Ընդդիմադիր թեկնածուն մոտ 20%-ով պակաս ձայն է հավաքել, ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Միխեիլ Սաակաշվիլին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում" />

Վրաստանի հինգերորդ նախագահն է դարձել իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին

Ընդդիմադիր թեկնածուն մոտ 20%-ով պակաս ձայն է հավաքել, ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Միխեիլ Սաակաշվիլին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում

Անցնելով բազմաթիվ սկանդալների և երկրորդ փուլի միջով՝ Վրաստանն ընտրել է իր հինգերորդ նախագահին։

Կենտրոնական ընտրական հաձնաժողովն արդեն հայտարարել է վերջնական արդյունքները: Նախագահ է ընտրվել իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։

Միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն այնքան էլ քիչ ձայն չի հավաքել․ ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Զուրաբիշվիլին ստացել է 59,52% ձայն, Վաշաձեն՝ 40,48%։

Ընտրողների ակտիվությունը երկրորդ փուլում ավելի մեծ էր, քան առաջինում։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է Վրաստանի բնանկչության 56.23 տոկոսը, ինչն ընդհանուր առմամբ կազմել է 1 մլն 975 հազար 845 մարդ։ Դա 10 տոկոսով ավելին է, քան առաջին փուլում․ այն ժամանակ քվեարկել էր ընրողների 46.74 տոկոսը, կամ 1 637 956 մարդ։

Թբիլիսիում ակտիվությունը կազմել է 55,9 տոկոս։ 

_____________

Էքզիթ փոլերի տվյալները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 28-ին ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, մոտ էին այս թվերին, թեև տարբերվում էին։

Edison Research-ը, որն աշխատում էր Ռուսթավի-2 ընդդիմադիր հեռուստաալիքի պատվերով, հաղորդել էր, որ ընտրողների 55% տոկոսն իրենց ձայնը տվել է իշխանամետ թեկնածուին, իսկ 45%-ն՝ ընդդիմության թեկնածուին։

GALLUP INTERNATIONAL-ը, որն աշխատում էր «Իմեդի» իշխանամետ հեռուստաընկերության պատվերով, հաշվել էր, որ իշխանամետ թեկնածուն կստանա 58%, ընդդիմադիրը՝  42% ձայն։

• 2018թ-ի նախագահական ընտրությունները․ բոլոր մանրամասները՝ հակիրճ

• Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ շաբաթ առաջ Վրաստանի 600 հազար քաղաքացու պարտքերը չեղարկվել են։ Ի՞նչ է դա նշանակում

• Նախագահական ընտրությունները Վրաստանում․ ինչո՞ւ են իշխանությունները խոսում քաղաքացիական պատերազմի մասին   

Առաջին արձագանքը

Էքզիթ-փոլերի արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո երկու թեկնածուների նախընտրական շտաբերը մեկնաբանությամբ հանդես եկան։

Գրիգոլ Վաշաձեն հատուկ բրիֆինգին շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին աջակցության համար։ Նա ասել է, որ վստահում է «Ռուսթավի-2»-ի էքզիթ փոլի արդյունքին և իշխանություններին մեղադրել է բնակչության վրա ճնշում գործադրելու համար։

«Վրաստանը դեռ այսպիսի ընտրություններ չէր տեսել։ Իշխանությունները մոբիլիզացրել էին՝ ում հնարավոր էր։ Գնել էին՝ ում հնարավոր էր։ Բոլոր քրեական տարրերը, կաշառակերները ներգրավված էին։ Սակայն, չնայած դրան, «Միացյալ Վրաստանը» կարողացավ 756 հազար ձայն հավաքել», – հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն։

Նա ասել է, որ վերջնական գնահատական կտա ընտրությունների արդյունքները պաշտոնապես հրապարակելուց հետո։

Շատ ավելի կոշտ է տրամադրված Միխեիլ Սաակաշվիլին՝ Վրաստանի երրորդ նախագահն ու այսօրվա առաջատար ընդդիմադիր «Ազգային շարժում»  կուսակցության հիմնադիրը։ Գտնվելով Հոլանդիայում՝ նա ակտիվորեն մասնակցում էր քաղաքական գործընթացներին։

Նա հայտարարել է, որ, հաշվի առնելով բազմաթիվ խախտումները, չի ճանաչում ընտրությունների արդյունքն ու կոչ է արել բնակչությանը փողոց դուրս գալ և արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջել։

«Վաղվանից [նոյեմբերի 29-ից – JAMnews], անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, մենք անհնազանդության զանվածային ակցիաներ ենք սկսում։ Ես կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը, բանակին տարանջատվել մաֆիոզների բանդայից, որը ղեկավարում է պետությունը», – հայտարարել է Սաակաշվիլին։

Նրա այս հայտարարությունն ու կոչերը, սակայն, առանց որևէ ոգևորության են ընկալվել ինչպես իր կուսակցությունում, այնպես էլ՝ ընդդիմությունում ընդհանուր առմամբ։

««Միացյալ ընդդիմությունն» ունի խորհուրդ, որն էլ կորոշի, թե ինչ անել», – այսպես է Սաակաշվիլիի հայտարարությունները մեկնաբանել միացյալ ընդդիմության նախընտրական շտաբի պետ Գիորգի Վաշաձեն։

Ըստ նրա՝, տվյալ պահին շտաբն աշխատում է բոլոր ստացված քվեները պահպանելու ուղղությամբ։

Հաղթող կողմի քաղաքական ճամբարում առաջին հայտարարությունն արել է ոչ թե Սալոմե Զուրաբիշվիլին, այլ Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ և ոչ ֆորմալ ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

Էքզիթ-փոլերի արդյունքները հայտարարելուց հետո հենց Իվանիշվիլին է շնորհակալություն հայտնել հասարակությանը ցուցաբերված աջակցության համար։

Զուրաբիշվիլիի հաղթանակը նա գնահատել է որպես իր հաղթանակ, և հետագա պատասխանատվությունն իր վրա է վերցրել։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հասարակությանն այս արձագանքի համար, մնացածն ինձ վրա թողեք։ Ես կկատարեմ իմ տված բոլոր խոստումները, առավելագույն ջանքեր կգործադրեմ», հայտարարել է  Իվանիշվիլի

Իսկ Զուրաբիշվիլին հայտարարությամբ հանդես եկավ ավելի ուշ։

Նա ասաց, թե ընտրողներն ապացուցեցին, որ չեն ցանկանում անցյալի վերադարձ, և խոստացավ, որ կլինի նաև այն քաղաքացիների նախագահը, որոնք չեն քվեարկել իր օգտին։

Սալոմե Զուրաբիշվիլին իր երեխաների հետ ուրախանում է հաղթանակի կապակցությամբ։ 2018թ-ի նոյեմբերի 28։ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Գլխավոր խախտումները

Հասարակական կազմակերպություններն ու լրագրողներն ուշադրություն են դարձրել ընտրությունների օրը տեղի ունեցած մի շարք խախտումների վրա։

Դիտորդները կրկնակի քվեարկության դեպքեր են գրանցել։

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Ընտրողների վրա ճնշում գործադրելու փաստեր են հայտնաբերվել․ ընտրատեղամասերի մերձակայքում են եղել այսպես կոչված համակարգողներ՝ տեղի հեղինակությունները, որոնց ներկայությունն այդտեղ անցանկալի ազդեցություն է գործել ընտրողների վրա։

Գրանցվել են ընտրողների դրոշմավորման խախտման բազմաթիվ դեպքեր։

•Հասարակական կազմակերպություններ․ ընտրությունների երկրորդ փուլի լեգիտիմությունը կարող է հարցականի տակ դրվել

•Հինգ ծեծված ընդդիմադիր գործիչ մեկ շաբաթում․ Ջավախքը նախընրական փուլում «թեժ կետի» է վերածվել։

•Ընտրություններին մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել․ Իվանիշվիլին ընտրողներին խնդրում է իրեն ևս մեկ շանս տալ

•Հասարակական կազմակերպություններ․ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընտրողներին կաշառել են։

Բնակչության մի մասը զանգեր է ստացել «48» համարից (Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական համարը)․ ինքնապատասխանիչը Բիձինա Իվանիշվիլիի ձայնով կոչ էր անում գնալ ընտրատեղամաս և քվեարկել «պայծառ ապագայի» համար։

Թեև նախընտրական փուլում դիտորդներն ավելի ծանր խախտումներ են գրանցել․ «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» ՀԿ ղեկավար Էկա Գիգաուրին ասում է, որ ամենաաննախադեպ խախտումը 600 հազար ընտրողների բանկային պարտքերը մարելու խոստումն էր։ Այս փաստը ՀԿ-ները գնահատում են որպես ընտրողների կաշառման փորձ։

Գիգաուրիի խոսքով՝ բացի այդ, իշխանությունները նախընտրական փուլում բնակչության կարիքների վրա հաշվարկված քայլ են արել և խոստացել օգության ծավալների ավելացում և նոր ծրագրեր, ինչը նույնպես արգելված է օրենքով և գնահատվում է որպես ընտրողներին կաշառելու փորձ։

Ով է Սալոմե Զուրաբիշվիլին

Պաշտոնապես Սալոմե Զուրաբիշվիլին անկախ թեկնածու է։ Սակայն իրականում նա առաջադրված է իշխանությունների կողմից։ Ընտրություններին նրան աջակցում էր «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ օգնելով իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ վարչական։

Զուրաբիշվիլին ծնվել է Փարիզում։ Նա 1921թ-ին Վրաստանը լքած քաղէմիգրանտների թոռ է։ 2004թ-ի «վարդերի հեղափոխությունից» հետո Միխեիլ Սաակաշվիլին նրան իր կառավարություն հրավիրեց և վստահեց արտգործնախարարությունը։

Սալոմե Զուրաբիշվիլի․ Վրաստանի իշխող կուսակցության առաջին լուրջ ձախողումը 

Սաակաշվիլիի թիմում Զուրաբիշվիլին աշխատեց մինչև 2005թ–ի հոկտեմբեր։ Այնուհետև նա անցավ ընդդիմության շարքերը, սակայն չհաջողեց որպես ընդդիմության առաջնորդ։ Շուտով նա լքեց քաղաքականությունն ու Վրաստանը։ Վերադարձավ արդեն 2012թ–ին, երբ քաղաքականություն մտավ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, սակայն իշխող «Վրացական երազանքի» անդամ չդարձավ։

Այսօր Զուրաբիշվիլին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է։ Երկրի բարձրագույն օրենսդրական մարմնում նա հայտնվել է պաշտոնապես որպես անկախ թեկնածու, սակայն իրականում խորհրդարանական ընտրություններին նրան լուրջ աջակցություն է ցուցաբերել իշխող «Վրացական երազանքը»։

Սալոմե Զուրաբիշվիլին որպես նախագահի թեկնածու նույնիսկ «Վրացական երազանքի» ոչ բոլոր անդամներին էր դուր գալիս։ Սակայն նա Բիձինա Իվանիշվիլիի անձնական ընտրությունն էր, որի հետ իշխող կուսակցությունում քչերը քաջություն ունեն վիճել։

Զուրաբիշվիի դեմ սոցցանցերում նպատակաուղղված արշավ էր ընթանում։ Նրա թեկնածությունը բազմաթիվ վեճեր և տարաձայնությունն էր առաջացրել նույնիսկ «Վրացական երազանքի» կողմնակիցների շրջանում։ Այդ վերաբերմունքի պատճառը 2008թ–ի օգոստոսյան պատերազմի մասին Զուրաբիշվիլիի ոչ միանշանակ հայտարարությունն էր։ Մասնավորապես, նա ասել էր, որ Վրաստանն է առաջինը սկսել «ռազմական գործողության այդ հատվածը»՝ նկատի ունենալով օգոստոսյան պատերազմը։

Ընդդիմությունն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և հանրության ներկայացուցիչները Զուրաբիշվիլիի այդ հայտարարությունները հակապետական և Կրեմլի տեսանկյունը կրկնող են համարում։

Ապագա նախագահի իրավունքները

Նոյեմբերի 28-ին Վրաստանի բնակչությունը 6 տարի ժամկետով նոր նախագահ է ընտրել։ Սրանից առաջ ժամկետը 5 տարի էր։

Այս ընտրությունները նախագահի վերջին ուղիղ ընտրություններն էին։ 2024թ-ից նախագահին ընտրելու է ընտողների կոլեգիան։ Այն կազմված է լինելու 300 հոգուց․ 150-ը Վրաստանի խորհրդարանի անդամներ, 13-ական մարդ կներկայացնի Աջարիայի և Աբխազիայի Գերագույն խորհուրդները, ևս 124 մարդ՝ տեղական ինքնակառավարման մարմինները։

Նոր սահմանադրության համաձայն՝ նախագահի իրավասությունները զգալիորեն կրճատվել են, սակայն որոշ կարևոր գործառույթներ, այնուամենայնիվ, մնացել են․

√ բանտարկյալներին ներում շնորհելը;

√ Վրաստանի քաղաքացիություն տրամադրելը;

√ Վրաստանը միջազգային հարթակում ներկայացնելը՝ սակայն կառավարության հետ բոլոր քայլերը համաձայնեցնելով;

√ ֆորմալ կերպով վարչապետի, ինչպես նաև Արդարադատության գերագույն խորհրդի անդամների նշանակումները ստորագրելը;

√ օրենքով նախատեսված ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանի, ինչպես նաև արտահերթ ընտրություններ նշանակելը;

√ պարգևներ շնորհելն ու հանձնելը։

√ նախագահն անձեռնմխելի է։ Նրան չի կարելի կալանավորել կամ քրեական պատասխանատվության ենթարկել քրեական օրենսգրքի հոդվածներով;

√ նախագահին իմպիչմենտ կարող է հայտարարել խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ երրորդը:

Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, հետևաբար, հենց խորհրդարանական ընտրությունները կկանխորոշեն, թե ովքեր երկու տարուց կգլխավորեն երկիրը։

Ներկայիս նախագահական ընտրությունները մեծ մասամբ խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձն էին։ Դրանք թույլ տվեցին քաղաքական կուսակցություններին գնահատել իրենց հնարավորությունները, հասարակությանը՝ հասկանալ այդ քաղաքական սուբյետկների հնարավորությունները 2020թ-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։


Կարդալ ավելին JAMnews-ում