Վրաստանում պաշտպանության ռազմավարական տեսության նոր փաստաթուղթ է ընդունվել: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչու է դա կարևոր " />

Վրաստանը պաշտոնապես ճանաչել է ռուսական «փափուկ ուժի սպառնալիքը»

Վրաստանում պաշտպանության ռազմավարական տեսության նոր փաստաթուղթ է ընդունվել: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչու է դա կարևոր

Վրաստանի պաշտպանության նախարարության մշակած նոր ռազմավարության համաձայն՝ երկրի գլխավոր սպառնալիք է ճանաչվում Ռուսաստանն ու նրա իրականացրած «սողացող օկուպացիան»: Ռազմավարությունում ճանաչվում է վտանգը, որը երկրի համար ներկայացնում է ռուսական «փափուկ ուժն» ու հիբրիդային պատերազմը:

Փաստաթուղթը հաշվարկված է 2017-2020 թթ-ի համար, և դրանում միայն մակերեսորեն է հիշատակվում ահաբեկչությունը:

Պաշտպանության ռազմավարական տեսության փաստաթուղթը ռազմավարություններից մեկն է, որոնք մշակվում են ազգային մակարդակով: Անվտանգության ազգային հայեցակարգից, սպառնալիքների գնահատման և ազգային ռազմական ռազմավարության փաստաթղթից հետո պաշտպանության ռազմավարական տեսությունը կարևոր տեղ է զբաղեցնում երկրի պաշտպանական քաղաքականության երկարաժամկետ պլանավորման մեջ: Այն, ինչ դրանում գրված է, ոչ միայն պաշտպանության նախարարության կարծիքն է, այլ նաև կառավարության ընդհանուր տեսլականը:

Բավականին ծավալուն (46 էջ, 6 հիմնական գլուխներ) փաստաթուղթը առկա մարտահրավերների տեսություն է պարունակում, ինչպես նաև ռիսկերի գնահատում և խորհուրդներ:

Գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է և սողացող օկուպացիան

Փաստաթղթում գլխավոր տեղ են զբաղեցնում ռազմական սպառնալիքները, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնությունից: Մասնավորապես, Վրաստանի անվտանգության հիմնական սպառնալիք է անվանվել տարածքների օկուպացիան և սողացող օկուպացիան:

«Սողացող օկուպացիայի» վերջին օրինակներից մեկն են դարձել ապրիլի 28-ի իրադարձությունները, երբ Զուգդիդիի Խուրչա գյուղում, որը սահմանակից է Աբխազիայի Գալի շրջանի Նաբակևի գյուղին, ռուս զինվորականներն օկուպացիոն գիծը 300 մետր առաջ են տվել: Արդյունքում, մոտ 2 հա հողատարածքն անցել է օկուպացված տարածքներին: Նման բան հաճախ է տեղի ունենում վարչական սահմանին ինչպես Աբխազիայի, այնպես էլ Հարավային Օսիայի կողմից:

Սակայն, չնայած այն բանին, որ նոր ռազմավարությունում հստակ ասված է Կրեմլից եկող ռազմական սպառնալիքի, ինչպես նաև օկուպացիայի մասին, այդ ծավալուն փաստաթղթում ոչ մի տեղ չեք գտնի հնարավոր սցենարներ, թե հակաօկուպացին կամ հակաբռնակցման ինչ տեսակ քաղաքականություն է անհրաժեշտ:

Ռուսական «փափուկ ուժը»

Փաստաթղթի ամենագլխավոր և կարևոր նորարարություններից մեկը ռուսական «փափուկ ուժի» և պրոպագանդայի ճանաչումն է: Մինչ այդ վրացական պետական ինստիտուտները Ռուսաստանի այդ ամենաարդյունավետ զենքն աննշան էին համարում և հաշվի չէին առնում այն պետական մակարդակի փաստաթղթերում:

Մինչ Արևմուտքը վաղուց արդեն սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել Կրեմլի պրոպագանդիստական մեքենայի դեմ պայքարի համար, Վրաստանը միայն այս տարի է ճանաչել քաղաքական մակարդակում, որ տեղեկատվական պատերազմն ու Ռուսաստանի պրոպագանդան իրական սպառնալիք է: (ԱՄՆ-ում Օբամայի նախագահության ժամանակ հաստատվել է Պորտմանի-Մերֆիի օրինագիծը, որը տեղեկատվության վերլուծության կենտրոնի ստեղծում է ենթադրում ապատեղեկատվություն հայտնաբերելու և պատասխան քայլերի մշակման համար: Բացի այդ, 2015թ-ի մարտին Եվրամիության շրջանակում արևելյան ռազմավարական կոմունիկացիաների հատուկ խումբ է ստեղծվել (EEAS East Stratcom Task Force), որի նպատակը Ռուսաստանի կողմից ապատեղեկատվական արշավի կանխարգելումն է):

Պաշտպանության ռազմավարական տեսությունում նշվում է, որ «Կրեմլը հատուկ շեշտադրում է անում փափուկ ուժի տարրերի ուժեղացման վրա պետական ինստիտուտների թուլացման, ռուսամետ հասարակական և քաղաքական խմբերի ուժեղացման և արևմտյան արտաքին քաղաքական կուրսի վարկաբեկման նպատակով»:

Պետք է նշել, որ սա այս ուղղությամբ երկրորդ փաստաթուղթն է, որը հաստատվել է Վրաստանում այս տարի. ապրիլի 13-ին կառավարությունը հաստատել է «2017-2020թթ-ին ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության համար կոմունիկացիայի կառավարական ռազմավարությունը», որում Ռուսաստանի սանձազերծած տեղեկատվական պատերազմը նույնպես ճանաչվում է որպես սպառնալիք:

Հիբրիդային պատերազմներ

Պաշտպանության նախարարության կողմից հաստատված փաստաթուղթը որպես Ռուսաստանից բխող ևս մեկ սպառնալիք նշում է հիբրիդային պատերազմը:

Հիբրիդային պատերազմը թշնամաբար տրամադրված կողմի գործողություններ են, որոնց ընթացքում նա չի կիրառում դասական ռազմական ինտերվենցիա, այլ հակառակորդի հետ պայքար է մղում տարբեր մեթոդների օգտագործմամբ: Այդ թվում՝ գաղտնի ռազմական գործողությունների, դիվերսիաների, կիբերհարձակումների կիրառմամբ, հակառակորդի տարածքում ապստամբներին աջակցելով:

Հիբրիդային պատերազմի իր զինանոցը Մոսկվան «հաջող» օգտագործել է Ուկրաինայի հետ պատերզմում, որտեղ իր քաղաքական նպատակներին հասնելու համար դիմել է ռազմական գործողությունների, կոնվենցիոն զինամթերքի կիրառման, ահաբեկչության, քրեական գործողությունների և կիբերհարձակումների:

Պաշտպանության ռազմավարության մասին փաստաթուղթը փորձ է հայտնաբերելու, վերլուծելու նման ուժն ու դրան դիմակայելու արդյունավետ համալիր մեխանիզմ մշակելու:

Փասատթղթի թույլ կողմերը

Կարելի է ասել, որ ռազմավարությունը, նախորդ փաստաթղթերի համեմատ, ավելի նպատակային և հավակնոտ է: Սակայն այն նաև ակնհայտ թույլ կողմեր է պարունակում:

46 էջանոց փաստաթուղթը գրեթե անտեսում է այնպիսի սպառնալիքն, ինչպիսին է ահաբեկչությունը:

Մի երկրի համար, որի մոտ 200 քաղաքացի կռվում է Սիրիայում և Իրաքում Իսլամական պետության և Ալ Նուսրայի շարքերում և որտեղ նախկինի պես մեծ է քաղաքացիների ծայրահեղականացման և ահաբեկչական կազմակերպությունների շարքեր հավաքագրելու վտանգն, ահաբեկչության վրա աչք փակելը, մեղմ ասած, տարօրինակ է:

Հատկապես, որ Վրաստանը դեռևս 2001թ-ից իր ավանդն է ներդնում համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում: Այդ ժամանակից ի վեր վրացի զինվորականները մասնակցել են Միջերկրական ծովում «Ակտիվ ձգտում» (Active Endeavour) հակաահաբեկչական գործողությանը, որը սկսվել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո և ավարտվել 2016թ-ի նոյեմբերին:

Ֆինանսական ռեսուրսներ

Ռազմավարությունում շատ են հավակնոտ պլանները, որոնք պետք է իրագործվեն մինչև 2020թ-ը: Դա ուժեղ ռազմական պահեստազորի ստեղծումն է, համատարած պաշտպանության քաղաքականության մշակումը, բանակի ամբողջական վերազինումը և հին զինամթերքի ուտիլիզացիան, զինվորական անձնակազմի որակավորման բարձրացումը: Սակայն այդ ամենն ապահովված չէ գումարով, որն անհրաժեշտ է այդպիսի հեղափոխական փոփոխություններ կատարելու համար, 2020թ-ի համար պլանավորված բյուջեի պայմաններում դա բարդ  կլինի իրագործել: (2017թ-ի ռազմական բյուջեն կազմում է 670 մլն լարի (մոտ 275մլն դոլար), իսկ 2020-ի կանխատեսումը 720մլն լարի է (մոտ 295մլն դոլար)):

Միաժամանակ հարկ է նշել, որ 2020թ-ին պաշտպանական գերատեսչությունը պլանավորում է լրջորեն օպտիմիզացնել հաստիքները: Պլանի համաձայն՝ 2020թ-ին անձնակազմի համար ծախսերի մասնաբաժինը պաշտպանության բյուջում պետք է համապատասխանեցվի ՆԱՏՕ-ի երկրների միջին ցուցանիշներին (56%): Բյուջետային պլանների համաձայն՝ զինված ուժերում նաև զգալիորեն պետք է կրճատվեն հետազոտությունների և զարգացման ծախսերը: Միաժամանակ զինամթերքի գնման փուլային աճ է պլանավորվում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում