Բիձինա Իվանիշվիլին անձամբ է հասարակությանը հայտնել ընդունված որոշման մասին" />

Վրաստանի իշխանությունները բավարարել են ցուցարարների պահանջներից մեկը․ 2020թ-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով

Բիձինա Իվանիշվիլին անձամբ է հասարակությանը հայտնել ընդունված որոշման մասին

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համաձայնել է  2020թ-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով։ Այս մասին կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի և խորհրդարանական մեծամասնության նիստից հետո, որը կայացել է «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում։

««Վրացական երազանք-Ժողովրադավարական Վրաստան» քաղաքական միավորումը լայնամասշտաբ քաղաքական բարեփոխման նախաձեռնությամբ է հանդես գալիս 2020թ-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով՝ զրոյական ընտրական շեմով», – հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին։

Նրա խոսքով՝ դա պլանավորվում էր անել 2024թ-ի ընտրություններին, սակայն, ելնելով հանրային պատվերից, որոշումը փոխվել է։ Իվանիշվիլիի հայտարարության համաձայն՝ մոտակա օրերս խորհրդարանում այս բարեփոխման հարցերով քաղաքական խորհրդատվություններ կսկսվեն։

Ակցիայի մասնակիցների պահանջների վերաբերյալ, որոնք պահանջում են պատժել հունիսի 21-ին ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման մեղավորներին, Իվանիշվիլին հայտարարել է, որ «հանրային պատվերը պետք է հաշվի առնել, և վստահ եմ, որ արդար արդյունքների կհասնենք։ Զանգվածային բռնության կազմակերպիչներն, ովքեր դուրս են եկել ուժի կիրառման սահմաններից, կպատժվեն»։

Ընդդիմության առաջին արձագանքը

««Եվրոպական Վրաստան» կուսակցությունը կարծում է, որ 2020թ-ի ընտրություններին համամասնական համակարգի անցումը հասարակության հաղթանակն է։ Կուսակցության առաջնորդներից մեկի՝ Էլենե Խոշտարիայի խոսքով՝ «Վրացական երազանքի» որոշումը նշանակում է, որ «արժանապատվության նվաստացման ոչ մի փաստ անհետ չի կորում, և ցանկացած ապագա իշխանություն պատասխանատվություն է կրելու նման անարժան և ապօրինի գործողությունների համար»։

Միաժամանակ, նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» կատարել է բողոքի ցույցի մասնակիցների միայն մեկ պահանջ և պետք է կատարի գլխավորը՝ պաշտոնանկ անի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային։

Նույն պահանջով է շարունակում հանդես գալ «Ազգային շարժումը»։

«Դա մեր գլխավոր պահանջն է, քանի որ Գախարիան նրան պետք է երկրի ներսում վերահսկողություն իրականացնելու համար։ Երկրորդ՝ Գախարիան այն օղակն է, որը կապում է Ռուսաստանի հետ։ Եթե Գախարիան և Պետանվտանգության ծառայության պետը չազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, ամեն ինչ անփոփոխ կմնա», – հայտարարել է պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։

Սամադաշվիլիի խոսքով՝ զրոյական ընտրական շեմով համամասնական ընտրությունների մասին որոշումն անհրաժեշտ է լավ վերլուծել։ «Պետք է մտածել այն մասին, թե ինչի դա կարող է բերել։ Երկրում շատ են մանր քաղաքական խաղացողները, որոնք օլիգարխները ենթարկում են իրենց շահերին։ Նման օրինակները շատ են», – հայտարարել է Սամադաշվիլին։

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում