Ջավախեթիում հանդիպում անցկացնելուց հետո Վրաստանի նախագահի թեկնածուին մեղադրում են այլատյացության համար

Սամցխե-Ջավախեթիի հայ բնակչության հետ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին ոչ կոռեկտ է խոսել թուրքերի մասին

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կրկին սկանդալի կենտրոնում է:

Այս անգամ նրան մեղադրում են այլատյացության և ազգային հողի վրա ատելություն սերմանելու համար: Պատճառը Զուրաբիշվիլիի հայտարարություններն են, որոնք նա արել է Սամցխե-Ջավախեթի (Վրաստանի հարավ) շրջանի բնակչության հետ հանդնիպման ժամանակ, որը բնակեցված է հայերով:

 Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին: Նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցում է ընտրարշավին որպես անկախ թեկնածու, սակայն իրականում նա օգտվում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության պաշտոնական աջակցությունից: Իշխող կուսակցությունն ընտրություններին իր թեկնածուին չի առաջադրել հօգուտ Զուրաբիշվիլիի: Նա նախկին վարչապետ և երկրի ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի  անձնական ֆավորիտն է:

Հոկտեմբերի 2-ին, Նինոծմինդա քաղաքում հավաքված ընտրողներին դիմելով, Զուրաբիշվիլին անդրադարձել է վրացական քաղաքացիություն ստանալու թեմային: Նա քննադատել է օրենքը, որի համաձայն, երկրորդ քաղաքացիություն կարող է տրամադրվել միայն նախագահի թույլտվությամբ, և խոստացել է այդ օրենսդրության փոփոխության լոբինգով զբաղվել:

Իր ելույթում Զուրաբիշվիլին Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է, որ նա նախընտրում էր երկրորդ քաղաքացիություն տալ թուրքերին և մերժում էր հայերին:

«Մի նախագահ, որն իմ ընդդիմախոսն է, անունն էլ նույնիսկ չեմ ուզում տալ, քաղաքացիություն էր տալիս շատ թուրքերի, բայց ձեզ քաղաքացիություն չէր տալիս», – հայտարարել է Զուրաբիշվիլին լեփ-լեցուն դահլիճում:

Այս խոսքերը փոթորիկ են առաջացրել ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ֆեյսբուքյան շարքային օգտատերերի  շրջանում:

Զուրաբիշվիլիին մեղադրել են ազգային հողի վրա ատելություն սերմանելու, ինչպես նաև ոչ կոմպետենտության համար:

«Նման հայտարարություններն այդ տարածաշրջանում մեծ վտանգ և սխալ քաղաքական ձևի հայտ են ներկայացնում», – լրագրողներին ասել է Վրաստանի նախագահի «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բակրաձեն:

Ախալքալաքում՝ Մշակույթի տան սրահում, որտեղ կայացել է Զուրաբիշվիլի հանդիպումն ընտրողների հետ, Շառլ Ազնավուրի նկարն է եղել, որի մոտ վառվող մոմեր են եղել [Ազնավուրի նախնիներն Ախալքալաքից են եղել]: Զուրաբիշվիլին մոմ է վառել և ծաղիկներ դրել:

Նախագահի անկախ թեկնածուի հայտարարությունն էլ ավելի կտրուկ են գնահատել «Միասնական ազգային շարժում» կուսակցությունում: Դրա առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան կարծում է, որ Զուրաբիշվիլիի խոսքերը հաստատում են. նա Վրաստանի թշնամին է:

«Մենք անհերքելի հաստատում ստացանք առ այն, որ Զուրաբիշվիլին սովորական թշնամի է: Ինչպե՞ս կարելի է նախագահ դառնալու ցանկություն հայտնել և ազգային փոքրամասնությունների՝ տվյալ դեպքում մեր հայ համաքաղաքացիների հետ խոսելիս ասել, որ նախորդ իշխանությունները քաղաքացիություն էին տալիս թուրքերին, իսկ ձեզ՝ հայերիդ, չէին տալիս»,Մելիայի խոսքերն է փոխանցում «Նովոստի Գրուզիան»:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ մասամբ համաձայն են ընդդիմության հետ: «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» հկ նախագահ Գեորգի Մշվենիրաձեն նշում է, որ, թեև «Զուրաբիշվիլիի հայտարարությունն օրենքի շրջանակից դուրս չի գալիս, այն ավերիչ է»:

«Այդպիսի հայտարարությունները շատ վտանգավոր են, քանի որ թրքատյացություն են սերմանում: Նրա հայտարարությունում թուրքերը ներկայացված էին որպես ինչ-որ վտանգ: Դա միանշանակ այլատյացություն է: Ավելին, կրկնակի վտանգավոր է, երբ այդպիսի հայտարարություններն արվում են էթնիկ մի խմբի դիմելիս, որը որոշակի ցավոտ կապեր ունի Օսմանյան կայսրության հետ, որը գոյություն ուներ Թուրքիայից առաջ», – ասել է Մշվենիրաձեն «Նեթգազեթիին» տված հարցազրույցում:

«Այդպիսի հակապետական հայտարարությունների հեղինակը չի կարող նախագահ ընտրվել: Նա Վրաստանի համար բացարձակ խայտառակ թեկնածու է և խայտառակում է նրանց, ովքեր նրան աջակցում են: Երբ նա մեկնի Մառնեուլի [Վրաստանի շրջան, որտեղ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում – JAMnews], երևի կասի, որ Սաակաշվիլին իրականում հայ էր»,ֆեյսբուքյան իր էջում գրել է «հանրապետական» Դավիթ Զուրաբիշվիլին:

Ֆեյսբուքում գրում էին, որ Զուրաբիշվիլին իր պայթյունավտանգ հայտարարություններով վտանգավոր է Վրաստանի համար: Դժգոհություն են հայտնել ոչ միայն ընդդիմադիր կեցվածք ունեցողներն, այլ նաև իշխանություններին հավատարիմ օգտատերերը:

«Այն, ինչ նա անում է, հայրենիքի դավաճանություն է»:

«Դիվանագետ էլ կոչվում է… Նա իր չմտածված հայտարարություններով մեզ մի պատերազմի մեջ կներքաշի»:

«Հանուն պոպուլիզմի և Սաակաշվիլիի հանդեպ ատելությունից դրդված՝ նա պատրաստ է զոհաբերել երկրի շահերը: Նա պատրաստ է «խաղալ» հայ և թուրք ժողովուրդների ցավոտ պատմական կոնֆլիկտի և մարդկանց զգացմունքների հետ»:

«Նրա նախագահությունը երկրի համար իրական վտանգ է», – գրում էին ֆեյսբուքյան օգտատերերը: 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում