Վրաստանը Ռուսաստանի դեմ երկու հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան

Սա արդեն երրորդ միջպետական հայցն է, որը Ռուսաստանի Դաշնության դեմ Վրաստանը ներկայացրել է Ստրասբուրգի դատարան

Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ռուսական ագրեսիայի և օկուպացիայի դեմ՝ նվիրված օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցին։ REUTERS/ Դավիթ Մձինարիշվիլի

Վրաստանը երկու նոր հայց է ներկայացվել Մարդու իրավունքների ստրասբուրգյան դատարան։ Երկուսն էլ՝ ընդդեմ Ռուսաստանի։

Առաջին հայցը միջպետական է՝ Վրաստանը Ռուսաստանի դեմ։ Երկրորդ հայցն անհատական է Արչիլ Թաթունաշվիլիի ծնողները՝ Գիորգի և Ռուսուդան Թաթունաշվիլիները, հայց են ներկայացրել ռուսական պետության դեմ։

_______________________

Արդարադատության նախարարության՝ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցը

Միջպետական հայցը, որը նախապատրաստվել է արդարադատության նախարարության կողմից և կոչվում է «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի», վերաբերում է «Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով Վրաստանի քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարման, ձերբակալությունների, հարձակումների և սպանությունների վարչական պրակտիկային, որն առանձնակի կերպով ուժեղացել է 2008 թ-ի պատերազմից հետո և կրիտիկական ցուցանիշի է հասել ընթացիկ տարվա փետրվարին Արչիլ Թաթունաշվիլիի խոշտանգման և սպանության ժամանակ», – ասված է արդարադատության նախարարության հայտարարությունում։

Վրաստանի պահանջն այն է, որ Եվրոպական դատարանը հաստատի Ռուսաստանի պատասխանատվությունը Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտման համար, մասնավորապեսօկուպացիայով, փշալարով սահմանազատմամբ և Վրաստանի քաղաքացիների դեմ նպատակաուղղված արշավով Ռուսաստանը խախտում է Եվրոպական կոնվենցիայի այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելքը, ազատության և անվտանգության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանվածության իրավունքն, ինչպես նաև սեփականության իրավունքը, կրթություն ստանալու և ազատ տեղաշարժի իարվունքը։

Արդարադատության նախարարության հայտարարությունում ասվում է, որ այդ խախտումները առավել ընդգծում է այն փաստը, որ դրանք խտրական դրդապատճառ ունեն, և դրանց նպատակն էթնիկ վրացիների իրավունքների ոտնահարումն ու նրանց վախեցնելն է Աբխազիա և Ցխինվալիի շրջան վրացական բնակչության վերադարձին խոչընդոտելու համար։

Արդարադատության նախարարությունում հայտարարում են, որ հայցի հետ մեկտեղ Ստրասբուրգ են ուղարկվել նաև ապացույցներ։

Հայցի գլխավոր հատվածն Արչիլ Թաթունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարուլիի գործերն են։ Ընդգծվում է, որ այդ գործերում պատասխանատվություն կրողների մի մասն արդեն հայտնաբերվել է, սակայն Վրաստանը հնարավորություն չունի մեղավորներին պատասխանատվության երնթարկելու։

Գիգա Օթխոզորիա, Արչիլ Թաթունաշվիլիի

•   Արչիլ Թաթունաշվիլին Վրաստանի քաղաքացի էր, որը մահացել է Ցխինվալիում անհասկանալի հանգամանքներում։

 

•   Գիգա Օթխոզորիան, Վրաստանի քաղաքացի էր, որը սպանվեց Վրաստանի և Աբխազիայի վարչական սահմանին աբխազ սահմանապահի կողմից։ Գիգա Օթխոզորիայի ընտանիքի անհատական հայցն ընդդեմ Ռուսաստանի արդեն մտել է Ստրասբուրգի դատարան։

 

•  Դավիթ Բաշարուլի 2014թ-ի հունիսին 19-ամյա Դավիթ Բաշարուլիին Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Ախալգորիի միլիցիայության աշխատակիցները տարել են բաժնի շենք։ Դրանից հետո երիտասարդին ապարդյուն փնտրել են նրա ընտանիքի անդամներն ու հարազատները։ Հունվարի 5-ին նրան անտառում մահացած են գտել։

 

• Մարտին Վրաստանի խորհրդարանը այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» նմանությամբ «Օթխթզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակ» է ընդունել։ Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների անվտանգության ապահովումն է։ Քանի որ Վրաստանն օկուպացված տարածքներում իր քաղաքացիներին պաշտպանելու լծակներ չունի, գաղափարի հեղինակները համարում են, որ «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակն» այս իրավիճակից յուրօրինակ ելք կլինի։

Հայցում ասվում է, որ Վրաստանին հնարավորություն չի տրվել ուսումնասիրել Արչիլ Թաթունաշվիլիի գործը։ «Մինչ այժմ դեպքի վայրի զննում չի իրականացվել; օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները փաստացի հրաժարվում են փոխանցել Արչիլ Թաթունաշվիլիի ներքին օրգանները, հեռախոսն ու հագուստը, որը նրա վրա է եղել խոշտանգման և մահվան պահին; չի հաջողվում հարցաքննել ականատեսներին, որոնք բնակվում են օկուպացված Ցխինվալիի շրջանում և գործի համար կարևոր տեղեկությունների են տիրապետում։ Ընդ որում, մինչ այժմ չի հաջողվել ձերբակալել մեղավորներին, քանի որ նրանք գտնվում են օկուպացված տարածքներում»։

Արդարադատության նախարարության հայտարարությունում ասվում է, որ հետաքննության լիարժեք անցկացմանը խոչընդոտում է ինչպես Ռուսաստանի Դաշնությունն, այնպես էլ նրա վերահսկողության տակ գտնվող դե ֆակտո մարմինները։

•  Սա Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից Ստրասբուրգի դատարան ներկայացրած երրորդ միջպետական հայցն է։ Առաջին գործը վերաբերվում էր Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների արտաքսմանը։ Այդ գործով որոշումն արդեն հայտնի է, այն ավարտվել է Վրաստանի հաղթանակով։

•   Երկրորդ գործը, որը վերաբերում է 2008թ-ի պատերազմին, սպասում է վճռի հրապարակմանը։

Արչիլ Թաթունաշվիլիի ծնողների հայցը

Ռուսաստանի դեմ երկրորդ հայցը, որն ընդունել է Ստրասբուրգի դատարանն, անհատական է, և այն ստորագրել են Գիորգի և Ռուսուդան Թաթունաշվիլիներն՝ Արչիլ Թաթունաշվիլիի ծնողները, որը մահացել է Ցխինվալիում կասկածելի հանգամանքներում։

Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիին Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են 2018թ-ի փետրվարի 22-ին։ Թաթունաշվիլին երկրորդ օրը Ցխինվալիում մահացել է անհայտ հանգամանքներում։ Օսական կողմը վարկած է տարածել, թե 35-ամյա Արչիլ Թաթունաշվիլին «փետրվարի 23-ի գիշերն ընկել է մեկուսարանի աստիճաններից և մահացել Ցխինվալի  հիվանդանոցում սրտային անբարարությունից»։

 

Այս վարկածին չի հավատում ո՛չ պաշտոնական Թբիլիսին, ո՛չ Արչիլ Թաթունաշվիլիի ընտանիքը։ Այդ կասկածներն ամրապնդում են հստակ հանգամանքներ գրեթե մեկ ամիս շարունակ Ցխինվալին հրաժարվում էր վրացական կողմին փոխանցել Թաթունաշվիլիի մարմինը։ Մարմնի փոխանցումից հետո Վրաստանում անցկացված փորձաքննությունը պարզել է, որ դրանից հեռացվել են ներքին օրգանները։ Փորձաքննությունը մարմնի վրա նաև կտտանքների հետքեր է հայտնաբերել։

Ստրասբուրգի դատարան ներկայացված հայցն Արչիլ Թաթունաշվիլիի ծնողների անունից նախապատրաստել է «Էմպաթիա» կենտրոնը։ «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում կենտրոնի ներկայացուցիչները բացատրել են, որ, միջազգային չափանիշների համաձայն, խոշտանգումների ենթարկված զոհվածի ծնողները դիտարկվում են ոչ միայն որպես հանգուցյալի իրավական ներկայացուցիչներ, այլ նաև որպես կտտանքներից տուժածներ։ Հայցի համաձայն՝ որպես փոխհատուցում պահանջվել է 300 հազար եվրո, սակայն ընտանիքի համար դա ոչինչ չի նշանակում։

«Էմպաթիա» կենտրոնի նախապատրաստած հայցը Ռուսաստանին մեղադրում է Եվրոպական կոնվենցիայի հինգ հոդվածների խախտման համար՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, ազատության և անձեռնմխելիության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք։

Գործում գլխավոր վկայությունը հանձնաժողովային դատաքննության եզրակացությունն է, որը նախապատրաստել է «Էմպաթիա» կենտրոնի փորձագիտական խումը։

Եզրակացությունը նախապատրաստվել է միջազգային չափանիշների, այդ թվում՝ «Ստամբուլյան արձանագրության» և «Մինեսոտայի արձանագրության» համաձայն։ Եզրակացության նախապատրաստման գործին ներգրավվել է միջազգային մակարդակի երկու փորձագետ։

«Էմպաթիայի» եզրակացությունն ուղղակիորեն հաստատում է, որ Արչիլ Թաթունաշվիլիին Ցխինվալում դաժանաբար խոշտանգել են, և հենց դա է մահ առաջացրել։ Հետևաբար, կենտրոնի ներկայացուցիչները չեն կասկածում Ստրասբուրգ ուղղված հայցի հաջողության վրա։

Որքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի Ստրասբուրգի դատարանին

Այս գործի քննումը սկսելու համար Ստրասբուրգի դատարանը պետք է սկզբից Վրաստանից ուղարկված հայցերը վարույթ ընդունի։ Անգամ եթե դա կարճ ժամանակում տեղի ունենա, այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ ժամկետներ են պահանջվում գործի ուսումնասիրման համար։

Սակայն, հիմնվելով նման հայցերի քննման փորձի վրա, կարելի է ասել, որ դա տարիների գործընթաց է։ Օրինակ, օգոստոսյան պատերազմի հետ կապված միջպետական հայցը Վրաստանը Ստրասբուրգի դատարան էր ուղղել 2008թ-ի օգոստոսի 11-ին, և միայն 10 տարի անց՝ 2018թ-ի մայիսի 23-ին, Մեծ պալատը անցել է որոշում կայացնելու փուլին։ Որոշումը մինչ այսօր հայտնի չէ։

8-9 տարի քննության են սպասում նաև օգոստոսյան պատերազմի հետ կապված բազմաթիվ անհատական հայցեր, այդ թվում՝ Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անցուխելիձեի երեխաների անունից ներկայացված հայցը։

«Էմպաթիա» կենտրոնում վստահ են, որ Թաթունաշվիլիի գործով անհատական հայցի հաջողության համար շատ կարևոր է միջպետական հայցը, որը Ստրասբուրգ է ուղղել արդարադատության նախարարությունը։


Կարդալ ավելին JAMnews-ում