Նման որոշման պատճառը հեռուստաընկերության օպերատոր Սանդրո Բերաձեի մահն է" />

Վրաստանի Հանրային հեռարձակողը հրաժարվել է գովազդել մոլախաղերը

Նման որոշման պատճառը հեռուստաընկերության օպերատոր Սանդրո Բերաձեի մահն է

Վրաստանի Հանրային հեռարձակողի առաջին ալիքից 2020թ-ից կանհետանա մոլախաղերի գովազդը։

Մինչև 2019թ-ի ավարտը հեռուստաալիքը կկատարի իր պարտավորությունները, սակայն 2020-ի հունվարից կդադարի մոլախաղերի գովազդի տեղադրման պատվերներ ընդունել։

«Ելնելով սեփական առաքելությունից, առաջին ալիքի գլխավոր նպատակը հանրության պահանջներին համապատասխանելն, առողջ կենսակերպի պոպուլյարիզացիային նպաստելը և, ելնելով սեփական հնարավորություններից, երկիրը ծանր հիվանդության պես համակած խաղային կախվածությանը դիմակայելն է», – ասված է հոկտեմբերի 30—ին առաջին ալիքի տարածած հաղորդագրությունում։

Այսպիսի որոշում ալիքն ընդունել է իր օպերատոր, 29-ամյա Սանդրո Բերաձեի մահվանից հետո։

Երկու օր շարունակ Բերաձեին փնտրում էին ընկերներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները։ Սանդրո Բերաձեի մարմինը հայտնաբերվել է Թբիլիսիի մերձակայքում՝ Ցխվարիչամիա անտառում հոկտեմբերի 29-ին։

Հետաքննություն է ընթանում «ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ Ըստ որոշակի տեղեկության՝ ողբերգության պատճառը երիտասարդի խաղային կախվածությունն է եղել։

Առաջին ալիքի ղեկավարությունը գիտակցում է, որ իր եթերում մոլախաղերի գովազդի չտեղադրումը զգալի ֆինանսական կորուստներ կբերի։ Ալիքի հայտարարության համաձայն՝ այդ տեսակ գովազդից ստացվող միջոցներն ամբողջությամբ ծախսվում էին մարզական հեռարձակումների համար լիցենզիաների ձեռքբերման, դրանց սպասարկման և տեխնիկական ապահովման վրա։

Հանրային հեռարձակողի հայտարարությունում ասվում է, որ «մոլախաղերի բացասական ազդեցությամբ պայմանավորված՝ հասարակությունում դրանց նկատմամբ միահամուռ բացասական վերաբերմունք է ձևավորվել։ Վրաստանի առաջին ալիքն ամբողջությամբ կիսում է այդ տեսակետը և մոլախաղերի գովազդ տեղակայելու իր մերժմամբ միանում հանրային պահանջին»։

• Վրաստանի օրենսդրությունը չի արգելում մոլախաղերի գովազդն ու նմանատիպ գովազդի վաճառքը։ 

• Ըստ «Մայրերն ընդդեմ մոլախաղերի» կազմակերպության նախագահ Թամար Ջափարիձեի տեղեկությունների համաձայն՝ 2019 թ-ի հուլիսից մինչ այսօր խաղային կախվածության և դրանց հետևանքով գոյացած պարտքերի պատճառով 14-31 տարեկան 15 մարդ է ինքնասպանություն գործել։ 

• Վրաստանում խաղային բիզնեսի դիրքերն ամրապնդվել են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին։ Բիզնեսի այս տեսակն իշխանությունների կողմից դիտարկվում էր որպես բյուջեն լցնելու ամենալուրջ աղբյուրներից մեկը։ Ընդ որում, որոշակի շեշտադրում էր արվում հարևան երկրների վրա, որտեղ խաղատներն արգելված են և զգալի սահմանափակումներով են գործում։ Իշխանությունը կարծում էր, որ Վրաստանը պարտադիր պետք է խաղային բիզնեսում օգտագործի նաև իր աշխարհագրական առավելությունը։ Ակնկալվում էր զբոսաշրջիկներ գրավել Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից և Մերձավոր Արևելքի երկրներից։


Կարդալ ավելին JAMnews-ում