Ստեփանծմինդայի մերձակայքում մասնավոր ուղղաթիռի անկման պատճառները դեռ պարզ չեն" />

Վրաստանի բարձրադիր շրջանում ավիավթարի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ստեփանծմինդայի մերձակայքում մասնավոր ուղղաթիռի անկման պատճառները դեռ պարզ չեն

Վրաստանի Կազբեգիի շրջանում մասնավոր ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ուղղաթիռը պատկանում էր «Ավիատոր» ընկերությանը, որը սպասարկում է «Ռումս հոթել Կազբեգի» հյուրանոցը։ Զոհվել է օդաչուն և հյուրանոցի երկու աշխատակից։

Ավիավթարը տեղի է ունեցել ցերեկը Դաբա Ստեփանծմինդա բնակավայրի ամայի տարածքում։

Ի՞նչ է տեղի ունեցել Ստեփանծմինդայի մերձակայքում

«Ինտերպրեսնյուս» գործակալությունը հրապարակել է ականատեսների պատմությունները։ Նրանց խոսքով՝ «ուղղաթիռը հրդեհվել է օդում, կայծեր են թռել և ծուխ է արձակվել, այնուհետև այն վայր է ընկել»։

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները, շտապօգնությունը, ոստիկանությունն ու փորձագետ-քրեագետները։

ՆԳՆ-ն գործ է հարուցել անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների  խախտման փաստի առթիվ։

«Աչարա գրուպ» ընկերությունը, որին է պատկանում Կազբեգիում գտնվող «Ռումս հոթելը», հաստատել է օդաչուի և ընկերության երկու աշխատակիցների մահվան փաստը։ «Աչարա գրուպն» իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև պատրաստակամություն ՝ անպայման համագործակցել քննության հետ։

Էկոնոմիկայի նախարարություն․ ուղղաթիռը նոր էր և սարքին

Կազբեգիում վթարված ուղղաթիռը ամերիկա-կանադական արտադրության BELL-505 տիպին էր պատկանում։ Այն արտադրվել է 2018թ-ին, և Քաղավիացիայի գործակալության կողմից գրանցվել 2018թ-ի հունիսի 15-ին։ Այս մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի և զարգացման նախարարության հայտարարությունում։ Գերատեսչության տեղեկության համաձայն՝ ողբերգական միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար դեպքի վայր է մեկնել ավիացիայի և ծովային տրանսպորտի ոլորտում միջադեպերի և պատահարների հետաքննության բյուրոյի ղեկավարը։

«Տվյալ պահին մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ ուղղաթիռը հաջողությամբ տեխնիկական զննում է անցել, իսկ այն ղեկավարող օդաչուն փորձառու է եղել։ Ուղղաթիռը պատկանում էր «Ավիատոր+» (Աչարա խումբ) ընկերությանն»,ասված է գերատեսչության հայտարարությունում։

Բախում էլեկտրահաղորդակցման լարերի՞ն

Վթարն էլեկտրահաղորդակցման լարերի հետ բախման հետևանք չէ։ Այս մասին հայտարարել է «Էներգոպրո Ջորջիա» ընկերությունը։ Այն կտրականապես հերքում է այս վարկածն՝ ընդգծելով, որ Կազբեգիում էլեկտրահաղորդակցման լարերը վնասված չեն և անխափան աշխատում են։

 


Կարդալ ավելին JAMnews-ում