Բրյուսելում և Թբիլիսիում բացատրում են, որ 2017թ-ի գահաթնաժողովը «ներքին» է լինելու" />

Վրաստանը ՆԱՏՕ-ի կայանալիք գագաթնաժողովին չի մասնակցի

Բրյուսելում և Թբիլիսիում բացատրում են, որ 2017թ-ի գահաթնաժողովը «ներքին» է լինելու

Վրաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի կայանալիք գագաթնաժողովին, քանի որ այն պակաս մասշտաբային է լինելու և նվիրված է լինելու ՆԱՏՕ ծանոթությանը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն:

Ինչպես նախարարն ասել է IPress գործակալությանը տված հարցազրույցում, Թբիլիսին աշխատում է այն ուղղությամբ, որ Վրաստանի թեման այնուամենայնիվ հայտնվի գագաթնաժողովի օրակարգում:  

 «Դա ՆԱՏՕ ներքին գագաթնաժողովն է լինելու, այդ պատճառով էլ այդ առթիվ մեր ընդդիմության կողմից պոպուլիզմ է կիրառվելու, որ մեզ չեն հրավիրել և այլն: Հավանաբար մենք չենք մասնակցի, սակայն աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր հարցը գլխավորներից մեկը լինի», – հայտարարել է Դոլիձեն:

Այդ հայտարարությունն ընդդիմության սուր արձագանքն է առաջացրել: «Եվրոպական Վրաստան ավելի լավ ապագայի համար» խմբակցության անդամ Գեորգի Թուգուշիի խոսքով, իշխանությունները չօգտագործեցին ԱՄՆ նոր վարչակազմի հետ մերձենալու հնարավորությունը:

«Դա խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մոտեցումը փոխվել է և իշխանությունները կրկին հաստատել են այն, ինչի մասին խոսել են ավելի վաղ, որ ուզում են՝ Վրաստանը միջազգային օրակարգում չլինի», – հայտարարել է Թուգուշին:

Մի քանի օր առաջ Վրաստանի հանրային հեռարձակողին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել է, որ ապագա գագաթնաժողովին կհավաքվեն բացառապես դաշինքի անդամները:

«Այդ գագաթնաժողովն ավանդական չի լինելու: 2017թ-ի գագաթնաժողովին ներկա կլինեն միայն անդամ երկրները, սակայն ոչ գործընկերները: Իսկ 2018թ-ին գործընկեր երկրների համար գագաթնաժողով կանցկացվի», – ասել է Ապաթուրայը:

ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը կանցկացվի այս ամառ Բրյուսելում:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի հայտարարագրված նպատակն է: 2008թ-ի հունվարին անցկացրած պլեբիսցիտի ժամանակ երկրի քաղաքացիների 77%-ը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Սակայն 2008թ-ի մայիսին Բուխարեստում կայացած գագաթնաժողովին Վրաստանին չհաջողվեց հասնել Անդամակցության գործողությունների պլան (МАР) ստանալուն, փոխարենը գագաթնաժողովի հայտարարագրում նշված էր, որ ապագայում Վրաստանն անպայման դաշինքի անդամ կդառնա, եթե համապատասխան չափանիշներին բավարարի: 2008թ-ից Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Գործողությունների ամենամյա պլանի շրջանակում: 2014թ-ին ՆԱՏՕ-ն Վրաստանին «Էական փաթեթ» ներկայացրեց, որը երկրի պաշտպանունակության ուժեղացման գործում համագործակցության նոր փուլ է ենթադրում: Փաթեթի շրջանակում 2015թ-ին Թբիլիսիի մոտ ՆԱՏՕ հետ համատեղ մարզական կենտրոն (JointTraining and Evaluation Center) է բացվել:

Վրաստանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ISAF գործողությանը, ուր երկու գումարտակ է ուղարկել:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում