաակաշվիլիի հասցեին, որից հետո կալանավորվեց կոռուպցիայի մեղադրանքով։ Կալանքից հետո նաև հանրային կերպով հերքեց նախագահի հասեցին հնչեցրած մեղադրանքները և գրավով ազատ արձակվեց, որից հետո միանգամից լքեց Վրաստանն ու քաղաքական ապաստան ստացավ Ֆրանսիայում։

2008թ-ին դատարանը հեռակա նրան 11 տարվա ազատազրկման դատապարտեց կաշառակերության համար։

Նա Վրաստան վերադարձավ 2012թ-ին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, նրա մեղադրանքները շուտով հանվեցին, իսկ դատավճիռը չեղարկվեց։

Պաշտպանության նախարար եղած տարիներին Օկրուաշվիլին հայտնի էր Ռուսաստանի, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունների հասցեին իր կոշտ և արմատական հայտարարություններով։ Մասնավորապես, 2006թ-ին նա հանրային կերպով խոստացավ «Ամանորը Ցխինվալիում» (Հարավային Օսիայի մայրաքաղաքը) դիմավորել։

Օկրուաշվիլիի անվան հետ են կապում նաև վրացական զինված ուժերի հաջող բարեփոխման գործընթացի մեկնարկը։

Վերջերս Օկրուաշվիլին սկսել է կտրուկ քննադատել կառավարությանն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն, ինչպես նաև դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում