Դատարանը մասնակիորեն արդարացրել է երկու դեռահասների սպանության մեղադրյալներին, ինչը վրդովմունքի փոթորիկ է առաջացրել" />

Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել աղմկահարույց գործով դատարանի որոշման պատճառով

Դատարանը մասնակիորեն արդարացրել է երկու դեռահասների սպանության մեղադրյալներին, ինչը վրդովմունքի փոթորիկ է առաջացրել

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին երկու դպրոցականների սպանության աղմկահարույց գործի վերաբերյալ դատարանի այսօրվա որոշմանը հետևած ցույցերից հետո: Շոթաձեի հայտարարությունը հրապարակվել է գլխավոր դատախազության կայքում:

Իր հայտարարությունում Շոթաձեն ևս մեկ անգամ ցավակցել է սպանված դեռահասների ծնողներին և նշել, որ «արել է ամեն ինչ, որպեսզի հանցագործները պատասխանտվության ենթարկվեն»:

Շոթաձեի հրաժարականի պահանջով բողոքի տարերային ակցիան սկսվեց գլխավոր դատախազության շենքի մոտ Թբիլիսիի կենտրոնում 16-ամյա դեռահասներ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի սպանությունների մասին գործի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո: Դատարանը մասամբ արդարացրեց այդ գործով մեղադրյալներին՝ երկու դեռահասներին:

Մեղադրյալներից մեկը մեղավոր ճանաչվեց Դադունաշվիլիի սպանության մասով, սակայն արդարացվեց Սարալիձեի սպանության մասով: Ինչ վերաբերում է սպանության երկրորդ մեղադրյալին, ապա դիտավորյալ սպանություն մեղադրանքը վերավորակավորվել է որպես դիտավորյալ սպանության փորձ:

Այսպիսով, դատավորը համարել է, որ մեղադրյալներից ոչ ոք մեղավոր չէ Սարալիձեի սպանության համար, իսկ իրական մարդասպանը մինչև հիմա չի գտնվել:

•  Բռնությունը Վրաստանի դպրոցներում: Ո՞րն է ելքը:

Դատարանի որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել: Սպանվածներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, կոչ է արել Վրաստանի բնակիչներին աջակցել իրեն և փողոց դուրս գալ՝ պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը:

Ավելի վաղ Սարալիձեն բազմիցս հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է ոչ բոլոր մեղավորներին: Սարալիձեն մի քանի ամիս շարունակ մեղադրում էր դատախազությանն այն բանի համար, որ այն խոչընդոտում է անաչառ հետաքննության անցկացմանն ու պաշտպանում գերատեսչության նախկին աշխատակցի որդուն, որը մասնակից է իր որդու սպանությանը:

«Իմ խոսքերը հաստատեց դատարանը, որն արդարացրեց իմ որդու գործով ձերբակալվածներին: Այս որոշմամբ դատարանը դատախազությանը ցույց տվեց, որ իրական մարդասպաններն ազատության մեջ են», – լրագրողներին հայտարարել է Սարալիձեն դատից հետո:

Բողոքի ցույցին են միացել ընդդիմադիր քաղաքական գործիչներ և հանրության ներկայացուցիչներ: Նրանք դատախազությանը մեղադրել են հետաքննության վարման ոչ կոմպետենտության և իրական հանցագործների անունները կոծկելու համար:

Իրակլի Շոթաձեն գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում 2015թ-ից:


Կարդալ ավելին JAMnews-ում