Պատգամավորը պնդում է․ նա հոգեբանական բռնության զոհ է դարձել" />

Վրաստանի կին պատգամավորը հայտարարել է նախկին ամուսնու կողմից բռնության մասին

Պատգամավորը պնդում է․ նա հոգեբանական բռնության զոհ է դարձել

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սոֆիկո Կիլաձեն նախկին ամուսնու կողմից հոգեբանական բռնության է ենթարկվել։ Նրա խոսքով, երկու շաբաթ առաջ ինքը դիմել է իրավապահներին, դատական նիստ է կայացել, իր նախկին ամուսնուն սահմանափակող օրդեր է դուրս գրվել․ դատարանը մեկ ամսով զրկել է նրան պատգամավորին մոտենալու և շփվելու իրավունքից։

Սեռական բռնությունը Հայաստանում։ Նրանց մասին, ովքեր հաղթահարել են տաբուն և սկսել խոսել այդ մասին

Սոֆիկո Կիլաձեն «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամ է, մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական կոմիտեի նախագահը։

Կիլաձեի խոսքով, իր դեպքն ապացուցում է, որ «ցանկացած մարդ, այդ թվում՝ իրավապաշտպան կամ խորհրդարանի անդամ, կարող է նման իրավիճակում հայտնվել»։

Պատգամավորն ընդգծել է, որ չի ուզում իր գործի մասրամասների մասին հանրային կերպով խոսել։

«Ես անհանգստանում եմ ինձ շրջապատող մարդկանց հուզական վիճակի, առողջության, իմ անչափահաս երեխայի, նրա շահերի մասին, այդ պատճառով էլ չեմ ուզում մանրամասների մասին խոսել», – հայտարարել է Կիլաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը։

Դրանից առաջ Ֆեյսբուքում արդեն տեղեկություններ էին սկսել շրջանառվել, որ պատգամավորին ծեծել է ամուսինը։ Սակայն Կիլաձեն ֆիզիկական բռնության փաստը չի հաստատում։

Չնայած դրան, որ իրավապաշտպանները բազմիցս քննադատել են Սոֆիկո Կիլաձեին մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական կոմիտեի նախագահի պաշտոնում, այս իրավիճակում նրանք ամբողջությամբ սատարում են նրան։

Ինչպես JAMnews-ին հայտարարել է իրավապաշտպան, «Կանանց շարժման» անդամ Իդա Բախտուրիձեն, ընտանեկան բռնությունը Վրաստանում մասշտաբային խնդիր է դարձել, և «Սոֆո Կիլաձեի դեպքն ապացուցում է, որ բռնությունը չունի մշակութային, տնտեսական, սոցիալական կամ որևէ այլ սահման»։

«Բռնության խնդիրների մասին խոսելիս չի կարելի բացառել հասարակության ցանկացած շերտի ներկայացուցչի՝ բռնարարի կամ զոհի դերում», – ասել է Իդա Բախտուրիձեն։

Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Վրաստանում բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող կանայք խուսափում են բռնության մասին հանրային կերպով խոսել։

«Սոֆո Կիլաձեն, կիսվելով իր խնդրով, մեծ համարձակություն է ցուցաբերել։ Հազվադեպ է լինում, որ բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող կանայք, հատկապես քաղաքական գործիչները, պատմեն այն մասին, որ բռնության զոհ են դարձել։ Հավանաբար, սա նույնպես «կարծրատիպ է», ուժեղ, ինքնադրսևորվող կանայք չեն կարող բռնության զոհ լինել։ Ժամանակն է խոստովանելու, որ պատգամավորները, նախարարները, հայտնի լրագրողներն ու իրավապաշտպանները բռնության և գենդերային հատկանիշով խտրականության զոհ են դառնում», – ասում է Բախտուրիձեն։

• Վրաստանի կանայք հաճախ են բռնության ենթարկվում ամուսինների կամ զուգընկերների կողմից։ 2018 թ-ին նվազագույնը 5875 դեպք է գրանցվել։ Հենց այդքան սահմանափակող օրդեր է դուրս գրվել՝ ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն։

• 2018թ-ի մարտին ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության և Վիճակագրության ազգային ծառայության անցկացրած համատեղ հետազոտության համաձայն՝ Վրաստանում յոթ կանանցից մեկն անմիջականորեն բախվել է բռնության խնդրին։ Վրաստանում UNWOMEN հետազոտության տվյալներով՝ բռնության առավել տարածված ձևերն են հոգեբանականն ու ֆիզիկականը։


Կարդալ ավելին JAMnews-ում