Իշխող կուսակցությունը միջադեպը բնորոշում է որպես «ահաբեկչական գործողություն»։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «ծանր» հոդվածով" />

Վրաստանի խորհրդարանում գարշահոտ է։ Կատարվածի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել քաղակտիվիստները

Իշխող կուսակցությունը միջադեպը բնորոշում է որպես «ահաբեկչական գործողություն»։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «ծանր» հոդվածով

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը հինգշաբթի օրն ընդհատվել է «տեխնիկական ընդմիջմամբ»։ Պատճառը կոյուղու հոտն էր, որը տարածվել էր ողջ շենքում։

Սկզբից Թբիլիսիում հրդեհի մասին էին լուրեր շրջանառվում։ Դրանք ակտիվացել էին խորհրդարանի շենքի մոտ շտապօգնության մեքենաների հայտնվելուն զուգահեռ։ Սակայն շուտով խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն ու պատգամավորները հերքել էին այդ լուրերը՝ հայտարարելով որ արտակարգ իրավիճակը կապված է սարսափելի գարշահոտի հետ։

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում․ ո՞րն է ելքը։ Փորձագետների կարծիքը

Վրաստանի ընդդիմությունը վերսկսել է խորհրդարանի «պաշարումը»։ 12 մարդ է ձերբակալվել

«Սա խորհրդանշական է։ Խորհրդարանը ցուցադրում է իր իսկական դեմքը», – լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր «Ազգային շարժման» պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։

Եվս որոշ ժամանակ անց «խորհրդարանում «բողոքի հեղուկ» լցնելու» համար պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել մի խումբ ակտիվիստներ։

«Համակարգը գարշահոտություն է տարածում», – գրել էին նրանք Ֆեյսբուքում՝ կցելով այս լուսանկարը․

«Դա «բողոքի հեղուկ է»․․․ այն անվտանգ է, ալերգիա և այլ կողմնակի ազդեցություններ չի առաջացնում։ Դրա հատկությունները ստուգված են արտակարգ իրավիճակներում», – ասված է գրառման մեջ։

Տուփի վրա ռուսերենով գրված է, որ դա հակասեպտիկ-խթանիչ է, որը ցուցված է ներքին և արտաքին ընդունման համար։ Ըստ ռուսական աղբյուրների՝ նյութը պատրաստված է կենդանական ծագման դիակային հյուսվածքներից, կիրառվում է անասնաբուժությունում և մարդու համար անվտանգ է։ Ավելին՝ անհրաժեշտության դեպքում կիրառվում է նաև մարդկանց բուժման համար։

Մասնավորապես, խորհրդային տարիներին նյութն օգտագործվում էր իմունիտետն ամրապնդելու, կյանքի տևողությունը երկարաձգելու և որպես ճառագայթման դեմ միջոց։ Սակայն նյութը ծայրահեղ սուր և տհաճ հոտ ունի։

Ըստ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ գարշահոտն առաջացել է նիստերի դահլիճում երկու ընդդիմադիր պատգամավորների հայտնվելուց հետո․

«Նրանք են թափել այդ հեղուկը․․․ Նրանք կստանան իրենցն օրենքի ողջ խստությամբ այս արարքի համար», — ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։

Գարշահոտն ազդել էր պատգամավոր Հենզելա Մաչավարիանիի առողջական վիճակի վրա։ Բուժօգնություն էր անհրաժեշտ եղել նաև խորհրդարանի աշխատակիցներից մեկին, որն իրեն վատ էր զգացել։

Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել խորհրդարանում անհայտ հեղուկ լցնելու փաստի առթիվ։ Այս մասին գերատեսչության ներկայացուցիչը հաղորդել է «Ինտերպրեսնյուսին»։

Խորհրդարանում կրիմինալիստներ են աշխատում՝ փորձելով պարզել կիրառված նյութի տեսակը։

«Խորհրդարանի միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել 117-րդ հոդվածով, որը նախատեսում է մարդկանց առողջության համար սպառնալիքի ստեղծում», — հայտարարել է ՆԳՆ-ն։

Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները կատարվածն «ահաբեկչական ակտ» են անվանում։

«Սա խորհրդարանի քիմիական գրոհ է։ Մի քանի մարդ է տուժել», – հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն։

«Ընդդիմությւնն իր նպատակներին հասնելու համար չի խորշում ոչ մի միջոցից», – վստահ է իշխող կուսակցության անդամ Դմիտրի Խունդաձեն։

 


Կարդալ ավելին JAMnews-ում