Գրեթե յուրաքանչյուր տարի օգոստոսյան պատերազմի տարելիցին Ֆեյսբուքի վրացական տիրույթը վերածվում է բուռն դեբատների հարթակի" />

Վրաստանը նշում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցը

Գրեթե յուրաքանչյուր տարի օգոստոսյան պատերազմի տարելիցին Ֆեյսբուքի վրացական տիրույթը վերածվում է բուռն դեբատների հարթակի

Օգոստոսի 7-8-ը Վրաստանի բոլոր պետական գերատեսչությունների շենքերի պետական դրոշները խոնարհվում են։

Վրաստանում նշում են ռուս-վրացական պատերազմի 11-րդ տարելիցը։ Իշխանությունների և հասարակական ակտիվիտների կազմակեպած միջոցառումներն անցկացվում են ողջ երկրում

2008թ-ի օգոստոս։ Պատերազմ Հարավային Օսիայի շուրջ։ Ինչպե՞ս է ամեն ինչ տեղի ունեցել

Աբխազիա․ բնակարանները՝ որպես «ռազմավար»․ արդյո՞ք դրանք տերերին կվերադարձվեն

Հարավային Օսիայի շուրջ օգոստոսյան պատերազմից 10 տարի անց․ ի՞նչ է լինելու

Արարողությանը, որն անցկացվել է նախագահի՝ Ատոնելի փողոցում գտնվող նստավայրում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատերազմի վետերաններին պարգևատրել է «Արիության համար», հերոսության և քաջության համար մեդալներով, որոնք ցուցաբերվել են հայրենիքի պաշպանության և դրա միասնականության համար մարտերում։

Ըստ Զուրաբիշվիլիի, եթե երկիրը հարգում է պատերազմի վետերաններին, այդ երկիրն ինքն է արժանի հարգանքի։

Պատասխանելով պատերազմի մեկնարկի և նախորդ իշխանությունների պատասխանատվության մասին հարցին՝ Զուրաբիշվիլին հայտարարել է․

«Ես իմ կարծիքն այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ նախագահ դառնալուց առաջ։ Այսօր իմ՝ որպես նախագահի, գործը չէ քաղաքական գնահատականներ տալ, թեկուզև նախորդ իշխանությունների առնչությամբ։ Ես կարող եմ խոսել այն մասին, ինչ չպետք է անեմ։ Սակայն, եթե դա մեզ շատ հետաքրքրի, մենք ոչ Հաագայում, ոչ որևէ այլ տեղ, քանի որ դա մեր ներքին հարցն է, և երևի դրա ժամանակը կգա, այլ ներքին հանձնաժողով կստեղծենք։ Պատմաբանները կհավաքվեն, և հասարակությունն ամեն ինչ կքննարկի», – ասել է Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ՝ նրա նախընտրական արշավի սկզբին, պատասխանելով օգոստոսյան պատերազմի մասին լրագրողի հարցին, Զուրաբիշվիլին ասել էր, որ Ռուսաստանը վաղուց է պատերազմ սկսել Վրաստանի դեմ, սակայն 2008թ-ին հենց «Վրաստանն է սկսել ռազմական գործողությունների այդ հատվածը»։ Նրա այս խոսքերը Վրաստանում կտրուկ քննադատության արժանացան։

Ֆեյսբուքյան իր էջում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն քննադատել է վրացական նախորդ իշխանություններին, քանի որ, ըստ նրա, հենց նա է «իր հակապետական քաղաքականությամբ հնարավոր դարձրել օկուպացիոն պլանի իրագործումը»։

Վարչապետը նշել է նաև, որ Վրաստանի ամբողջական դեօկուպացիան հնարավոր է «մեր ժողովրդի կոնսոլիդացիայի և միջազգային հանրության հետ հետևողական քաղաքականություն վարելու միջոցով»։

Պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ օգոստոսի 7-ին Վրաստանի ԱԳՆ-ն նույնպես հատուկ հայտարարություն է տարածել։

Դրանում նշվում է, որ Ռուսաստանը դեռ չի կատարել 2008թ-ի օգոստոսի 12-ին ԵՄ միջնորդությամբ ստորագրված հրադադարի համաձայնագիրը։ Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանին կատարել իր վրա վերցրած պարտավորությունները։

Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ շարունակվում է «Աբխազիայի և Ցխինվալի շրջաններում մնացած վրացական բնակչության հանդեպ խտրականությունն ու ճնշումներն էթնիկ հատկանիշով, այդ թվում՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու արգելքն ու արժանապատվության նվաստացումը, որն արտահայտվում է ստիպողաբար ազգային նույնականության փոփոխմամբ»։

Տարելիցին է անդրադաձել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ֆեյսբուքյան իր տեսաուղերձում նա 2008-ն անվանել է «Վրաստանի գոյության ողջ ընթացքում պատմության ամենափառավոր էջերից մեկը, քանի որ դա իսկական հերոսության շատ մեծ օրինակ էր»։

«Դա իսկական հերոսություն էր, քանի որ, ով էլ ինչ ասի, 2008-ին պուտինյան Ռուսաստանը չկարողացավ լուծել իր ռազմավարական խնդիրներից ոչ մեկը», – հայտարարել է Սաակաշվիլին։

412 ալ և ճերմակ փուչիկներ

Պետական միջոցառումներից զատ տարբեր ակցիաներով են հանդես եկել նաև հանրության ներկայացուցիչները։

Խորհրդարանի շենքի մոտ հակաօկուպացիոն հանրահավաքի մասնակիցները երկինք են ուղարկել վրացական դրոշի գույներով 412 փուչիկ։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ հենց այդքան մարդ է զոհվել օգոստոսյան պատերազմում։

Ակցիային կարդացվել են բոլոր 412 ազգանունները։

Խորհրդարանի մոտ տեղի ունեցող ակցիային ելույթ է ունեցել Ռուսաստանի քաղաքացի Իգոր Կուրոպտևը, որը համերաշխություն է հայտնել վրացի ժողովրդին։ Իր ելույթում նա ասել է, որ իր հայրենակիցները փաստացի ոչինչ չգիտեն այն մասին, որ «11 տարի առաջ ռուսական զորքերը ներխուժել են բարեկամական երկիր և սկսել դրա օկուպացիան»։

«Ռուսաստանցիները պետք է իմանան, որ այդ գործընթացը, այդ պատերազմը շարունակում է մինչև այսօր, և այսօր Վրաստանը տարածքներ է կորցնում սողացող օկուպացիայի պատճառով», – նշել է Իգոր Կուրոպտևը, որն արդեն յոթ տարի է, ինչ Ռուսաստանից Վրաստան է տեղափոխվել։

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցող ակցիային նա խոսել է ռուսերեն, նրա խոսքը թարգմանվել է վրացերեն։

«Իմ ելույթը տարածվելու է Արևմուտքում բաբզմաթիվ լրատվամիջոցներով, և դա կարևոր է։ Ուզում եմ ասել, որ Պուտինն օկուպանտ է, որն օկուպացրել է Վրաստանն, Ուկրաինան և իմ երկիրը», – ասել է Կուրոպտևը։

Ելույթի ավարտին նա երգել է «Էրիո բիչեբո» վրացական հայրենասիրական երգը։

Ֆեյսբուքյան պատերազմներ

Գրեթե յուրաքաչնյուր տարի՝ օգոստոսյան պատերազմի տարելիցին, Ֆեյսբուքի վրացական տիրույթը բուռն դեբատների հարթակի է վերածվում։

Մասնավորապես, քննարկումն ընթանում է պատերազմի մեկնարկին Սաակաշվիլիի իշխանության դերի շուրջ։

Գլխավոր հարցն այն է, թե ով է սկսել պատերազմն ու ով է ավելի շատ մեղավոր։

Հիմնականում կարելի է մի քանի միտում նշել։

Ներկայիս իշխանությունների շատ կողմնակիցներ մեղադրում են Սաակաշվիլիին պատերազմ հրահրելու համար և կարծում են, որ հենց Վրաստանն է Սաակաշվիլիի գլխավորությամբ սկսել 2008-ի օգոստոսյան պատերազմը։

Նախկին նախագահի կողմնակիցներն ասում են, որ պատերազմը սկսել է Ռուսաստանն, իսկ Վրաստանի իշխանությունները գործնականում ոչինչ չեն կարողացել անել և ճիշտ են գործել։

Երրորդ խումբը կարծում է, որ պատերազմը Ռուսաստանն է սկսել, սակայն մեծ հարցեր կան Սաակաշվիլիի իշխանություններին՝ կապված մարտավարական գործողությունների, ինչպես նաև խաղաղ բնակչության պաշտպանության հետ։

2008թ-ի օգոստոսյան պատերազմում վրացական կողմից զոհվել է 412 զինվորական և քաղաքացիական անձ, օսական կողմից՝ 365 զինվորական և քաղաքացիական անձ։

Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 20 հազար բնակիչ բռնի տեղահանված է դարձել։

Վրաստանը կորցրել է վերահսկողությունը տարածքների հանդեպ, որտեղ 125 գյուղ կա։

Հարավային Օսիան և Աբխազիան Ռուսաստանի կողմից ճանաչվել են որպես անկախ պետություններ։


Կարդալ ավելին JAMnews-ում