«Դրանք այն մարդիկ են, որոնք 1991թ-ից մինչ այսօր օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների դեմ տարբեր հանցագործություններ են կատարել»" />

Վրաստանը հրապարակել է «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակը»: Դրանում 33 մարդ է ներառված

«Դրանք այն մարդիկ են, որոնք 1991թ-ից մինչ այսօր օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների դեմ տարբեր հանցագործություններ են կատարել»

33 մարդ է հայտնվել Վրաստանի կառավարության «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակում»: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Խոսքը գնում է այն 33 անձանց մասին, որոնք օկուպացված տարածքներում 1991թ-ից մինչ այսօր տարբեր հանցագործություններ են կատարել Վրաստանի քաղաքացիների հանդեպ:

«Սա ամբողջական ցուցակը չէ, քանի որ իրավապահ մարմինները շարունակում են հետաքննություններ վարել, և ցուցակը կարող է ընդլայնվել», — հայտարարել է Մամուկա Բախտաձեն կառավարության վարչակազմում տեղի ունեցած բրիֆինգին: Ընդ որում, նա չի նշել ցուցակում ներառվածների ազգանունները:

Վրաստանի խորհրդարանը մարտին հայտնի «Մագնիտսկու ցուցակի» նմանությամբ փաստաթուղթ ստեղծելու մասին որոշում էր կայացրել:

Գլխավոր նպատակն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների պաշտպանությունն է: Քանի որ Վրաստանի իշխանություններն օկուպացված տարածքներում իրենց քաղաքացիների պաշտպանության ոչ մի լծակ չունեն, գաղափարի հեղինակները կարծում են, որ նման «սև ցուցակի» ընդունումը կարող էր այդ իրավիճակից ելք լինել:

Ցուցակը խորհրդանշական կերպով անվանվել է Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Թաթունաշվիլիի և Գիգա Օթխոզորիայի անուններով, որոնք սպանվել են Հարավային Օսիայում և Աբխազիայի անցակետում: Ցուցակում ներառված են ոչ միայն Թաթունաշվիլիի և Օթխոզորիայի ենթադրյալ մարդասպանները: Վրաստանի խորհրդարանի ընդունած բանաձևում ասվում է, որ ցուցակում պետք է ներառվեն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, խոշտանգումների կազմակերպման, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար բոլոր կասկածյալներն, այլ նաև նրանց կոծկողները:

Արչիլ Թաթունաշվիլին մահացել է փետրվարի 23-ին Հարավային Օսիայի այսպես կոչված պետանվտանգության կոմիտեի շենքում անհայտ հանգամանքներում: Գիգա Օթխոզորիան գնդակահարվել է աբխազ սահմանապահի կողմից Վրաստանի և Աբխազիայի վարչական սահմանին:

Մամուկա Բախտաձեի խոսքով՝ կառավարությունն արդեն դիտարկել է բոլոր միջոցները, որոնք կգործարկվեն ցուցակում ներառված անձանց դեմ միջազգային մասշտաբով:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում