Մոսկվան շարունակում է բռնակցել Աբխազիան և Հարավային Օսիան, համարում են Թբիլիսիում" />

Վրաստանի ԱԳՆ-ն քննադատում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ռազմական համագործակցության մասին փաստաթուղթը

Մոսկվան շարունակում է բռնակցել Աբխազիան և Հարավային Օսիան, համարում են Թբիլիսիում

Վրաստանի արտգործնախարարությունը քննադատում է ՌԴ Պետդումայի կողմից Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ռազմական համաձայնագրի վավերացումը, որն ապահովում է Հարավային Օսիայի զինված ստորաբաժանումների ներգրավումը Ռուսաստանի Զինված ուժերի կազմ, հաղորդում է civil.ge-ն:

«Այդ փաստաթղթի վավերացումը ՌԴ հերթական ապօրինի գործողությունն է՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալի շրջանի փաստացի բռնկացմանն, ինչն, իր հերթին, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների լիակատար անտեսում է», — ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում, որը հրապարակվել է հունվարի 24-ին:

Արտգործնախարարությունն ընդգծում է, որ Մոսկվան շարունակում է խախտել 2008թ-ի հրադադարի համաձայնագիրն ու հրաժարվում իր վրա վերցնել և կատարել ուժի չկիրառման վերաբերյալ պարտավորությունն, ինչպես նաև նպատակաուղղված խաչընդոտում է տեղում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծմանը:

«Այդպիսի սադրիչ քայլերով ՌԴ-ն փորձում է խանգարել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու Ժնևի միջազգային բանակցություններում առաջընթաց արձանագրելուն: Ավելին, Ռուսաստանի գործողությունները վնաս են հասցնում եվրոպական անվտանգության ճարտարապետությանը և ուղղված են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը», — ասված է հայտարարությունում:

Վրաստանի արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը «հարկ եղած կերպով գնահատել Ռուսաստանի հեռուն գնացող  ագրեսիվ քաղաքականությունն ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել Վրաստանի օկուպացված շրջաններում ապօրինի գործընթացները կանխարգելելու համար»:

Ռազմական համաձայնագիրը, որը Պետդումայի վավերացմանն էր ներկայացրել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը, ստորագրվել է Մոսկվայում 2017թ-ի մարտի 31-ին: Ցխինվալի խորհրդարանը վավերացրել է այն 2017թ-ի հուլիսի 12-ին: Համաձայնագրի նպատակը Ռուսաստանի Զինված ուժերում, մասնավորապես, չճանաչված հանրապետության տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայում Հարավային Օսիայի բնակիչների կողմից զինծառայություն անցնելու հարցերի կարգավորումն է:

Պետդումայում փաստաթուղթն ընդունվել է միաձայն, կողմ է քվեարկել 411 պատգամավոր:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամսպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում