«Ինձ համար հիմա հրաժարականն ու հեռանալն ամենահեշտ բանն է։ Դա ամենապարզ ելքն է․․․ Դա պատասխանատվությունից իմ փախուստը կլիներ», - ասել է նա" />

Վրաստանի ՆԳՆ ղեկավարը, որը ռետինե փամփուշտներով ցրում էր ցույցը, չի պատրաստվում հրաժարական տալ

«Ինձ համար հիմա հրաժարականն ու հեռանալն ամենահեշտ բանն է։ Դա ամենապարզ ելքն է․․․ Դա պատասխանատվությունից իմ փախուստը կլիներ», - ասել է նա

Գիորգի Գախարիա։ Լուսանկարը՝ ghn

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել է, որ խորհրդարանի մոտ հունիսի 20-ի ցույցը ցրելը ստիպված և լեգիտիմ միջոց էր, քանի որ ցուցարարները պատրաստվում էին գրոհել խորհրդարանը։

Այս մասին նա ասել է «Թի-Վի Պիրվելի» հեռուստաընկերությանը տված մեկուկես ժամանոց հարցազրույցում։

Ավելին, նախարարը հայտարարել է, որ իր կողմից սխալ էր այն, որ հատուկ միջոցների կիրառման  մասին հրամանը նա շատ ուշ տվեց։

Հայտնի լրագրող Ինգա Գրիգոլիային տված հարցազրույցում, որին նա անընդհատ սխալմամբ Իրմա էր անվանում, Գախարիան բազմիցս ընդգծել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ինձ համար հիմա հրաժարականն ու հեռանալն ամենաթեթև բանն է։ Դա ամենապարզ ելքն է, դա պատասխանատվությունից իմ փախուստը կլիներ», – ասել է նա։

• Facebook-թրոլեր ու կեղծ մեդիակայքեր։ Ինչպե՞ս է Վրաստանի իշխանությունը պայքարում ցուցարարների դեմ

• Թբիլիսիում ցրել են բողոքի ակցիան և պատրաստվում են ցրել հաջորդը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում և ի՞նչ սպասել

•  Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ է դարձել

 Ընկե՞ր, թե՞ օկուպանտ

Նրա խոսքով՝ իր հրաժարականը պահանջող երիտասարդությունն «անկեղծորեն իր կարծիքն է արտահայտում», սակայն «նրանք չեն գիտակցում, թե ինչ է նշանակում պետական ծառայության մեջ լինել և գործել՝ պետության շահերից ելնելով»։

«Նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում այն, որ խորհրդարանի վրա, որը վերջին 30 տարում մի քանի անգամ գրավվել է ուժով, երրորդ անգամ են հարձակվում ֆիզիկապես, խմբով, համակարգված և կազմակերպված», – ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ իր դեմ պայքարում են հստակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ օկուպացիայի դեմ պայքարի անվան տակ։

Նախարարն ասել է, որ խորհրդարանի մոտ անցկացվող ակցիան սկզբից խաղաղ էր, սակայն հետո «խաղաղ քաղաքացիների լեգիտիմ ցույցն» իր հեղափոխական նպատակներին հասնելու համար սկսեց օգտագործել ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը նախկին նախագահ Սաակաշվիլին է։

Գախարիան ասել է, որ ոստիկանությունը խորհրդարանի մոտ անպաշտպան էր մնացել, քանի որ ցուցարարները ոստիկաններից խլում էին վահաններն ու նրանց ուղղությամբ շշեր ու այլ առարկաներ նետում։

Նախարարը նաև «սուտ» է անվանել այն պնդումները, թե ցուցարարների դեմ ցույցը ցրելիս ոստիկանությունն օգտագործել է ռետինե փամփուշտներ, որոնք նախատեսված են արջերին և այլ խոշոր կենդանիներին վախեցնելու համար։

Նա խոստովանել է, որ միայն մի քանի մասնավոր դեպք է եղել, երբ հատուկջոկատայինները գերազանցել են իրենց ուժերը

«Ինձ համար նույնպես ծանր է տեսնել հատուկջոկատայինի, որը նշան է բռնում ինչ-որ մեկին»։

Նախարարը խոստացել է հետաքննել այդ դեպքերն ու պատժել մեղավորներին։

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք ցույցը ցրելու մասին նրա կարծիքը կիսում է երկրի նախկին վարչապետ և ոչ ֆորմալ առաջնորդ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։

«Մասնակիորեն կիսում է, մասնակիորեն՝ ոչ։ Այն բանի հետ, որ դա լեգիտիմ պատասխան էր, նա համաձայն է։ Սակայն նա նաև տեսնում է այն, որ ուժի գերազանցման փաստեր են եղել, որոնք անհրաժեշտ է հետաքննել», – ասել է Գախարիան։

________________________

Այսպիսի պաստառներ են պարզում Գախարիայի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ։ Փակ աչքը խորհրդանշում է այն մարդկանց, որոնք աչքն են կորցրել ռետինե փամփուշտներով ցույցը ցրելիս

 Նախարարի հարցազրույցը Ֆեյսբուքում մեծ քննադատություն է առաջացրել։

«Եթե նա Պինոկիոն լիներ, նա առանց ռետինե փամփուշտների էլ քթով մեր աչքերը կհաներ», – գրել է օգտատերերից մեկը։

Երբ նախարարը դուրս էր գալիս «Թի-Վի Պիրվելիի» ստուդիայից, նրան սպասող ամբոխը սկսել էր սուլել։

Նախարարի հարցազրույցը մեծ էկրանին նայում էին ցույցի մասնակիցները, որոնք նույնպես սուլում էին և վանկարկում՝ «Հեռացիր», «Ստախոս», «Արնախում»։

Ամենամեծ սուտն, ըստ նրանց, որ ասել է նախարարն, այն էր, թե իբր ոստիկանությունը ցույցը ցրելուց առաջ զգուշացրել է ցուցարարներին։

«Նման բան չի եղել, և դա բոլորը կհաստատեն։ Մենք նոր թափով ենք շարունակելու նրա հրաժարականի պահանջով ցույցն ու այս ցինիկ հարցազրույցից հետո մեր թիվն ավելանալու է», – ասում է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Forbes Georgia-ի խմբագիր Շոթա Դիգմելաշվիլին։

Բողոքի ակցիաները Թբիլիսիում սկսվել են հունիսի 20-ին։ Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելու ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի կապակցությամբ, որը Թբիլիսի էր եկել՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին։

Վրաստանի քաղաքացիների վրդովմունքն էր առաջացրել այն, որ խորհրդարանի նիստերի դահլիճում անցկացվող վեհաժողովը Գավրիլովը բացել էր ռուսերենով, և նա հանրային կերպով սատարում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությանը։ Ընդ որում, նա զբաղեցրել էր խոսնակի աթոռը։

Խորհրդարանի շենքի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ իշխանությանն ուղղված մեկ հարցով․ «Ինչպե՞ս է հանդգնել օկուպանտ երկրի պատգամավորը զբաղեցնել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը»։

Հունիսի 21-ի լուսադեմին ոստիկանության հատուկջոկատայինները ցրեցին ակցիան՝ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ կիրառելով։ Տուժեց ավելի քան 200 մարդ, երկուսը զրկվեց աչքից, մեկը մինչև հիմա միացված է արհեստական շնչառության ապարատին վնասվածքի պատճառով, երբ ռետինե փամփուշտը նրա գլխին էր դիպչել։

Հունիսի 21-ի ցերեկը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական էր տվել։ Հունիսի 24-ին իշխանությունները բավարարել էին ցուցարարների ևս մեկ պահանջ՝ 2020թ-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով։

Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցների գլխավոր և միակ պահանջն արդեն երեք շաբաթ է՝ ՆԳՆ ղեկավար Գիորգի Գախարիայի հրաժարականն է։

Հունիսի 20-ից սկսած՝ ամեն օր Թբիլիսիի խորհրդարանի մոտ, ինչպես նաև երկրի մյուս քաղաքներում՝ Քութայիսիում, Գորիում, Բաթումում, բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ընդդիմությունն այն գիշերվա իրադարձությունները «պատժիչ գործողություն» է անվանում։ Ցուցարարներն, ինչպես նաև տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշում են, որ ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին չի զգուշացրել ցույցը ցրելու համար ուժի կիրառման մասին։ Նրանք պնդում են, որ ոստիկանները թիրախավորում էին ցուցարարներին և կրակում՝ կիրառելով ռետինե փամփուշտներ, որոնք նախատեսված են խոշոր կենդանիներին վախեցնելու համար։

Իսկ Գախարիան հայտարարում է, թե ոստիկանությունը լեգիտիմ է գործել՝ կանխելով խորհրդարանի գրավումն ու պետական հեղաշրջման փորձը։ Բացի այդ, դատախազությունը սկսել է հետաքննել ուժի գերազանցման դեպքերը։

Թբիլիսիում ցույցերը սկսվել են ի պատասխան ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության՝ Վրաստան կատարած այցին։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում