Վրաստանն առաջին երկրներից է, որը Ռուսաստանի կողմից կենտրոնացված կիբերհարձակումների նշանակետ է դարձել " />

Թբիլիսին չի բացառում, որ մասշտաբային կիբերհարձակման հետևում այլ պետություն է կանգնած

Վրաստանն առաջին երկրներից է, որը Ռուսաստանի կողմից կենտրոնացված կիբերհարձակումների նշանակետ է դարձել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը չի բացառում, որ մասշտաբային կիբերհարձակումը, որի հետևանքով հոկտեմբերի 28-ին պարալիզացվել էր լրատվամիջոցների, կառավարական և հասարակական կազմակերպությունների 2 հազար կայք, իրականացվել է արտասահմանից։

«Հնարավոր է, որ կիբերհարձակումն իրականացվել է ինչպես Վրաստանից, այնպես էլ ուրիշ պետությունից», – ասված է ՆԳՆ պաշտոնական հայտարարությունում։

Հարյուրավոր վեբ կայքեր անջատվել էին հոկտեմբերի 28-ի առավոտից։ Կիբերհարձակման զոհերից մեկն էր դարձել Վրաստանի նախագահի վարչակազմի պաշտոնական կայքը։ Պարալիզացվել էին հարյուրավոր մեդիակայքեր, կառավարական և հասարակական կազմակերպությունների կայքեր։

Հաքերային հարձակումը ստիպել էր ժամանակավորապես դադարեցնել «Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաընկերությունների հեռարձակումը։ Հոլդինգում պնդում են, որ դրա հետևանքով իրենք լուրջ ֆինանսական և տեխնիկական կորուստներ են ունեցել։

Կայքերը շարքից հանելու բոլոր դեպքերում միևնույն ձեռագիրն է նկատվել։

Պարալիզացված կայքերում հայտնվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սակաշվիլիի լուսանկարը I’ll be back՝ «Ես դեռ վերադառնալու եմ» գրառմամբ։

• Երբ հարևանդ սուպերկիբերպետություն է

• Facebook-թրոլներ ու կեղծ մեդիակայքեր։ Թե ինչպես է իշխանությունը պայքարում ցուցարարների դեմ

Ահա այսպիսի տեսք ուներ Վրաստանի նախագահի կայքը հոկտեմբերի 28-ին։

Ներկա պահին կայքերի մեծ մասի աշխատանքն արդեն վերականգնվել է, թեև հասցած վնասն էլ հնարավոր չէ փոխհատուցել։

«Խրոնիկա պլյուս» թերթի խմբագիր Էլիսո Քիլաձեն ասում է, որ խմբագրությունը հաքերային հարձակման հետևանքով զրկվել է վեց տարվա արխիվից։ Նա կարծում է, որ հարձակումն իրականացվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։

«Կայքում հնարավոր չէ գտնել ոչ մի հոդված, որը գրվել է վերջին վեց տարներին», – ասում է Քիլաձեն։

Մի շարք հասարակական կազմակերպությունների կայքերում տեղակայված արխիվային նյութերը նույնպես ջնջվել են։

Այսպես, «Հասարակություն և բանկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Գիորգի Կեպուլաձեն պնդում է, որ արխիվն ամբողջությամբ անհետացել է կայքից։

«Հույս ունեմ, որ պետությունը հաջորդ անգամ ավելի պատրաստ կլինի հնարավոր կիբերհարձակմանը։ Առաջին նման հարձակումը տեղի է ունեցել 2008թ-ին։ Այն ժամանակ երկիրը շատ լուրջ կորուստներ էր կրել, սակայն, ըստ ամենայնի, կիբերպաշտպանության համար հատուկ միջոցներ չեն ձեռնարկվել», – հայտարարել է Կեպուլաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Քաղաքական գործիչներն ու փորձագետները նույնպես նշում են հաքերային հարձակումներին դիմակայելու պետության անպատրաստությունը, այդ պատճառով էլ երկիրը գլոբալ սպառնալիքի առջև է հայտնվել։

«Մենք աննախադեպ կիբերհարձակման ականատեսներ են դարձել։ Քաղաքացիական անվտանգությունը մեր պետությունում խախտվել է։ Ոչ մի քաղաքացի իրեն չի կարող պաշտպանված զգալ։ Ավելի քան երկու հազար կայք շարքից հանվել է, և ոչ ոք չգիտի, թե ինչ տեղեկություններ են գողացվել, ինչ տեսակի շանտաժ կարող է սկսվել երկրում», – ասում է Հանրապետական կուսակցության անդամ Թամար Կորձայիան։

Կիբերտեխնոլոգիաների մասնագետ Անդրո Գոցիրիձեն «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում հայտարարել է, որ նման կիբերհարձակումների նպատակը սովորաբար հեղինակությանը հասցված և հոգեբանական  վնասն է։ Նրա խոսքով՝ հատկապես տագնապալի է իրավիճակը այն առումով, որ գրոհի օբյեկտները պետական կառույցներն են եղել․

«Նման դեպքերում սպառնալիքի տակ է հայտնվում պետության նկատմամբ հավատը, քանի որ կիբերանվտանգության ապահովումը պետության առանձնաշնորհն է։ Չի բացառվում, որ այս հարձակումն իրականացվել է թշնամական պետության կողմից, սակայն սա բարձր տեխնոլոգիական հարձակում չէ, այդ պատճառով էլ դրանից խուսափել ու վնասը նվազագույնի հասցնել լիովին հնարավոր էր»։

Նրա իսկ խոսքով՝ նման դեպքերից խուսափելու համար մի քանի տարբերակ կա․

«Առաջին հերթին, կայքերը պետք է պաշտպանված սերվերների վրա լինեն։ Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել, սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե պետական կառույցների և գերատեսչությունների կայքերի բազաները գործընկեր երկրներում լինեն, որոնք պաշտպանված սերվերներ են օգտագործում։ Երկրորդ հերթին, պետք է ռեզերվային համակարգ լինի, որպեսզի կիբերհարձակման ժամանակ խաթարված կայքն անջատվի և միացվի պահուստայինը»։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում ՆԱՏՕ-ի չափանիշների վրա։ Նրա խոսքով՝ կիբերանվտանգությունը դաշինքին անդամակցելու ճանապարհին կարևորագույն ուղղությունների մեկն է․

«Դաշինքն ուղղակիորեն հայտարարում է, որ լուրջ չի վերաբերվելու մի պետության, որի կիբերանվտանգությունն ապահովված չէ․․․ Մենք ապրում ենք Ռուսաստանի կիբերհարձակման մշտական սպառնալիքի տակ։ Օրինակ, տեղական ադմինիստրացիաների աշխատակիցների 70-80 տոկոսն օգտվում է mail.ru էլեկտրոնային փոստից։ Պետական ծառայողներն օգտվում են Yandex-taxi-ից։ Եվ նրանք չգիտեն էլ հնարավոր սպառնալիքների մասին։ Առաջին հայացքից դրանում սարսափելի ոչինչ չկա, սակայն իրականում սա մեծ խնդիր է կիբերանվտանգության ապահովման ոլորտում»։

ՆԳՆ-ն նույն օրը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 284 և 286 հոդվածներով, որոնք ենթադրում են ապօրինի մուտք համակարգչային համակարգ կամ/և համակարգչային համակարգի և համակարգչային տվյալների վնասում։

«Այս փուլում անցկացված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կիբերհարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով փոխվել են վեբ կայքերի գլխավոր էջերն՝ այսպես կոչված Deface-ը։ Տուժածների մեծ մասի հոսթինգային սպասարկումն իրականցնում են վրացական մասնավոր ընկերություններ», — ասված է ՆԳՆ հայտարարությունում։

Իրավապահների խոսքով՝ հարցաքննվում են բոլոր այն անձինք, ովքեր կարող են քննությանը կարևոր տեղեկություն տրամադրել։ Ընդ որում, Վրաստանի ՆԳՆ-ն տեղի ունեցած փաստի առթիվ համագործակցում է գործընկեր երկրների մասնագետների հետ։

Defacement-attack․ այսպես է կոչվում կիբերհարձակումը, որի հետևանքով փոխվում է կայքի առաջին էջը։ Հենց այսպիսի գրոհ է իրականացվել հոկտեմբերի 28-ին Վրաստանում։ Նման կիբերհարձակումներ հաճախ ձեռնարկում են, օրինակ, ահաբեկիչները ջիհադիստական կոչերի տարածման համար կամ այսպես կոչված ակտիվիստները գաղափարախոսական ուղերձներ հղելու համար։

2008 թվական․ օգոստոսյան հաքերային պատերազմ

Վրաստանն առաջին երկրներից է, որը Ռուսաստանի կողմից կիբերհարձակման զոհ է դարձել։ Դա տեղի է ունեցել 2008թ-ի օգոստոսին՝ ռուս-վրացական պատերազմի սուր շրջանին զուգահեռ։

2008թ-ի օգոստոսի 8-ին հարձակման նպատակը Վրաստանի նախագահի, կառավարության, ԱԳՆ և խորհրդարանի կայքերն էին։ Միաժամանակ հարձակման էին ենթարկվել տեղեկատվական պորտալներն, ինչպես նաև Վրաստանի նկատմամբ դրական տրամադրվածություն ունեցող լրատվական կայքերը (օրինակ, kasparov.ru-ն) և ֆորումները։ Օգոստոսի 9-ին կիբերհարձակում էր իրականացվել ТВС-բանկի նկատմամբ, որն այն ժամանակ Վրաստանի խոշորագույն բանկերից մեկն էր։

Օգոստոսի 11-ին չէր աշխատում ոչ մի կառավարական կայք։ Նախագահի կայքը defacement-attack-ի էր ենթարկվել, և դրա առաջին էջում ֆաշիստական խորհրդանիշներ և Սաակաշվիլիի լուսանկարն էր հայտնվել՝ Հիտլերին նմանեցված։ Նույնատիպ գրոհի էին ենթարկվել նաև Ազգային բանկի և ԱԳՆ կայքերը․ դրանց առաջին էջին էին հայտնվել 20-րդ դարի բռնապետների լուսանկարները։

Ռուսական «Մեդուզա» պարբերականը մի քանի տարի առաջ Վրաստանի դեմ 2008թ-ին Ռուսաստանի հաքերային պատերազմի մասշտաբային հետազոտություն էր անցկացրել։ Պարբերականը գրում էր, որ հենց Վրաստանի դեմ հաքերային հարձակումից հետո ռուսական հատուկ ծառայությունները սկսեցին համագործակցել հայրենասիրական տրամադրություններ ունեցող հաքերների հետ։

Նրանք նրանց հաճախ օգտագործում են տարբեր տիպի աշխատանքների համար, երբեմն ստիպում են, երբեմն նրանք ինքնակամ են դա անում։ Հենց Վրաստանում փորձարկված տարբերակը ռուսական հատուկ ծառայություններն օգտագործեցին 2016 թ-ին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու համար։ Այդ դեպքում գործողությունն իրականացվել էր հայրենասեր-հաքերների թվին պատկանող ֆրիլանսերների օգնությամբ։ Պարբերականը գրում էր, որ Վրաստանի կառավարական կայքերի վրա DOS-հարձակումները Ռուսաստանը սկսել էր օգոստոսյան պատերազմից երկու շաբաթ առաջ, երբ իրավիճակը Հարավային Օսիայի համակարտության գոտում սկսել էր թեժանալ։

«Մեդուզան» գրում էր, որ պատերազմի օրերին վրացական կառավարական կայքերի վրա առաջին հաքերային հարձակումն իրականացրել է Խաբարովսկի հաքեր Լեոնիդ Ստոյիկովը։ Սկզբից նա գործել է սեփական նախաձեռնությամբ՝ տպավորվելով հեռուստացույցից և Վրաստանի դեմ պայքարում իր հայրենիքին օգնելու ցանկությամբ։

«Մեդուզային» տված հարցազրույցում Ստոյիկովը՝ նույն ինքը R0id-ը, խոստովանում է, որ հենց ինքն է կոտրել Վրաստանի խորհրդարանի կայքն ու այնտեղ տեղադրել Ադոլֆ Հիտլերի հետ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ․ «Նա էլ է այսպես վախճան ունենալու»։

Օգոստոսի 9-ին հայրենասեր ռուս հաքերները հատուկ վեբ-էջ էին ստեղծել Stopgeorgia.ru անվանումով։ Այդ էջում նրանք մյուս ռուս հաքերներին խորհուրդ էին տալիս, թե վրացական որ կայքերը գրոհել՝ տեղադրելով համապատասխան հղումները և այլն։ Այդ կայքում արդյունքում հավաքվել էր շուրջ 30 հաքեր։ Նրանք իրենց անվանում են հաք-անդերգրաունդի ներկայացուցիչներ և ոչ միանշանակ հայրենասիրական կարգախոսներ տարածողներ դառնում։

Stopgeorgia.ru-ն շարունակում էր իր հակավրացական գործունեությունը նաև 2009 թ-ին, երբ Քութայիսիում պայթեցվել էր խորհրդային զինվորին նվիրված հուշարձանը, որը խանգարում էր շենքի շինարարությանը, հաքերները կրկին գրոհել էին Վրաստանի կառավարական կայքերը։ «Մենք թույլ չենք տա ոչնչացնել մեր պատմական անցյալը», — գրում էին նրանք այն օրերին և կոչ անում մյուս հաքերներին պատերազմ սկսել Վրաստանի կառավարության դեմ։

 


Կարդալ ավելին JAMnews-ում