Ավանդույթի համաձայն՝ նրա տեղը նշանակվել է օլիգարխ Իվանիշվիլիի հայրենի Սաչխերիի շրջանից մեկը" />

Վրաստանի կառավարությունը լքել է ամենապոպուլյար նախարարը

Ավանդույթի համաձայն՝ նրա տեղը նշանակվել է օլիգարխ Իվանիշվիլիի հայրենի Սաչխերիի շրջանից մեկը

Եկատերինա Տիկարաձե։ Լուսանկարը՝ Հանրային հեռարձակողի

Վրացական կառավարության «հնագույն» նախարարներից մեկը՝ Դավիթ Սերգեյենկոն լքել է իր զբաղեցրած պաշտոնը։ Նա աշխատում էր որպես առողջապահության և սոցապահովման նախարար 2012թ-ից։

Կառավարությունում կատարված փոփոխությունների մասին հունիսի 18-ին հայտարարել է նախարար Մամուկա Բախտաձեն՝ միաժամանակ ներկայացնելով նոր նախարար Եկատերինա Տիկարաձեին։

Առողջապահության, սոցապահովման և օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների գործերով նոր նախարարին ներկայացնելիս ներկա էր նաև նախկին նախարարը, որն այօրվանից դարձել է վարչապետի խորհրդական։

Նոր նախարար Եկատերինա Տիկարաձեն մինչ այս աշխատում էր որպես Սաչխերիի հիվանդանոցի տնօրեն։ Այդ կլինիկան տեղակայված է իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հարազատ շրջանում, և հենց նա է հովանավորում այն տարիներ շարունակ։

Նույն պաշտոնը նախարար նշանակվելուց առաջ զբաղեցնում էր ժամանակին նաև Դավիթ Սերգեյենկոն։

Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ մտադիր է ձևավորել տարածաշրջանում ամենահաջող և մարդկային կարիքներին ուղղված բժշկությունը։

Որպես գործունեության գլխավոր ուղղություն նա նշել է հիվանդների իրավունքների պաշտպանությունը, բուժման որակը, որակյալ բուժօգնության հասանելությունը հասարակ բնակչության համար, ինչպես նաև բռնի տեղահանվածների խնդիրների և այն հարցերի լուծումը, որոնք կապված են աշխատանքի պահպանության և անվտանգության հետ։

Ինչո՞ւ է հեռացել նախարարը

Ինչպես հայտարարել է Դավիթ Սերգեյենկոն նոր նախարարի և վարչապետի հետ համատեղ բրիֆինգին, նա ինքն է դիմել Մամուկա Բախտաձեին՝ առաջարկելով վերանայել գերատեսչության ղեկավարի փոփոխման հարցը, քանի որ եկել է այն եզրակացության, որ դա անհրաժեշտ է բարեփոխումների հաջող իրականացման համար։

Յոթ տարի շարունակ Դավիթ Սերգեյենկոն «Վրացական երազանքի» կառավարությունում եղել է ամենապոպուլյար նախարարը։ Այս տարվա մայիսին, հարցումների համաձայն, նա 40% վարկանիշով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ միասին առաջատարն էր երկրի պոպուլյար քաղաքական գործիչների ցանկում։

Սակայն ընդդիմությունը Սերգեյենկոյին կապում է առողջապահության ոլորտոի խնդիրների և հնարավոր կոռուպցիայի հետ։ «Ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավայի խոսքով՝ կասկածներ կան, որ Սերգեյենկոն մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում։ Իսկ նոր նախարարի նշանակումը միայն ընդգծում է Բիձինա Իվանիշվիլիի կառավարման ոճը։

«Իվանիշվիլին սեփական բժշկին սեփական ատամնաբույժով է փոխարինել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ մարդը Վրաստանին ոչ թե որպես պետության է վերաբերվում, այլ որպես սեփական նախագծի, որտեղ թույլատրված է սեփական շրջապատ ստեղծել և ցրել՝ առանց երկրի շահերը հաշվի առնելու», – ասում է Թինա Բոկուչավան։

Մեկ այլ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սերգո Ռատիանին կարծում է, որ Սերգեյենկոյի հրաժարականը կապված է առողջապահության ոլորտում ձախողված բարեփոխումների հետ։

«Ըստ ամենայնի, Սերգեյենկոյին ցանկանում են մաքուր դուրս բերել առողջապահությունում ձախողված բարեփոխման տակից, հավանաբար կուլուրաներում պայքար է ընթանում։

Փաստն այն է, որ «Վրացական երազանքն» ու Բիձինա Իվանիշվիլին չեն կարող խուսափել պատասխանատվությունից այն բանի համար, ինչ տեղի է ունենում առողջապահության ոլորտում», – հայտարարել է Սերգո Ռատիանին։

Առղջապահության նախարարությունը, որում ներառված են  նաև աշխատանքի, սոցիալական ապահովման ոլորտների և բռնի տեղահանված անձանց հարցերը, երկրի «ամենահարուստ» գերատեսչությունն է ՝ ավելի քան 3.8 մլրդ լարի բյուջեով (դա ավելին է, քան Վրաստանի ողջ բյուջեն մինչև 2007 թ-ը)։

Իվանիշվիլիի անձնական շրջապատը՝ որպես պետական կադրերի դարբնոց

Սաչխերիի հիվանդանոցի տնօրեն Եկատերինա Տիկարաձեն հերթական կադրն է, որը պետական ծառայության է անցել անձամբ Բիձինա Իվանիշվիլիի հետ կապված կառույցներից։

Պետանվտանգության ծառայության ներկայիս ղեկավար Վախթանգ Գոմելաուրին մինչև 2012թ-ն աշխատում էր որպես Բիձինա Իվանիշվիլիի անձնական անվտանգության պետ։

Վրաստանի գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեն աշխատել է որպես միլիարդատիրոջ անձնական փաստաբան։

«Վրացական երազանքի» քաղաքական քարտուղար, նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պետական ծառայության անցնելուց առաջ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի դիտորդ խորհրդի անդամն էր։


Կարդալ ավելին JAMnews-ում