JAMnews-ի ֆոտոռեպորտաժը նախկին ռազմաբազայի և մարդկանց մասին, ում կյանքը կապված էր դրա հետ՝ ռազմաբազան այս տարածքից դուրս բերելուց 11 տարի անց " />

Վրաստանի Ախալքալաք քաղաքը. կյանքը՝ ռուսական բազայից հետո

JAMnews-ի ֆոտոռեպորտաժը նախկին ռազմաբազայի և մարդկանց մասին, ում կյանքը կապված էր դրա հետ՝ ռազմաբազան այս տարածքից դուրս բերելուց 11 տարի անց

Ռուսաստանի Զինված ուժերի (նախկինում՝ ԽՍՀՄ) 62-րդ ռազմաբազան վրացական Ախալքալաք քաղաքից դուրս է բերվել 2007թ-ի նոյեմբերին: Ախալքալաքի բնակչությունն էթնիկ հայերն են կազմում: Մոտ 2 հազար տեղացի էր ծառայում կամ աշխատում ռուսական բազայում: Դեռևս 2005թ-ին, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց բազան դուրս բերելու մասին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունները կօգնեն տեղի բնակչությանն աշխատանքի տեղավորվել: Մասնավորապես, իշխանությունները դիտարկում էին նույն վայրում վրացական ռազմաբազա բացելու պլանները:

Սակայն Սաակաշվիլիի նախագահության ժամանակ բազան այդպես էլ չբացվեց: 2014թ-ին այդ պլանի իրագործմանը ձեռնամուխ եղան արդեն նոր իշխանությունները:

Նախկին բազայի մուտքի մոտ տեղադրված պաստառը տեղեկացնում է, որ այստեղ կբացվի Վրաստանի Զինված ուժերի ուսումնական կենտրոն: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան նույնիսկ կապսուլա տեղադրեց Նախնական զինվորական պատրաստության կենտրոնի հիմքում: Նա խոստացավ, որ այդ կենտրոնն աշխատատեղեր կստեղծի քաղաքի բնակչության համար, իսկ սպառողական շուկան՝ տեղի գյուղացիների համար:

Ըստ իշխանությունների պլանի՝ 2019թ-ից վրացի նորակոչիկները պետք է պատրաստություն անցնեն Ախալքալաքում: Սակայն այսօրվա դրությամբ այստեղ ավարտին է հասցվել շինաշխատանքների միայն մի փոքր մասը: Այստեղ ընդամենը 22 վրացի զինծառայող կա, որոնք պահպանում են օբյեկտը: Երկու զինծառայող մեզ ուղեկցում էր ռուսական նախկին ռազմաբազայի լքված տարածքում: Սակայն կառուցվող օբյեկտները լուսանկարել նրանք կտրականապես արգելեցին:

Զինվորական ավանում բնակարանները սեփականաշնորհված են, սակայն դրանց միայն մեկ երրորդն է զբաղված, մնացածների տերերը մեկնել են: Քաղաքի և բազայի տարածքում ամայություն է. շատ շենքեր փլուզվել են, մյուսները փլուզվում են:

Նախկին զինվորական քաղաքի բնակարանների մեծ մասը դատարկ է: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Սեյրան Համազարյանը 37 տարեկան է: Մասնագիտությամբ իրավաբան է, բուհն ավարտել է Մոսկվայում: Նա մեծացել է և մինչ օրս ապրում է զինվորական քաղաքում: Աշխատում է Ախալքալաքի քաղաքապետարանում: Նրա եղբայրն ընտանիքով Ռուսաստան է մեկնել և անընդհատ Սեյրանին իր մոտ է կանչում: Սակայն նա՝ որպես «վերջին մոհիկան», այստեղ ընտանիք է կազմել և չի ցանկանում լքել ամայացող ավանը:

Սեյրան Համազարյանը: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Ավանում ես մանկապարտեզ էի գնում, դպրոց: Դա հիանալի էր, լրիվ ուրիշ աշխարհ էր: Ավանում մեծացած երեխաներն ավելի զարգացած էին, տարբերվում էին մնացածից (քաղաքում): Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն եմ ստացել Ռուսաստանում առանց որևէ խնդրի, քանի որ հիմք արդեն կար, պահանջվում էր միայն լավ սովորել:

Այժմ մենք արդեն սովոր ենք այդ ամենի բացակայությանը, համակերպվել ենք: Հայրս բժշկական պահեստի պետն էր: Եթե ես իմ երեխաների համար անեմ հորս արածի կեսը, հրաշք կլինի: Համադասարանցիներիս հետ համացանցով կապ եմ պահում, կարոտում եմ նրանց: Նրանք հիմնականում հետաքրքրվում են, թե ինչպես է մեր դպրոցը: Ո՞ւր է հիմա այդ դպրոցը: Այն այլևս չկա, հետքն էլ չի մնացել…

Սկզբից ինձ համար դժվար էր, այնպիսի զգացողություն ունեի, կարծես մի բան կտրել-տարել էին: Հիմա հարմարվել եմ: Շատերը ռուսական քաղաքացիություն, սերտիֆիկատներ ստացան (բնակարանի) և ստիպված հեռացան: Ռուսաստանի մի քաղաքում բնակարան գնեցին, հարմարվեցին և այնտեղ էլ մնացին: Շատերը չվերադարձան: Լավ կյանքից ոչ ոք չի հեռանում:

Հիմա ուսումնական կենտրոն են կառուցում, կարծում եմ՝ վատ չէ, գոնե քաղծառայողներն աշխատանք կունենան: Որոշակի աշխուժություն կլինի, խանութները կսկսեն աշխատել, եթե 200-300 մարդ բերեն, ավանը կսկսի «շնչել»:

Զինվորական ավանի այս տան երկրորդ հարկում է անցել Սեյրան Համազարյանի մանկությունը: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

 

78-ամյա Գոհարը խնդրում է իր ազգանունը չնշել և լուսանկարել միայն պատից կախված իր լուսանկարը. «Տեսեք, թե ինչ գեղեցիկ էի երիտասարդ տարիքում… Թող մարդիկ պատի լուսանկարից ինձ ճանաչեն»:

Գոհարի և նրա թոռան լուսանկարները՝ բնակարանի պատին: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Բազայի ժամանակ աշխատում էինք, ամեն ինչ լավ էր: Ես լվացքատան պահեստի պետն էի, թոշակի եմ անցել: Երկու տարի անց ստամոքսի խնդիրներ ունեցա, վիրահատեցին բազային կից հիվանդանոցում: Եվ բժիշկներն էին լավը, և հիվանդանոցը, ամեն ինչ կար: Հիմա ստիպված ենք քաղաք գնալ, 3 լարի (1,2 դոլար) տալ տաքսուն: Ինձ դուրս չի գալիս այսպիսի կյանքը, բայց ի՞նչ կարող եմ անել: Ռուսական բազայի տարիներին առավոտյան 8-ից կյանքը փողոցներում եռում էր, մարդիկ աշխատանքի էին շտապում: Շատ մաքուր էր: Զինվորականները մաքրություն էին պահպանում, ամեն առավոտ զինվորներն ավլում, հավաքում էին, իսկ հիմա՞: Աղբի միջով ենք քայլում:

Ես 30 տարի աշխատել եմ և 30 տարի ուղեգրով հանգստանալու եմ գնացել: Ռուսներն արձակուրդին հայրենիք էին վերադառնում, իսկ մեզ մոտ աշխատող կանայք խուսափում էին առողջարաններում հանգստանալ, ուղեգրերն ինձ էին տալիս, գնում էի: Հանգստացել եմ տարբեր քաղաքներում, որովհետև կյանքս լավն էր: Իսկ հիմա ինձ ոչ ոք չի հիշում: 60 լարի (մոտ 25 դոլար) նպաստ են տալիս, օրը մի հինգ անգամ գալիս-ստուգում են: Այսօր կտրում են, վաղը տալիս: Սարսափելի է:

 

Բնակելի տուն զինվորական ավանի տարածքում: Լուսանարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Տիրուն Կուրղինյանի 6-հոգանոց ընտանիքը սերտիֆիկատով բնակարան է ստացել Ռուսաստանում, սակայն շարունակում է ավանում ապրել: Նրանք մեկնել են, սակայն չեն կարողացել հարմարվել և կրկին վերադարձել են:

Տիրուն Կուրղինյանը թոռան հետ: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Ամուսիսն զինծառայող էր՝ պրապորշչիկ: Իսկ ես հոսպիտալում կրտսեր բուժքույր էի: Նորմալ աշխատավարձ էի ստանում, երեխաները փոքր էին: Տղաս հիմա արդեն մեծ է, մենք հիմա էլ ենք աշխատում, սակայն ծայրը ծայրին չենք հասցնում: Չի հերիքում, քանի որ բոլորս բանկի հետ խնդիրներ ունենք: Ես կոսմետիկա եմ վաճառում: Ամուսինս ռուսական կենսաթոշակ է ստանում:

Երբ բազան դուրս էին բերում, ասում էին, խոստանում, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն արդեն 11 տարի է անցել, ամեն ինչ ավելի վատ է դարձել: Աշխատատեղեր չկան, ես ի վիճակի եմ և շատ եմ ուզում աշխատել (որպես բուժքույր), սակայն հիվանդանոցն այլևս չկա: Տղաս Ռուսաստան աշխատանքի է մեկնում, դրանով էլ ապրում ենք:

Երեխաները զինվորական ավանի նոր մարզահրապարակում: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Նախկին Սպաների տան լքված շենքն Ախալքալաքի զինվորական ավանում:

Ռուսական պետական խորհրդանիշները դեռևս պահպանվել են Սպաների տան լքված շենքում: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Լքված Սպաների տան հանդիսադահլիճը:

Սպաների տան  հին թևը հեղափոխությունից առաջ եկեղեցի էր: Բազայի հեռանալուց հետո հավատացյալները վերադարձել են այստեղ: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews

Հետիոտնային կամուրջ, որը ռուսական նախկին բազայի տարածքը կապում է Ախալքալաք քաղաքի հետ: Լուսանկարն՝ Աղունիկ Այվազյանի, JAMnews, JAMnews


Կարդալ ավելին JAMnews-ում