Վրացի և աբխազ փորձագետների մեկնաբանությունները" />

Վրաստանը հակամարտությունների կարգավորման նոր առաջարկներ ունի: Ինչպե՞ս դրանք ընկալվեցին հակամարտ հասարակություններում

Վրացի և աբխազ փորձագետների մեկնաբանությունները

«Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա». այսպես է կոչվում Վրաստանի կառավարության նոր խաղաղ նախաձեռնությունը, որը հստակ ծրագիր է առաջարկել վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների փոխակերպման համար:

«Մեր նպատակը բաժանարար գծերից այն կողմ փոխհարաբերությունների խրախուսումն է, որոնք հիմնված են ընդհանուր շահերի վրա», – ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ներկայացնելով ծրագիրը Թբիլիսիում:

Վրացական կառավարության փաստաթուղթը երեք գլխավոր կետ է ներառում.

• Տարանջատման գծերով առևտրի ընդլայնում և պարզեցում և օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծում:

• Այդ երկու շրջանների համար Վրաստանի ներսում և դրա սահմաններից դուրս կրթություն ստանալու լրացուցիչ հնարավորթյուններ:

• Այդ երկու շրջանների բնակիչների համար առավելություններից օգտվելու հնարավորություն, որոնք Վրաստանի քաղաքացիները ստացել են Եվրամիության հետ մերձեցման արդյունքում՝ Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի մուտք, Եվրոպայի երկրների հետ առանց տուրքի առևտուր և այլն:

Նախաձեռնության ամբողջական տեքստը հրապարակվել է 2 փաստաթղթի տեսքով Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարարի աշխատակազմի կայքում:

Դրանցից առաջինը վերաբերում է տնտեսական և առևտրային առաջարկներին, երկրորդը՝ կրթության հարցերին: Ընդ որում, ռուսերենով կարելի է գտնել միայն առաջին փաստաթղթի տեքստը, այն այստեղ է:

Երկու փաստաթղթերի հիմնական դետալները

• Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների նույնականացումը կատարվելու է անձնական համարով, այսինքն՝ առանց քաղաքացիություն նշելու: Այդպես կարելի է գրանցվել որպես ձեռնարկատեր, ինչպես նաև գրանտեր ստանալ, օգտվել բանկերի ծառայություններից և կրթություն ստանալ:

• Հատուկ տնտեսական տարածքի ստեղծում անմիջականորեն Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչական սահմաններին մոտ: Այստեղ առևտրային օբյեկտներ, ավտոշուկաներ, Վրաստանի պետական կառույցների մասնաճյուղեր կտեղակայվեն: Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները ստիպված չեն լինի հեռու գնալ, նրանք կարող են միանգամից այդտեղ գրանցել իրենց բիզնեսն ու ապրանք վաճառել:

• Աբխազիայում և Հարավային Օսիայում արտադրված ապրանքի համար հարկային արտոնություններ: Այն Եվրամիության երկրներ առանց տուրքի արտահանելու հնարավորություններ:

• Աբխազիայում և Հարավային Օսիայում արտադրված ապրանքի չեզոք մակնշում՝ միայն քաղաքի և արտադրողի հասցեի նշմամբ, առանց պետության անվան:

• Հատուկ գրանտային ծրագրեր բիզնեսի զարգացման համար:

• Աբխազերեն լեզվի պաշտպանություն և զարգացում. այդ նպատակով Վրաստանում հատուկ պետական ծրագիր է ստեղծվել:

• Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացիների համար վրացերենով կրթություն ստանալու հնարավորություն (հիմա նրանք այդպիսի հնարավորություն չունեն):

• Վրաստանի համալսարաններ ընդունվելիս 4+1 արտոնյալ համակարգ, որը Վրաստանում արդեն գործում է ազգային փոքրամասնությունների համար (մեկ տարի՝ վրացերեն լեզվի ուսումնասիրման, 4 տարի՝ բակալավրիատի համար):

• Արևմտյան երկրների կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորություն:

Վրացի փորձագետների կարծիքը

Թոռնիկե Շարաշենիձե, Հանրային գործերի վրացական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ծրագրի ղեկավար.

«Հայեցակարգը լավն է, Թբիլիսին իրեն դրսևորել է որպես խաղաղասեր և կառուցողական կողմ: Սակայն նա չի կարող ճեղքել տեղեկատվական բլոկադան՝ օսերին և աբխազներին ցույց տալու, թե ինչպիսին է Վրաստանն իրականում: Դրա համար պետք չէ ռմբակոծել նրանց կառավարական նախաձեռնություններով: Եթե ուզում ես, որ քեզ սիրեն, ցույց տուր մշակույթդ, արվեստդ: Ոչ ոքի մտքով նույնիսկ չի անցել գոնե թարգմանել հայտնի վրացական սերիալներն ու դրանք Յութուբում տեղադրել»:

Պաատա Զաքարեիշվիլի, Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր.

«Դա անթերի փաստաթուղթ է, սակայն՝ անարդյունք: Պատճառն այն է, թե ինչպես է այն «փաթեթավորված»:

2005թ-ին Սահակաշվիլիի կառավարությունը բազմաթիվ լավ գաղափարներ ուներ, սակայն «փաթեթավորումը» նույնն էր՝ «մենք ձեզ առաջարկում ենք»: Եվ ոչ մի նախնական բանակցություն նրանց հետ: Սակայն մարդկանց համար անընդունելի է, երբ ասում ես. «Ես քեզ սա տալիս եմ»: Դա ստիպում է աբխազներին և օսերին հրաժարվել նախագծի մասնակցությունից:

Նախագծում ներկայացված գաղափարները պետք է իրականացվեին աստիճանաբար, առանց որևէ հանրային հայտարարությունների»:

Աբխազ լրագրող և խմբագիր Ինալ Հաշիգ.

«Աբխազ գործարարին այդ նոր նախաձեռնությունը ոչ մի ազատություն չի տալիս: Այն, ինչ Վրաստանն առաջարկում է աբխազ գործարարին, վրացական տնտեսական տարածքի մի մասը լինելն է: Եվ ոչ ավելին:

Սակայն իսկական խաղաղ նախաձեռնությունների համար մի քանի կարճ թեզիսները բավական կլինեին.

  1. Չեղարկել «Օկուպացված տարածքների մասին» օրենքը:
  2. Ապաարգելափակել տրանսպորտային կապերն, առաջին հերթին՝ նավահանգիստներն ու Սուխումի օդանավակայանը:
  3. Աբխազ գործարարներին թույլ տալ ինքնուրույն առևտուր անել աշխարհում առանց «վրացական» կցորդի:

Իսկ այն ամենն, ինչ հիմա առաջարկում է Թբիլիսին, պարզապես մանևրեր են”:

Խորհրդային տարիներին Աբխազիան Վրաստանի կազմում ինքնավար հանրապետություն էր, Հարավային Օսիան՝ ինքնավար շրջան: Երկու հակամարտությունների ժամանակակից պատմությունը սկսվում է մոտավորապես 1980-ականներին:

 

Վրաց-օսական հակամարտությունն ակտիվ մարտական գործողությունների վերաճեց 1991-1992թթ-ին; վրաց-աբխազական հակամարտությունը ռազմական ձև ստացավ դրանից անմիջապես հետո՝ 1992-1994թթ-ին:

 

Մինչև 2008թ-ը հակամարտության երկու գոտիներում էլ տեղակայված էին ԱՊՀ խաղաղության պահպահման կոլեկտիվ ուժեր:

 

2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ երկրներ: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում