Փորձագետների կարծիքով՝ նույնիսկ նման «տեխնիկական սխալն» է վտանգավոր" />

Վրաստանի նախագահն անհարմար վիճակում է հայտնվել՝ ԱՄՆ նախագահի թվիթով կիսվելուց հետո

Փորձագետների կարծիքով՝ նույնիսկ նման «տեխնիկական սխալն» է վտանգավոր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր սկանդալի կիզակետում է հայտնվել։ Նախագահի թվիթերյան էջում ապրիլի 30-ի առավոտյան տեղադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթը, որում նա ծաղրում է իր մրցակից, նախագահի թեկնածու Ջո Բայդենին՝ նրան «քնկոտ» անվանելով։ Թվիթը շուտով ջնջվել էր Վրաստանի նախագահի էջից, սակայն նախագահի անսովոր գրառումը հանրության ուշադրությունն էր գրավել։ Արդյո՞ք դա միամիտ սխալ էր, թե՞ նախագահը չպետք է իրեն նման քայլ թույլ տար։ Այս մասին խոսում են ինչպես իշխանության ներկայացուցիչներն, այնպես էլ ընդդիմությունն ու փորձագետները։

Նախագահի վարչակազմի բացատրությունը

Տեխնիկական սխալ է տեղի ունեցել, որը կատարել է սոցցանցերի մենեջերը․ սա նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոյիսցրապիշվիլիի հայտարարությունն է։

Սակայն, նրա խոսքով, դա «նախնական գնահատական է» և «այս պահին, վերլուծելով տարբեր փաստեր, բնականաբար, չի կարելի բացառել կիբերհարձակման հավանականությունը», և պետք է համապատասխան քննություն անցկացնել։

Իշխանության ներկայացուցիչների արձագանքը

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի խոսքով՝ իր համար «անհասկանալի է» Վրաստանում ԱՄՆ նախագահի թվիթի շուրջ այս իրարանցումը։

«Այդ թվիթը պատկանում է ԱՄՆ գործող նախագահին։ Եթե դժգոհություններ ունեք այն բանի վերաբերյալ, թե ինչ և ինչպես է նա Թվիթերում տեղադրում, հարցերն ուղղեք նրա վարչակազմին։ Ես չգիտեմ, հարցրեք Վրաստանի նախագահին, թե ինչ շարժառիթներ է ունեցել նա», – լրագրողներին հայտարարել է Չուգոշվիլին։

Ընդդիմություն

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բակրաձեն ասում է, որ իր գործողություններով Սալոմե Զուրաբիշվիլին վնասում է միջազգային հարթությունում երկրի շահերին։

«Մեր գլխավոր ձեռքբերումն ու ԱՄՆ հարաբերություններում գլխավոր խնդիրը երկու կուսակցությունների հետ լավ հարաբերություններ ունենալն էր՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է ներկայացված լինելու Սպիտակ տանը կամ մեծամասնություն ուենալու Կոնգրեսում։ Այդ պատճառոով էլ ես վնասակար, անպատասխանատու և անթույլատրելի եմ համարում Վրաստանի պաշտոնատար անձանց կողմից ԱՄՆ ներքին քաղաքականությանը ցանկացած հանրային միջամտությունը», – հայտարարել է Բակրաձեն։

Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահը «պետք է ներողություն խնդրի, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան հետ կապ հաստատելու միջոցով»։

Նույն կուսակցության ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելափակել Վրաստանի նախագահի թվիթերյան և ֆեյսբուքյան էջերը։

«Չհամաձայնեցված հայտարարությունները վնաս են հասցնում Վրաստանի պետական շահերին։ Ո՞րն է ելքը։ Շատ պարզ է պետք է արգելափակել թվիթերյան և ֆեյսբուքյան էջերը, գուցե նա դադարի գրառումներ անել։ Կամ թող պարոն Իվանիշվիլին հետ կանչի նրան այնպես, ինչպես բերել է», – հայտարարել է Ռոման Գոցիրիձեն։

Փորձագետներ

«Սա շարքային սկանդալ չէ, որը կարող է սահմանափակվել նախագահի վարչակազմի բացատրություններով, որը նրա պահակախումբն է դարձել․․․ Վրացական իշխանությունների փոխարեն ես կմտահոգվեի, թե արդյոք Սալոմե Զուրբիշվիլին դիտմամբ իշխանափոխության համար հող չի պատրաստում», – «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանն ասել է քաղաքագետ Խաթունա Լագազիձեն։

Քաղաքագետ Գիա Նոդիան նույն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է, որ եթե սխալը տեղի է ունեցել նախագահի վարչակազմի մեղքով, դա նշանակում է, որ վարչակազմի ոչ կոմպետենտությունը դուրս է եկել թույլատրելի շրջանակից։

«Առցանց միջադեպի վերաբերյալ նախագահի համար լավ բացատրություն գոյություն չունի։ Եթե որևէ մեկը կարող է նախագահի անունից նման հաղորդագրություններ տարածել, ուրեմն նախագահի վարչակազմում գործերը շատ վատ են», – ասում է վերլուծաբան Գիա Նոդիան։

Նախագահը խորհրդարանում

Վրաստանի նախագահն ապրիլի 30-ին խորհրդարան էր եկել, որպեսզի մասնակցի Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը։ Դոնալդ Թրամփի թվիթի մասին լրագրողների հարցին ոչ նա, ոչ էլ նրա խորհրդարանական քարտուղարը չպատասխանեցին։

Խորհրդարանում Սալոմե Զուրաբիշվիլիին ևս մեկ տհաճություն էր սպասվում ընդդիմադիր պատգամավորները նրան կանգնած չդիմավորեցին։

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկի՝ Սերգո Ռատիանիի խոսքով՝ ընդդիմության համար Սալոմե Զուրաբիշվիլին լեգիտիմություն չունի, քանի որ նա նախագահական պալատում է հայտնվել ընտրությունների կեղծման հետևանքով։

«(Ընտրություններին) լուրջ ընտրակաշառք բաժանելու, ճնշումների դեպքեր են գրանցվել, դա հետքայլ է և ժողովրդավարության էրոզիա։ Դա նշում են բոլոր միջազգային կազմակերպությունները, այն, ինչ տեղի ունեցավ, այդ ամենի արտահայտումն էր», – հայտարարել է Սերգո Ռատիանին։


Կարդալ ավելին JAMnews-ում